Էլէներգիայի թանկացման «պտուղները»` շուտով. ՓՄՁ-ները կանգնած են լուրջ վտանգի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում առաջիկայում Հայաստանում թանկացումների նոր ալիք կբարձրանա: Բանն այն է, որ սպառողներն արդեն ստացել են օգոստոս ամսվա հաշիվները, եւ մանր ու միջին ձեռնարկատերերից շատերը ներկայումս կանգնած են իրենց գործունեությունը դադարեցնելու խնդրի առաջ:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում գործարար դաշտը հերթական անգամ գնալու է նոր թանկացումների, քանի որ օգոստոսի 1-ից ստիպված է լինելու սպառած էլէներգիայի վարձը 16 տոկոսով ավել վճարել: Գործարարները լավ գիտեն, որ այդ թանկացումը մեծ հարված է հասցնելու ոչ միայն սպառողի, այլեւ հենց իրենց՝ արտադրողների գրպանին:

Եվ, այնուամենայնիվ, նրանք դեռեւս չեն շտապում իրենց արտադրանքի գները բարձրացնել, այլ մանրակրկիտ հաշվարկներ են անում՝ հնարավորինս զերծ մնալու համար թանկացումներից: Քանի որ այս ամենի արդյունքում իրացման ծավալները էլ ավելի կնվազեն: Օրինակ՝ «Թամարա ֆրուտ» պահածոների արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում ընկերության արտադրանքը թանկացնել: «Գները կմնան նույնը, ոչ մի փոփոխություն չեմ անելու, որովհետեւ ես արդեն պայմանագրեր ունեմ կնքած եւ չեմ կարող գնային փոփոխություններ անել: Կփորձեմ ընկերության մարժայից դուրս բերել եւ իմ շահույթի հաշվին չթանկացնել»,- լրացրեց Հովհաննիսյանը:

Սակայն քիչ չեն այնպիսի ընկերությունները, որոնք չեն կարող դիմանալ այսպիսի պայմաններին եւ կհայտնվեն սնանկացման եզրին: Այդպիսի վտանգի առջեւ է ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գործող «Արմավիր ֆերմեր» ընկերությունը, որը ձկնամթերքի արտադրությամբ է զբաղվում:

Ընկերության տնօրեն Ազատ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստվում է դադարեցնել արտադրությունը: «Մենք միանգամից փակվում ենք, ինչ կա-չկա մաքրում ենք ու չենք աշխատելու: Էլէներգիան այնքան թանկացավ, որ մարդիկ սկսել են ինքնահոս ջրերով ձուկ արտադրել, իսկ մենք էլէներգիայով ենք արտադրում: Հիմա դա ի՞նչ անենք, հետո ո՞ւմ ծախենք այդ ձուկը: Ես այլեւս ձկան արտադրությամբ չեմ զբաղվելու, գուցե մեկ այլ գործով զբաղվեմ, ով գիտի: Բայց անհնար է այս պայմաններում աշխատել»,- վրդովված նկատեց Հարությունյանը: Ի դեպ, այս ընկերությունը երբեւէ արտահանում չի իրականացրել: Իսկ եղած արտադրանքն էլ սպառել է միայն ներքին շուկայում. «Մարդ իր սեփական երկրում եթե չի կարողանում աշխատել, ապա արտահանմամբ ինչպես զբաղվի»:

«Ժողովուրդ»-ը գործարարից տեղեկացավ, որ այս օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից բոլոր գործարարներին «հրավիրում են» ընկերություն եւ առաջարկում ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք տեղյակ են, որ էլէներգիան մոտ 7 դրամով թանկացել է:

Էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման հետեւանքով անելանելի դրության մեջ են հայտնվել նաեւ մարզերի ՓՄՁ-ները: Օրինակ՝ Շիրակի մարզում գործող «Բանդիվան» կաթի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Աղաս Գեղամյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ օգոստոս ամսվա սպառած էլէներգիայի հաշիվներն արդեն ստացել են: «Մենք հիմա հաշվարկներ ենք կատարում: Արդեն նոր սակագնով տարբերությունը մեծ է, բայց այս պահին չեմ կարող նշել, թե որքան: Ամեն դեպքում, ահագին մեծ է եղել տարբերությունը»,- ասաց «Բանդիվան»-ի ներկայացուցիչը:

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ էլէներգիայի նոր սակագնի արդյունքում հնարավո՞ր է` ընկերությունը աշխատակիցներ կրճատի կամ արտադրանքը թանկացնի: Հարցին ի պատասխան՝ Գեղամյանն ասաց. «Այս պահին հստակ չենք կարող ասել: Այս ամսվա վերջին ամեն ինչ պարզ կդառնա: Առաջիկա երկու ամսվա հաշվարկի դեպքում այդ հարցերը կքննարկենք: Ճիշտ է՝ մենք հիմա կսկսենք վնասով աշխատել, բայց ինչ արած: Դեռ պետք է քննարկենք»:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում գոյության խնդրի առջեւ են հայտնվել ոչ միայն ձկնաբույծները, այլեւ թռչնաբույծները: Ինչպես հայտնի է՝ էլեկտրաէներգիան ավելի մեծ քանակությամբ սպառում են հենց այս արտադրություններում: Ձու եւ թռչնամիս արտադրող գործարարների խոսքերով՝ նշված ապրանքների թանկացումները կսկսվեն նոյեմբեր ամսից: Մի շարք թռչնաբույծներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, թե հույս չունեն, որ Կառավարությունն իրենց այս հարցում կաջակցի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս