Ռուբեն Հակոբյանի համար ՀՅԴ-ի «դռները» բա՞ց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության՝ արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ լքում է «ժառանգություն» կուսակցությունն ու այլեւս չի ցանկանում ղեկավարել խմբակցությունը: Երեկ խորհրդարանում Հակոբյանի նախկին կուսակիցները հայտարարում էին, թե իրենք չեն կարող մեկնաբանել Հակոբյանի «արարքը»: Իսկ, ահա, Հակոբյանի «նախա-նախկին» կուսակիցները` ՀՅԴ խմբակցության պատգամավորները, ակտիվորեն պատասխանում էին Հակոբյանի վերաբերյալ հարցերին` նշելով, որ վատ բան չեն տեսնում նրանում, որ Ռ. Հակոբյանը կրկին որոշի վերադառնալ ՀՅԴ-ի շարքերը:

«ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Հակոբյանի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամների միջեւ հարաբերություններն արդեն վաղուց են լարված: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ խորհրդարանում Հակոբյանը զբաղեցրեց խմբակցության ղեկավարի պաշտոնը՝ Զարուհի Փոստանջյանին «հանելով» նաեւ իր աշխատասենյակից: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Ռ. Հակոբյանի հետ, որպես խմբակցության ղեկավարի, որեւէ հարց չէր քննարկվում, կուսակցությունում Հակոբյանը տարբերվող տեսակետ էր ներկայացնում, ինչի համար էլ «ժառանգականներն» ավելի էին լարվել Հակոբյանի դեմ:

Այս լարվածությունն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ նոր Սահմանադրության նախագծին: Ավելին՝ նա միակն էր կուսակցությունում, որը հորդորում էր անպայման նախագահական նստավայր գնալ ու հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ու արդեն խորհրդարանում նոր Սահմանադրության քննարկման ժամանակ Հակոբյանն ակնհայտ ցույց էր տալիս, որ ինքը «իշխանությունների «հետ» է, ավելին՝ երբ նշվում էր, թե «ժառանգություն»-ը «ոչ»-ի ճակատում է՝ Հակոբյանը հորդորում էր հետեւել խմբակցության անդամների հայտարարություններին:

Արդյունքում` Ռ. Հակոբյանը որոշեց ժամանակից շուտ լքել «կռվի դաշտը», քանի որ այլեւս անհնար էր դառնում այդ երկատված վիճակը: Երեկ «Ժառանգություն» կուսակցությունում վարչության նիստ է տեղի ունեցել, որին, սակայն, չի մասնակցել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդուհանդերձ` նիստում որոշվել է, որ խմբակցությունը կրկին ղեկավարելու է Զարուհի Փոստանջյանը:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց զրուցել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Ռ. Հակոբյանին ՀՅԴ-ում «ապաստան» են տալու, եթե նա նման խնդրանքով դիմի: «Եթե պարոն Հակոբյանը կամ որեւէ անձ ցանկանա կրկին վերադառնալ ՀՅԴ, ապա մենք այդ հարցը կքննարկենք ու կտեղեկացնենք: Մենք Ռուբեն Հակոբյանին դավաճան չենք համարում, ու նա արտաքսված չէ կուսակցությունից: Կլինի դիմում, կքննարկենք ու կեզրակացնենք, այսօր որեւէ նման հարց չկա, Ռ. Հակոբյանն այդ հարցի հետ կապված որեւէ ցանկություն չի հայտնել»,- նշեց Վարդանյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս