Ակտիվիստներին պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ դավաճանների՞. իշխանությունը հասավ իր նպատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն պնդումը, թե «ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում», կյանքի ընթացքում անընդհատ հաստատվում է: Այս անգամ հերթը քաղաքական գործիչ եւ քաղաքացիական ակտիվիստ եզրույթների «հակամարտության» հանգուցալուծումն է:
Հայաստանի իշխանություններն արդեն մոտ տասը տարի է՝ հետեւողականորեն անարգում, արժեզրկում եւ փչացնում են քաղաքականության, կուսակցությունների ու քաղաքական գործչի դերը: Տարիներ շարունակ իշխանությունները հանրության գիտակցության մեջ ներարկում են, որ քաղաքականությունն անբարոյականություն է, քաղաքական գործիչները խաբեբա են, անգրագետ, անբարոյական եւ այսպես շարունակ: Այսինքն՝ իշխանություններն այս ընթացքում ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքական դաշտում իրենց գոյությունն արդարացնեն եւ լայն մասսաները վարկաբեկված լինելու ահից զերծ մնան քաղաքականությամբ ակտիվ զբաղվելուց:

Քաղաքականության վարկաբեկման ամենացնցող օրինակը 2009-ի դեկտեմբերի 24-ին այն ժամանակ դեռեւս ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարությունը, թե «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ: Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար: Եթե պատահական դառնա գործարար, կարճ ժամանակ հետո կունենա ֆինանսական պրոբլեմ եւ կսնանկանա, իսկ մեկը կարող է պատահական ընտրվել պատգամավոր եւ 5 տարի դառնա քաղաքական գործիչ»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ հայտարարությամբ Աբրահամյանն իրեն եւ իր կուսակից գործիչներին էր վարկաբեկում:

Իրականում անխելք կամ «քիչ խելոք» մարդը չի կարող պատահական պատգամավոր դառնալ, քանի որ ընտրողը միշտ պահանջկոտ է: Պատահական մարդիկ պատգամավոր դառնում են միայն կեղծիքների, այդ թվում նաեւ՝ մարդկանց կաշառելու եւ ահաբեկելու միջոցով, հենց դա է պատճառը, որ նմաններին կարելի է հանդիպել միայն ՀՀԿ-ում եւ մնացած իշխանական քաղաքական ուժերի շարքերում:
Ինչեւէ: Թեմայից չշեղվենք: Իշխանություններն այնքան արժեզրկեցին քաղաքականությունը, որ բոլորը խուսափում են այդ երեւույթի հետ առնչություն ունենալ: Արդյունքում՝ վերջին տարիներին մենք ականատես ենք, թե ինչպես իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդները, որոնց ընդունված է անվանել քաղաքացիական ակտիվիստ, քաղաքականություն բառից վախենում են:

Նոր-նոր ինչ-որ գործունեություն ծավալել պատրաստվող երիտասարդները քաղաքականությանը եւ քաղաքական գործիչներին վերաբերվում են իբրեւ մի եղկելի երեւույթի: Այս երեւույթը մեծ թափ ստացավ վերջին 2-3 տարիներին: Այսինքն՝ իշխանությունները լիարժեք հասան իրենց նպատակին. ՀՀ քաղաքացին այլեւս չի համարձակվում քաղաքական գործընթացներին միջամտել, իսկ քաղաքականությամբ զբաղվելը, առավել եւս կուսակցական դառնալն ընդհանրապես ամոթալի մի բան է դարձել, եւ մոտեցման հիմնական տարածողներն էլ դարձել են մերօրյա քաղաքացիական ակտիվիստները: Գագաթնակետը եղավ այս տարվա հունիսի 22-ից մեկնարկած եւ մոտ երկու շաբաթ տեւած էլէներգիայի սակագնի դեմ ծավալված բողոքի ցույցերը, որի կազմակերպիչը մի խումբ երիտասարդներ էին: Քաղաքականություն բառը լսելիս բողոքի ակցիայի կազմակերպիչներն այնպես էին փախչում, կարծես ինչ-որ մեկը ցանկանում էր իրենց հայհոյել կամ ազգով մեկ խայտառակել: Երիտասարդները կոնկրետ քաղաքական իրադարձություն էին կերտում, բայց պնդում էին, թե իրենց քաղաքականության հետ չկապեն:

Այսօր արդեն իրադարձությունների բերումով մենք ականատես ենք պետական դավաճանության մի դեպքի, որի հեղինակը հանրությանն իբրեւ քաղաքացիական ակտիվիստ ներկայացած մի երիտասարդ է: Արդյոք սա նշանակում է, որ քաղաքացիական ակտիվիստներին այսուհետ անհրաժեշտ է վերաբերել իբրեւ պոտենցիալ դավաճանների: Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որով քաղաքացիական ակտիվիստների մի մասը վերաբերվում են քաղաքականությանը եւ քաղաքական գործիչներին, ապա ստացվում է, որ լրագրողներն այս կամ այն երիտասարդ քաղաքացիական ակտիվիստի կամ խմբի գործունեություն լուսաբանելուց առաջ մի լավ պետք է մտածեն: Սակայն իրականությունն այն է, որ աշխարհում միայն մեկ մասնագիտություն գոյություն ունի, որով զբաղվելն անբարոյականություն է:

Մնացած բոլոր դեպքերում վատն ու լավը, բարոյականը եւ անբարոյականը պայմանավորված են տվյալ անձով: Ասել կուզի՝ ամեն անգամ, եթե որեւէ քաղաքացիական ակտիվիստի մտքով կանցնի քաղաքականություն կամ քաղաքական գործիչ երեւույթի մասին որեւէ վատ որակում հնչեցնել կամ գրել (խոսքը չի վերաբերում կոնկրետ կուսակցությունների կամ քաղաքական գործիչների արարքին համարժեք տրվող գնահատականներին), թող մի հատ հայելու մեջ նայի, կարող է ինքն էլ է պատրաստվում Բաքվին հանձնվել…

Վահագն Հովակիմյան




Լրահոս