«Ընկերներս ինձ «տեռորի են ենթարկում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արթուր Ալեքը չի ուզում, որ իրեն հիշեն «X Factor», «Պրեմիերա» նախագծերից. նա ուզում է ապացուցել, որ ինքը վերջին տարիներին որպես երգիչ աճել է, եւ հարկավոր է իրեն ընկալել որպես անհատ:

«Այդ մրցույթներն ընդամենը առաջին քայլ անելու հնարավորություն են տալիս, ուստի դրանց միջոցով ճանաչում ստանալուց հետո գալիս է մի պահ, որ եթե ինքնուրույն չդրսեւորվես, այն, ինչ ունեցել ես նախկինում, կկորցնես: Հիմա հենց նոր երաժշտական նախագիծ է լինում, ընկերներս ինձ «տեռորի են ենթարկում», ասում են` գնա՛, մասնակցի՛ր: Իսկ ես պատճառաբանում եմ, որ այդ մրցույթներին մասնակցելուց հետո երկար ժամանակ դժվար է լինում ազատվել դրանց անվան պիտակից, որը դաջվածքի պես կպչում է երգչին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ Արթուրը` հավելելով, որ եթե նույնիսկ որեւէ երաժշտական մրցույթի մասնակցի, դա չի լինի Հայաստանում, այլ արտերկրում:

Արթուրը, ով գրում է երգեր փոփ, սոուլ, ֆանկ ժանրերում, տեղեկացրեց, որ արդեն երկու ձայնասկավառակի համար նյութ ունի, սակայն չունի համապատասխան ֆինանսական միջոցներ` դրանք թողարկելու համար:

Երգիչը նաեւ տեղեկացրեց, որ ունի իր բենդը, որի հետ միասին հանդես է գալիս երեւանյան ակումբներում: Սակայն այստեղ էլ ազատ ստեղծագործողի համար առկա են որոշակի խնդիրներ. «Թվում է, թե ակումբ եկող մարդիկ բաց են նորությունների համար, բայց այստեղ էլ դժվար է սեփական արվեստը «ներարկելը»:

Ակումբներում էլ հանդիսատեսը ցանկանում է լսել շատ հայտնի երգերի cover տարբերակներ, ակումբներն ունեն իրենց կանոնները, երգիչն էլ պետք է ստիպված հաճոյանա հանդիսատեսին: Այնինչ՝ արտիստին պետք է ազատություն տալ, այլապես դժվար է այդ սահմանների մեջ աշխատելը: Եվ եթե ակումբներում նման խնդիր կա, պարզ է, որ լայն մասսաների հետ աշխատելիս դա ավելի ցայտուն է»,-մեկնաբանեց նա:

Երգիչը նաեւ տեղեկացրեց, որ արտերկրի արտիստներից մեկի հետ համագործակցության հնարավորություն է ունեցել, սակայն այս պահին այդ գործընթացի մասին որեւէ բան ասել չի կարող. նա այն կարծիքին է, որ հետագայում էլի կլինեն նման համագորածակցություններ: Արթուրը նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում իր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս