Ավան վարչական համայնքում Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջնարդյունքում, իհարկե, թիվ մեկ ընտրատարածքում, ՀՀԿ-ական թեկնածուն ձայների թեեւ չնչին առավելությամբ, բայց հաղթանակած է դուրս եկել` Նոր Նորք վարչական համայնքի մի մասի շնորհիվ: Խոսակցություններ եղան, որ ՀՀԿ-ում դժգոհություններ են հնչել այդ պատկերից, մինչդեռ, Ավան վարչական համայնքում գրանցած արդյունքներից թիվ մեկ ընտրատարածքից մեծամասնականով ընտրված պատգամավոր, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը գոհ է:
Այսօր այդ մասին նա հայտարարեց խորհրդարանում`լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան ինքը ժամանակին՝ խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. “Դե սենց ասեմ, Ավանը հաղթել է, Նոր Նորքը հաղթել է, այսինքն գումարելիների տեղերը գումարում ես, գումարը չի փոխվում, նորմալ է”: Լրագրողների դիտարկմանը, թե Ավանի ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանը պարտվել է, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. “Չէ, Ավանը չի պարտվել, Ավանը հաղթել է: Արդեն ասեցի, գլխավորը հաղթանակն է, թե որքան ձայնով է այդ հաղթանակը, դա այդքան էլ էական չէ”: Ռոբերտ Սարգսյանն այդպես էլ չասաց, թե ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանն իրենից քիչ ձայներ հավաքեց: Բայց այն հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվի, ծիծաղելով արձագանքեց՝ չէ:
aravot .am