ՀՀԿ-Ի ՏԱՏԻՆ ԵՎ «ՈՉ ԹԱԼԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության վերջին՝ անցած ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքը եւ դրան հաջորդած դեպի Բաղրամյան երթ-նստացույցը բազմաթիվ հարցերի տեղիք տվեցին: Ինչպես հայտնի է՝ մի քանի ժամ անց ոստիկանությունն առանց ավելորդ աղմուկի ցրել էր ակցիան, եւ այդքանով ամեն ինչ ավարտվեց: Ի վերջո, հարց է ծագում՝ ինչ խնդիր էին ցանկանում լուծել հանրահավաքի երիտասարդ կազմակերպիչները, արդյո՞ք նրանց նպատակն այն էր, որ գնային Բաղրամյան, եւ ոստիկանությունը գար, իրենց առանց աղմուկի այնտեղից հեռացներ, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանային ասեին, որ տեսեք, թե էլ չենք ծեծում:
Մի խոսքով՝ էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները: Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձեւավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները գնալով մարդաշատ էին դառնում, բոլորն իրենց խախտված իրավունքների համար հինգշաբթի օրերին գնում էին Կառավարության դիմաց բողոքելու: Այս խնդիրն իշխանությունները լուծեցին «ՀՀԿ-ի տատիկի» միջոցով: Հինգշաբթի օրերին այդ կնոջը Կառավարության դիմաց կանգնեցնելով՝ տեղի բողոքի ակցիաներն իսպառ արժեզրկեցին:
Երիտասարդ ակտիվիստներն այժմ համանման գործառույթ են իրականացնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են սոցիալական հենքով պայքարի գաղափարը մինչեւ վերջ արժեզրկելով՝ այն վերածել ջահելների «տուսովկայի»:

 

 

 
ՀՀ Սահմանադրության նախագծի դեմ արշավ սկսած քաղաքական ուժերի միջեւ համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Բանն այն է, որ այդ գործընթացին միացած քաղաքական ուժերից ամեն մեկը ցանկանում է ընդգծել իր գերակա դիրքը: Արդյունքում շաբաթ օրը հրավիրված հավաքում, որի ընթացքում հայտարարվելու էր «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, մասնակից կուսակցություններից եւ ոչ մեկը նախագահի մակարդակով ներկայացված չի եղել: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ անգամ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավաքին ուղարկել են իրենց ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվող միայն այն միջոցառումներին է մասնակցում, որին ներկա է լինում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պարույր Հայրիկյանը եւս հավաքին չի ներկայացել, քանի որ նախապես տեղեկացել է, որ կուսակցական ղեկավարներից ոչ ոք չի լինելու: Թե ինչպես են նրանք միասին պայքարելու, թերեւս կարելի է պատկերացնել:

 

 

 
Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանության ղեկավարությանն օրերս հրահանգել է, որ դիվանագիտական համարանիշներով շրջող ՀՀԿ-ականներից եւս ճանապարհատրանսպորտային կաննոների խախտման համար տուգանքներ գանձվեն: Ինչպես հայտնի է՝ իշխանությունների հովանավորությունը վայելող բազմաթիվ ՀՀԿ-ականների ավտոմեքենաների վրա տեղադրված են դիվանագիտական, այսպես կոչված, «կարմիր համարանիշներ»: Ճանապարհային ոստիկանությունը նրանց երբեք չի կանգնեցնում, իսկ արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար էլ երբեք տուգանքի ակտ չի կազմվում: Երեկ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք պարզել, թե ինչ հանձնարարական է իրենց տվել Սերժ Սարգսյանն այս առնչությամբ: ՀՀ ՃՈ պետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Երկրի նախագահի տված բոլոր հանձնարարությունները կատարվելու են անվերապահորեն, բոլոր խախտումներ կատարողները պատժվելու են միանշանակ»: Հավանաբար Սերժ Սարգսյանն առաջիկայում կզբաղվի պոլիկլինիկաներով, այնուհետեւ կանցնի մանկապարտեզներին եւ այսպես շարունակ:

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 10 օրից վաճառքի կհանվի ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը: Մինչեւ վերջերս այս գործարանը բանջարեղենների եւ մրգերի վերամշակման՝ Հայաստանի շուկայում նշանակալի դիրք էր զբաղեցնում: Սակայն 2009-ի տնտեսական ճգնաժամից հետո այս գործարանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ: Ներկայումս «Ալիշանը» շուրջ երեք միլիոն դոլարի պարտք ունի, եւ դրանք մարելու նպատակով ողջ արտադրությունը կհանվի աճուրդի: Իհարկե, բնական հարց է ծագում՝ այդ դեպքում մյուս գործարաններին ինչպես հաջողվեց տնտեսական ճգնաժամն առանց կորուստների հաղթահարել: Պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանում գործող պահածոների գործարանների մեծ մասը, առնվազն շուկայի հիմնական դերակատարները, կապված են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Ուստի տնտեսական ոչ մի ցնցում նրանց չի կարող սպառնալ կամ վնասել: Նրանք տարաբնույթ հովանավորությունների արդյունքում կարողանում են նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից:

 

 

 
ՈՉԻՆՉ ՉՏՎՈՂ

Անցած շաբաթվա վերջին Սերժ Սարգսյանի` ՀՀ ճանապարհային ոստիկանությունում անցկացրած խորհրդակցությունը բավականին ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ` այն, որ ՃՈ-ում այս խորհրդակցությունն անցկացնում էր հենց Ս. Սարգսյանը, այլ ոչ թե, օրինակ, ՀՀ ոստիկանապետը. իհարկե, առաջին անգամը չէ, որ Ս. Սարգսյանն իր «բանուգործը թողած»` գնում է այս կամ այն գերատեսչություն եւ այնտեղ խրատահանդիմանական բնույթի ելույթներ ունենում: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ են նրա դաստիարակչական «ապտակները» դատախազության կամ ոստիկանության ղեկավարության հետ անցկացրած խորհրդակցություններում, եւ նույնքան ակտուալ է նաեւ հարցադրումը, թե ինչ փոխվեց դրանից հետո: Իսկ պատասխանը, ցավոք, բոլոր դեպքերում էլ նույնն է` ոչինչ:
ՃՈ-ում անցկացված այս խորհրդակցությունը, սակայն, ուշագրավ էր այն առումով, որ տեսախցիկների եւ արագաչափերի բիզնեսը կապվում է հենց Սարգսյանի մտերիմների անվան հետ, եւ այս հարցում հանրությունում առկա դժգոհությունների գերակշիռ մասը ուղղակիորեն, համապատասխան հիշատակումների տեսքով ուղղվում է անձամբ Ս. Սարգսյանի հասցեին: Ուստի այս իմաստով, թերեւս, տեղին էր նրա նախաձեռնությունը` անձամբ միջամտելու եւ հասկանալու, թե ՃՈ-ում ինչպես, ինչ ծավալներով եւ ինչ համամասնություններով է իրականացվում մարդկանցից գումարներ «պոկելու» գործընթացը, եւ ամենակարեւորը` ինչքանով է ինքը կամ իր վերահսկողական ծառայությունը տեղեկացված այդ գործընթացի իրական ծավալների մասին: Պատահական չէ, որ Ս. Սարգսյանը կարեւորեց մթնոլորտը փոխելու գործընթացը.«Մենք շատ կարեւոր խնդիր պետք է լուծենք՝ պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարեւորն է, եւ պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձեւավորել ճանապարհային երթեւեկության բոլոր մասնակիցների մոտ՝ հենց այդ գրանցումների հետ կապված»,- ընդգծեց Սարգսյանը՝ առանց պարզաբանելու, թե ինչպես են կարողանալու, օրինակ, թոշակառու վարորդի մոտ դրական վերաբերմունք ձեւավորել իր թոշակի կեսը մեկ խախտման համար գանձող ՃՈ համակարգի հանդեպ:
Փոխարենը երկրի թիվ մեկ պաշտոնյան որոշել էր բարձրաձայնել շարքային տրանսպորտային մասնագետների դիտարկման մակարդակի հարցեր` արդյոք «հոծ գիծը տրորելը» «չնչին խախտում» է, թե ոչ: Սա գուցե եւ վարորդների մեծ մասի համար չափազանց կարեւոր հարց է, բայց միթե դրանով պետք է զբաղվի երկրի նախագահը, միթե պատերազմական վիճակում գտնվող, օրեցօր փլուզվող տնտեսությամբ Հայաստանի ղեկավարը պետք է բարձրաձայնի նման հարցերի մասին: Եթե այո, ապա ինչի համար են այդ դեպքում այն բազմաթիվ եւ բազմաստիճան պաշտոնյաները, որոնք վարձատրվում են հենց նմանօրինակ մանր հարցերին խելամիտ լուծումներ տալու համար: Եվ մյուս կողմից էլ` եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է այս մակարդակի հարցերով, ապա ով է զբաղվում գլոբալ, մեծ կարեւորություն ունեցող խնդիրներով:




Լրահոս