2013թ. փետրվարի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան, դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Դանիելյան) որոշեց Իջեւանի զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. նոյեմբերի 13-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ եւ մերժել դատախազության եւ տուժողի իրավահաջորդ Թ. Ենգիբարյանի վերաքննիչ բողոքները: Հիշեցնենք, որ խոսքը 2010թ. դեկտեմբերի 31-ին իրենց ընկերոջը դեղորայք տարած չորս երիտասարդների եւ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի միջեւ ծագած վիճաբանության արդյունքում գրանցված մահվան ելքով դեպքի մասին է: Ծեծված եւ ահաբեկված երիտասարդները փորձել էին փախչել հրամանատարի աշխատասենյակից եւ ցատկել 7 մետր բարձրությունից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ 10 օր անց 20-ամյա երիտասարդը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր:
Նշենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով գնդապետ Ս. Կարապետյանին դատապարտել էր 6 տարվա, իսկ նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 3 տարվա ազատազրկման: Զինվորական դատախազ Ներսես Միսակյանը պահանջել էր Ս. Կարապետյանին դատապարտել 14 տարվա, իսկ Հ. Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: Ամբաստանյալների պաշտպան Մամիկոն Թորոսյանը պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալներին: Պետական մեղադրողը Ս. Կարապետյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քր. օր.-ի 5 հոդվածներով: Դատավոր Զ. Զաքինյանը Ս. Կարապետյանին առաջադրված խուլիգանության եւ մարդու առեւանգման հոդվածներով արդարացրել էր եւ համարել, որ նրան առաջադրված մնացած 3 հոդվածների՝ խոշտանգման, սպանության փորձի եւ պաշտոնական դիրքի չարաշահման՝ (375 հոդվածի 1-ին մաս) գործողությունները միասին վերցրած համապատասխանում են 375 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական դիրքի չարաշահում) չափանիշներին: Արդյունքում՝ գնդապետ Ս. Կարապետյանը դատապարտվեց միայն այդ հոդվածով: Իսկ 3 տարվա ազատազրկման դատապարտված Հրանտ Դալլաքյանը կալանքի տակ չէր, նա համաներումով ազատվեց պատժի կրումից: ՀՀ վերաքննիչ դատարանը, քննելով սույն գործով վերաքննիչ բողոքը, արձանագրեց, որ արարքը չի կարող խուլիգանություն որակվել, եթե այն կատարվել է ոչ հասարակական վայրում, հասարակության անդամների բացակայությամբ, եւ եթե չկան խուլիգանական մղումներ: Վերաքննիչ դատարանը գտավ, որ Ս. Կարապետյանի գործողություններում բացակայում է խուլիգանության հանցակազմը: Վերաքննիչ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում:
Տավուշ