Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Անդրանիկ Զաքարյանը նշում է, որ թատրոնում վերանորոգման աշխատանքների հետ կապված դերասանների գործն առաջիկայում հեշտ չի լինի, բայց ամեն մեկն ապրելու իր տարբերակը գտել է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ կնոջ հետ տարիներ շարունակ նույն թատրոնում խաղալու հանգամանքին` խոստովանելով, որ չի սիրում նրա հետ ընդգրկվել սիրային տեսարաններում:
-Անդրանի՛կ, Սունդուկյանի անվան թատրոնում վերանորոգման աշխատանքների հետ կապված դերասանների զբաղվածության աստիճանը չի՞ նվազել, այդ ամիսների ընթացքում որտե՞ղ եք աշխատելու, դժվար չի լինի՞ գոյատեւելը:
-Թատրոնում մեր աշխատանքը չի դադարել, մենք խաղալու ենք ներկայացումներ Պարոնյանի թատրոնում, արդեն այս ամիս նախատեսված է ներկայացնել երկուսը: Բացի այդ` կլինեն հյուրախաղեր Հայաստանի տարբեր քաղաքներում` Վանաձոր, Գյումրի եւ այլն: Այսինքն` այնպես ենք արել, որ պարապուրդի մեջ չընկնենք: Եվ հետո, մենք հնարավորություն ունենք օգտվելու Սունդուկյանի փորձասենյակներից: Դերասանների համար, իհարկե, այս ընթացքում դժվար կլինի ապրել, բայց գոնե հետո վերանորոգված բեմում աշխատելն ավելի լավ է լինելու:
Դերասանների մեծ մասը բիզնես ունի, աշխատում է բոլորովին այլ բնագավառում, կան այնպիսիք, որոնք անգամ գիշերային աշխատանք են անում, հեռուստատեսությունում են աշխատում եւ այլն. այսինքն` ամեն մեկն ապրելու իր տարբերակը գտել է: Ես էլ կողքից իմ կողմնակի աշխատանքն ունեմ: Առանց ամաչելու կասեմ, որ 76 հազար դրամով մեր ղեկավարներից որեւէ մեկն ապրել չէր կարող. մեր թատրոնի երիտասարդ սերնդի աշխատավարձն այդքան է կազմում:
-Մի ժամանակ Ձեզ տեսնում էինք սերիալներում, «Կյանքի կարուսել» հեռուստանախագծում, ինչո՞ւ այլեւս էկրաններին չեք երեւում:
-Եթե լավ առաջարկ ունենամ, կընդունեմ: Մեկ տարի առաջ հրավեր ունեցա` չհամաձայնեցի. երբ տեսնում ես, որ ոչ դերասաններին, չնայած մասնագետների եւ քաղաքացիների դժգոհությանը, նկարում են երկու-երեք տարի, իսկ դերասանին ասում են` արի մի օր նկարվի, տեսնենք` ինչ կլինի, համբերությունդ արդեն սպառվում է:
-Տարիներ շարունակ Ձեր կնոջ` Արաքսյա Մելիքյանի հետ խաղում եք նույն թատրոնում, երբեմն նաեւ` նույն ներկայացման մեջ: Ձեր միջեւ ստեղծագործական վեճեր ծագո՞ւմ են:
-Շատ-շատ են լինում նման վեճեր, հաճախ իրար չենք հավանում ամենատարբեր կերպարներում, իրար հետ անկեղծորեն զրուցում ենք, եւ այդ վեճը տուն չենք հասցնում: Եվ հետո, եթե թատրոնին վերաբերող մի հարցի շուրջ վիճենք, այնպես չէ, որ դրանից հետո կինս ինձ տանը մեկ բաժակ սուրճ չի տա (ծիծաղում է): Առհասարակ, եթե կնոջս ներկայացմանն առնչվող որեւէ բան եմ ուզում ասել, աշխատում եմ մինչեւ նրա բեմ դուրս գալն այդ մասին չխոսել, որպեսզի այն, ինչ նա նախօրոք կառուցել է, չփլվի: Դերասանը շատ ըմբոստ է, երբ նրան ասում են, թե ինչ-որ բան այն չէ, նա միանգամից սկսում է պաշտպանվել: Երկու-երեք ներկայացումից հետո նոր կարելի է ինչ-որ խորհուրդ տալ:
-Ընտանեկան հարցերն է՞լ եք այդպես դիվանագիտորեն լուծում:
-Չէ, ընտանիքում`չէ, իրականում այդքան դիվանագիտորեն չեմ մոտենում ամեն ինչի, ինչպես թվում է:
– Ձեր կնոջ հետ երբեմն սիրային տեսարաններում եք խաղում. այդպես ավելի հե՞շտ է, քանի որ ստիպված չեք ձեւացնելու, թե սիրահարված եք, թե՞ բեմում սեր խաղալն արդեն ուրիշ բան է:
-Չեմ սիրում կնոջս հետ սիրային տեսարաններում խաղալ. ավելի լավ է` նրա փոխարեն ուրիշ մեկը լինի: Մի անգամ կնոջս հարցրեցի, ասացի` պատճառն ինչ է, որ մենք չենք ուզում դա, կինս ասաց` երեւի մենք մեր սերը վաղուց ապրել ենք. այսինքն` ոչ թե էլ չենք սիրում իրար, այլ այդ թրթիռները, զգացումը նոր չէ մեզ համար: Օրինակ` հեռուստատեսությունում էլ ինձ անընդհատ առաջարկում էին կնոջս հետ նման տեսարաններում խաղալ, ու թե՛ ես, թե՛ ինքը դրանից նեղսրտում էինք:
-Իսկ Բեմում Արաքսյայի համա՞ր եք ավելի շատ հուզվում, թե՞ ինքներդ Ձեր:
-Երբեմն, երբ ես երկրորդական դեր եմ խաղում, ինքը` գլխավոր, մի ակնթարթ նայում եմ, տեսնեմ` ինչ վիճակի մեջ է, պահ է լինում, նույնիսկ հուզվում եմ` հասկանալով, որ նա տվյալ տեսարանում շատ լավ է խաղում:
-Որքան գիտենք` Ձեր տղան էլ է հասցրել «բեմում փոշոտվել»: Նրան Ձեր ուղով եք տանո՞ւմ:
-Տղաս արդեն մի քանի ներկայացման մեջ խաղացել է, ինքն ասում է, թե պարզապես օգնում է թատրոնին, բայց ես ու կինս վախեցած ենք` հանկարծ դերասանի ուղին չբռնի, կուզենանք` ավելի լուրջ մարդ դառնա (ծիծաղում է)…
Աննա Բաբաջանյան