ԹԱՏՐՈՆԻ 90-ԱՄՅԱԿՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՆՇՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք թատրոնի ապագա ծրագրերից եւ ընթացիկ նախագծերից: Խոսեցինք նաեւ այն մասին, թե ինչու թույլ չեն տվել, որպեսզի «Փսիխոզ 4.48» ներկայացումը կրկին խաղան թատրոնի բեմում: Հիշեցնենք, որ մեզ հետ հարցազրույցում ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը հավաստիացնում էր, թե Տիգրան Գասպարյանը դեմ է եղել ներկայացման վերականգնմանը` ելնելով, իր իսկ խոսքով, ստեղծագործական նախանձից եւ անձնական դրդապատճառներից:
-Պարո՛ն Գասպարյան, անցած տարի մայր թատրոնի 90-ամյակն էր, բայց կարծես չնշվեց…
-Անպայման նշվելու է: Ոչ մի արտասովոր բան չկա, որ մի քանի ամիս հետո է նշվում թատրոնի հոբելյանը: Այս անգամ սովորական երեկոյի պես չի լինելու, պատրաստել ենք հոբելյանական ներկայացում, նաեւ գիրքն է տպվել, ֆիլմ է նկարվել: Ոչ ոք չի անտեսել մեր հոբելյանը:   
-Մեր տեղեկություններով՝ թատրոնը բավականաչափ միջոցներ չուներ:
-Նման բան գոյություն չունի, այլ հարցեր կային: Որ մի քիչ էլ հետաձգվեց, ցանկացանք ավելի լավ նշել, չէինք ուզում՝ ուղղակի ստանդարտի մեջ ներկայացում լինի:
-Թատրոնի խաղացանկում նոր ներկայացումներ կա՞ն:
-Որպես գլխավոր ռեժիսոր՝ նշանակվել եմ անցած տարի հունվարի 9-ին, անձամբ ես անցած տարի երկու ներկայացում եմ բեմադրել. մեկը՝ «Ջոն արքա»-ն` արված անգլիացիների պատվերով, որով գնացինք Շեքսպիրյան փառատոնին ու փառք ու պատվով հետ եկանք, մյուսը` Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց»-ը:
-Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ մեր թատերական աշխարհը հետ է մնում աշխարհի թատերական անցուդարձից:
-Չեմ կարող համաձայն լինել, չլինի` միայն ինձնից եմ խոսում, բայց էդպես մտածողներին երանի եմ տալիս՝ մեր կողքին լինեին Անգլիայում, որտեղ 37 տարբեր թատերախմբեր էին մասնակցում, ու «Գլոբուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց. «Այն, ինչ դուք խաղացիք ու այս ներկայացումը դաս էր մեզ համար»: Այս խոսքերն ասվեցին Շեքսպիրի տանը: Հիմա ես այդ մարդկա՞նց լսեմ, թե՞ այն, որ ասում են` մենք հին ենք: Դե ուրեմն ամբողջ աշխարհում չգիտեն` նոր շունչն ինչ բան է, միայն այստեղ գիտեն, այն էլ մի երկու հոգի:
-Ձեզանից բացի, թատրոնում կա՞ն այլ ռեժիսորներ:
-Հրավիրվում են ուրիշ ռեժիսորներ, հիմա էլ այդ նախագծերը սեղանիս դրված են, ես չեմ անելու այդ ներկայացումները: Ուզում եմ երիտասարդներին բերել, որոնք, գիտենք, որ շնորհքով են, բայց դեռ մեծ բան չեն արել: Իսկ կան այնպիսիք, որ ե՛ւ արել են, ե՛ւ ուզում են անընդհատ իրենք արած լինեն:
Երկու ներկայացում եմ արել մի տարվա մեջ, ինչը խայտառակ ծանրաբեռնվածություն էր ինձ համար ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես: Դրա համար ինձ անհրաժեշտ է, որ ուրիշներն էլ անեն, բայց ես ամեն պատահական մարդու չեմ վստահելու այս բեմը:
-Ռեժիսորներից մեկը` Սուրեն Շահվերդյանը, մի առիթով դժգոհեց, որ ինքը մեծ ցանկություն ուներ Սունդուկյանի բեմում խաղալ «Փսիխոզ 4.48» ներկայացումը, բայց Դուք դեմ եք եղել` պատճառաբանելով, որ բեմը զբաղված է, եւ իր ներկայացումը վերանայելու համար ժամանակ չունեք:
-Նախ՝ այդ ներկայացումը չի խաղացվում իմ նշանակումից դեռ շատ ու շատ տարիներ առաջ՝ մոտավորապես 4 տարի: Այդ ներկայացման մեջ մեծ մասը զբաղված էին ուրիշ թատրոններից, ներկայացումն էլ խաղացվում էր ռուսերեն: Ինչքանո՞վ էր ճիշտ, որ ազգային թատրոնում խաղացվեր ռուսերեն ներկայացում: Ես ինքս ռուսախոս եմ, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է:
-Միայն լեզո՞ւն է եղել պատճառը:
-Ոչ միայն ես, նաեւ գեղխորհուրդը որոշեց, որ այդ ներկայացումը վերականգնելու իմաստ չունի: Նոր ներկայացումներ են պետք, թե չէ հին լավ ներկայացումներ շատ կան, բոլորը վերականգնե՞նք:  
Իր համար հեշտ էր, որ հայրն էր այստեղ, հիմա չկա, ի՞նչ անենք: Իսկ ինչո՞ւ ինքը չի մտածում մի բան, որ 13 տարվա ընթացքում որեւէ երիտասարդ ռեժիսոր, իրենից բացի, այս թատրոնում բեմադրություն չի արել: Ոչ մի, թող մի երիտասարդ ռեժիսորի անուն ասի, իրենից բացի:
-Այսինքն` արտոնյալ պայմաններ է ունեցել, հիմա էլ դժգոհո՞ւմ է:
-Այնքան, ինչքան ինքն է հյուրախաղերի գնացել, ոչ ոք չի գնացել: Լավ է արել՝ գնացել է, ուրախ ենք, բայց մենակ ես եմ, մենակ իմն է` այդպես չի կարելի:
-Նույն Սուրեն Շահվերդյանի կողմից կարծիք հնչեց, որ իր առաջ դռներ փակելը ստեղծագործական նախանձի դրսեւորում է, եւ որ երիտասարդներին թույլ չեն տալիս առաջ գնալ:  
-Դե սովորել է շտամպային արտահայտություններով խոսել, մի երկու-երեք համախոհներ է գտնում թատրոնից, ու սկսում են ֆեյսբուքյան խոսակցությունները: Ի հակադրումն իր խոսքերի՝ ես նշեցի, որ այս տարի մեր թատրոնում ուրիշ երիտասարդ ռեժիսորներ են բեմադրություններ անելու: շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս