Համացանցային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում կարծես թե թղթաբանական գործընթացները վերանում են` փոխարինվելով էլեկտրոնային փաստագրությամբ: Մեզանում, սակայն, այդ անցումը հաճախ արվում է չափազանց կտրուկ` առանց համապատասխան նախապատրաստական միջոցառումների իրականացման: ՀՀ հարկային ծառայությունը վստահեցնում է, որ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը նախատեսված է պարզեցնելու հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը եւ ավտոմատացնելու հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը: Սակայն դրա մեխանիզմից օգտվելու համար հաշվապահը կամ գործարարը պետք է տիրապետի առնվազն համակարգչային մի քանի ծրագրերի: Արդյունքում՝ հաշվետվությունները բեռնելու եւ ուղարկելու համար հարկատուները ծախսում են մի քանի ժամ, նույնիսկ օրեր: Այս օրենքը գործում է 2013թ. հունվարի մեկից:
ՀՀ հարկային ծառայության էլեկտրոնային կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրություն ստացած հարկ վճարողը պարտավորվում է հարկային մարմին ներկայացնել ՀՀ oրենսդրությամբ նախատեսված հարկային եւ պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով` “Հարկերի մասին” ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) N2 հավելվածով սահմանված կարգով, իսկ հարկային մարմինը պարտավորվում է ընդունել ներկայացված հաշվետվությունները, եթե դրանք ներկայացված են օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով:
Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կկատարի անհրաժեշտ ստուգումներ դաշտերի լրացման եւ մաթեմատիկական հաշվարկների ճշտությունն ապահովելու նպատակով: Այն կդառնա հաշվետվությունների վրա աշխատելու հարմարավետ եւ վստահելի գործիք, անմիջապես կարտացոլի օրենսդրական եւ նորմատիվ բոլոր փոփոխությունները, որոնք առնչվում են հաշվետվությունների ներկայացմանն ու հարկային պարտավորությունների հաշվարկման դրույքաչափերին եւ բանաձեւերին:
“Որպես գործարար՝ բոլոր հաշվետվություններն արդեն պետք է ներկայացնեմ էլեկտրոնային տարբերակով, բայց ես չեմ կարողանում օգտվել այս մեխանիզմից, ու ոչ ոք ինձ չի բացատրում: Տվել են մի թուղթ, որով ընդամենը ծրագրերի անուններն եմ կարդացել: Չես կարողանում, ուրեմն տուգանվի՛ր”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհեց հաշվապահի տասնամյա փորձ ունեցող 51-ամյա Անահիտ Գեւորգյանը:
Տիկին Անահիտի համոզմամբ՝ կան հաշվապահներ, որոնք համակարգչին բացարձակ չեն տիրապետում եւ սովոր են իրենց ավանդական թղթաբանության տարբերակին. “Ու հիմա նրանք փաստի առաջ կկանգնեն` կա՛մ ընդհանրապես տվյալ աշխատատեղը կլքեն, կա՛մ էլ թոշակի գնալուց մեկ տարի առաջ ստիպված կնստեն ու կուսումնասիրեն դրանք: Հնարավոր է նաեւ, որ այս օրենքի շրջանառվելուց հետո տասնյակ հաշվապահներ իրենց աշխատանքին հրաժեշտ տան”:
Իսկ 48-ամյա Գառնիկ Կարապետյանը կարծում է, որ այս ծրագրի պատճառով մարդիկ դեռ կտուգանվեն, քանի որ հնարավոր է՝ սկզբնական շրջանում շատ սխալներ թույլ տան: “Սովորական մարդիկ, օրինակ` գյուղերում, խանութ են դրել ու աշխատեցնում են. մի հատ ՀԴՄ տպող սարք են գտել ու իրենց համար հազիվ դա են կարողանում աշխատեցնել: Էս ծրագրով նրանք ինչպե՞ս են աշխատելու: Մտածե՞լ են դրա մասին”,-վրդովված ներկայացրեց Գառնիկը` թվարկելով այն “անթիվ” գործողությունները, որոնք պետք է կատարվեն, մինչեւ էլեկտրոնային ստորագրություն դնելը:
Գառնիկն առաջարկում է, որպեսզի ՀՀ հարկային ծառայությունը գոնե մի քանի համակարգչային ծրագրավորողներ վարձի, որոնք շրջեն ու մարդկանց հետ բացատրական աշխատանքներ իրականացնեն. “Ճիշտ է, սարքի հետ միաժամանակ թուղթ կա, բայց դրա մեջ միայն գրված է` սեղմում եք սա, սեղմում եք այն, հետո գրանցում, բայց ախր մարդ կա, որ մի տառի փոխարեն մեկ ուրիշն է սեղմում, եւ սկսվում է”:
Նրա խոսքով՝ սա նոր բան չէ, կազմակերպություններ կան, որոնք վաղուց են աշխատում այս համակարգով, սակայն հունվարի 1-ից դա արդեն պարտադիր է բոլորի համար: Իսկ ԱՁ-ները կարող են այս համակարգով չաշխատել այն դեպքում միայն, երբ չունեն վարձու աշխատողներ:
Նշենք, որ հաշվետվությունների ներկայացման համար հարկ վճարողին անհրաժեշտ տեխնիկական պայմաններն են` ինտերնետ համակցում 128 Կբիթ/վրկ եւ ավելի արագությամբ, Intel Pentium 3 եւ բարձր համակարգիչ, 512 MB հիշողությամբ, 50 Gb տարողությամբ կոշտ սկավառակով եւ DVD սարքավարով, Windows XP, Vista գործողությունների համակարգ, Internet Explorer կամ Mozilla Firefox ծրագիր ու Adope Acrobat Reader կամ Adope Acrobat Professional, “Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ” ԲԲԸ-ից (ՀՎՀՀ` 02707093) ստացված էլեկտրոնային թվային ստորագրություն, հարկային մարմնից ստացված էլեկտրոնային ծածկագիր եւ գաղտնաբառ:
Տեղեկացնենք, որ հարկային մարմինը պատասխանատու չէ էլեկտրոնային ստորագրության վավերության եւ դրա հետ կապված հարցերի հետեւանքով հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու, ինտերնետ կապի կամ հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի եւ ծրագրերի խափանման, էլեկտրոնային ստորագրության, ծածկագրի կամ գաղտնաբառի կորստյան կամ այլ եղանակով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում տեղեկությունները պատշաճ չներկայացնելու համար: Իսկ հարկային մարմնի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետեւանքով հարկ վճարողին պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն իրական վնասի չափով, իսկ բաց թողնված օգուտը հատուցման ենթակա չէ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ