ՆՈՒՅՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ, ՆՈՒՅՆ ՀԱՐՑՈՎ՝ ՏԱՐԲԵՐ «ՃԱԿԱՏՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական ուժերի համաժողովը, որը կազմակերպել էր «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը: Համաժողովի ժամանակ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատի ձեւավորման մասին եւ ընդունվել է հայտարարություն: Ուշագրավն այն է, որ ճակատի ձեւավորմանը այդպես էլ չեն մասնակցել այն ուժերի ղեկավարները, որոնք հայտարարում են, թե իրենք դեմ են Սահմանադրության նոր նախագծին. ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկայացուցիչներ էին ուղարկել համաժողովին:

«Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձեւավորվել են կեղծված ընտրությունների միջոցով, եւ չկա հանրային վստահություն ո՛չ իշխանության, ո՛չ էլ նրա որեւէ նախաձեռնության նկատմամբ, հայտարարում ենք, որ մեր առջեւ նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը»,-նշված է հայտարարությունում, որը ստորագրող ուժերը հավելում են, թե այդ նպատակին հասնելու համար համախմբվում են որպես «ՈՉ»-ի ճակատ ու նախաձեռնում են համաժողովրդական դիմադրություն:
Հայտարարությանը միացել է ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, «Հայազն»-ը, «Ազգային համաձայնություն»-ը, ԱԻՄ-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ը եւ այլ հասարակական-քաղաքական ուժեր ու ՀԿ-ներ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նա անձամբ չմասնակցեց համաժողովին ու ընդհանրապես այդ դեպքում ինչ է անելու իրենց կողմից ստեղծված «Ազգային փրկության ճակատ»-ը, որը սեպտեմբերի 10-ին նույնաբովանդակ հայտարարություն ընդունեց:
-Պարո՛ն Հայրիկյան, Դուք սեպտեմբերի 12-ին անձամբ չմասնակցեցիք «Ոչ»-ի ճակատի ստեղծման համաժողովին, ներկա էր Ձեր կուսակցության ներկայացուցիչը: Ինչո՞ւ ինքներդ հարկ չհամարեցիք ներկա գտնվել Ձեր իսկ կողմից այդքան կարեւորվող պայքարի մեկնարկին:
-Իսկ անձամբ ո՞վ մասնակցեց որ, եթե մյուս առաջնորդները ներկա չէին, ապա ինչո՞ւ եք ուզում, որ ես անձամբ ներկա գտնվեի: Մենք պայմանավորվել էինք, որ մեր ներկայացուցիչները կհանդիպեն, ի՞նչ վատ է որ դա: Դուք դրանում վա՞տ բան եք տեսնում:
-Այսինքն՝ Դուք ճի՞շտ եք համարում այն, որ որոշում է կայացվում պայքարել Սահմանադրության նոր նախագծի ընդունման դեմ, ու դա արվում է «հեռվից»՝ կուսակցության ներկայացուցիչներին «ուղարկելով»: Իսկ Դուք ինչ-որ վա՞տ բան էիք տեսնում այդ համաժողովին անձամբ մասնակցելու մեջ:
-Երբ որ քննարկում կլինի ղեկավարների մակարդակով, այդ ժամանակ էլ ներկա կլինենք, այժմ միայն հայտարարություն էր ստորագրվում, ինչպես ասում են՝ բարի կամքի դրսեւորման, դրական վերաբերմունքի վերաբերյալ: Այդտեղ նույնիսկ կարող էի Ձեզ լիազորագիր տալ ու ասել` գնացեք ու իմ անունից ստորագրեք, այդտեղ որեւէ բացասական բան չկա:
-Բայց եթե ամեն մի կուսակցության ղեկավար պայքարի «ուղարկի» իր ներկայացուցիչներին, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայքարի ելքը, արդյո՞ք դա պառակտում չի առաջացնի:
-Բայց թուղթ են ստորագրել, չէ՞: Նախ ես ուզում եմ ասել, որ «Ոչ»-ի ճակատն ու «Ազգային փրկության ճակատ»-ը տարբեր կառույցներ են, բայց մենք հիմա այնպես արեցինք, որ այդ տարբերությունը չնկատվի, այսինքն՝ գրեթե ամբողջ կազմով ենք, ու եթե մեկը ուրիշ տեղ կոչ կանի, կասենք՝ այո, մենք էլ ենք այս ճամբարում: «Ազգային փրկության ճակատ»-ը ուրիշ բան է, այստեղ մենք ուզեցինք ասել, որ մի բարդույթավորվեք, մի հուսահատվեք, մենք էլ կանք: Վաղը մեկն էլ մի բան կանի, եթե կզգանք լուրջ է, տեսանելի է, կմիանանք, բայց մենք մեր նախնական ձեւաչափով մեր աշխատանքները շարունակում ենք: Արդեն հնչեցվել է, որ առավելագույնը մինչեւ ամսի 21-ն ենք սպասելու, որ «ոչ»-ից անցնենք հանունի: Մենք պետք է ասենք նաեւ, որ Հայստանում պետք է սահմանադրական կարգ հաստատվի, որի ժամանակ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր առիթներով խոսում են: Մենք իսկապես կարող ենք մեր երկիրը դարձնել բացարձակ ժողովրդավարության երկիր:
-Նույն մարդիկ տարբեր անուններ կրող ճակատներում են, ընդ որում, պայքարում են միեւնույն բանի դեմ: Եթե իսկապես պայքարի թիրախը նույնն է, ի՞նչ իմաստ կար նոր կառույց ստեղծել, արդյո՞ք հասարակությունը կընկալի, թե ինչի համար եք պայքարում:
-Մարդիկ ե՛ւ այնտեղ են, ե՛ւ այստեղ են, մենք որ առաջին ճակատում ենք, նաեւ երկրորդում ենք, երկրորդում ավելացել են նոր մարդկային խմբավորումներ, որը ողջունելի է: Ես այս պահին հակասություն չեմ տեսնում դրանում:

 

 

 

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԵՆ ԳՆՈՒՄ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նախկին անդամ Վաղինակ Շուշանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք Բաղրամյան պողոտա են գնում` իշխանություններին ստիպելու, որ գոնե ամիսներ առաջ իրենց տված խոստմանը տեր կանգնեն:

-Վաղինա՛կ, սեպտեմբերի 11-ին Ձեր նախաձեռնությունը կրկին փակել էր Բաղրամյան պողոտան, որը, սակայն, ժամեր հետո ոստիկանությունը «բացեց»: Մինչեւ այսօր անհասկանալի է, թե ինչ խնդիր լուծեցիք այդ կարճատեւ «գրոհով»: Սրանից հետո ինչպե՞ս եք պատրաստվում շարունակել պայքարը:
-Այդ հարցով, խնդրում եմ, դիմեք «Ոչ թալանին» նախաձեռնությանը, քանի որ ես հուլիս ամսից չեմ հանդիսանում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ: Ես ակցիային մասնակցել եմ, մեր պահանջը հոսանքի գնի թանկացման` 2015 թվականի հունիսի 17-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կայացրած ապօրինի որոշման չեղարկումն է: Եթե հոսանքի գինն է ապօրինի բարձրացվել, ապա մենք այդ պահանջով ենք գնում Բաղրամյան` պահանջելով այն չեղարկել:
-Բայց մի անգամ արդեն նախաձեռնությանը չի հաջողվել «չեղարկման» հասնել, ինչո՞ւ եք կարծում, որ Բաղրամյան պողոտան կրկին փակելով` կկարողանաք արդյունքի հասնել:
-Արդյունք թեթեւ եղավ, գոնե հայտարարվեց աուդիտ անցկացնելու մասին, չնայած որ դա չի բավարարում մեզ, բայց գոնե այս ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիները չեն վճարի: Իրենք հայտարարում են, որ բեռը ընկնում է Կառավարության վրա, բայց Կառավարության վերջին նիստերի ժամանակ հայտարարվեց, որ նրանց մեջ չեն մտնում խոշոր ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները: Նախաձեռնությունն էլ հայտարարեց, որ նման բան նախօրոք Սերժ Սարգսյանի կողմից չէր հայտարարվել: Խնդիրը լուծում չի ստացել, ինչի համար կրկին ուղղությունը Բաղրամյան պողոտա էր, որպեսզի գոնե իրենց արած հայտարարությանը մինչեւ վերջ տեր կանգնեն:
-Տեսակետ կա, որ նախաձեռնությունը սկսել է անլրջացնել պայքարը, քանի որ հիմա երիտասարդները պատեհ-անպատեհ հակամարտության մեջ են մտնում ոստիկանների հետ: Ի՞նչ կասեք:
-Ես այսպես կպատասխանեմ. նման տեսակետ հայտնողները թող առաջարկեն այն տարբերակը, որն ավելի խելամիտ են համարում, մենք կանգնենք իրենց կողքին: Եթե չունեն տարբերակ, չեն օգնում, ապա թող չքննադատեն ուրիշի արած գործերը:
Հ. Գ. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այս փուլում քննարկումներ են անցկացնում, որոնց ավարտից հետո իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն: Այս մասին Armlur.am-ին ասել է նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԵՐԿՐԻ ԽՆԴԻՐԸ
Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մասնավորապես, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ ծանոթանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ փաստ բացահայտեց: Պարզվում է՝ Մարալիկի ողջ բնակչությունը նաեւ ընտրող է: Այո՛, թյուրիմացություն չկա, ըստ պաշտոնական տվյալների՝ Մարալիկն ունի 5 հազար 500 բնակիչ, ՀՀ ոստիկանության կողմից կազմված տվյալների համաձայն՝ Մարալիկի ընտրական ցուցակներում եւս ընդգրկված են 5 հազար 500 ընտրողներ: Բնական հարց է ծագում՝ իսկ ուր են անհետացել այս համայնքի մինչեւ 18 տարեկան բնակիչները: Թե՞ Մարալիկում ապրում են միայն չափահաս բնակիչներ: Հիշեցնենք՝ նախորդ ՏԻՄ ընտրություններում եւս արձանագրվել էին համանման դեպքեր: Լավ, մինչեւ ե՞րբ պետք է ընտրացուցակներն այսպիսի խայտառակ տեսք ունենան:

 

ՊԱՀԱՆՋԵԼ Է, ՈՐ ԻՆՉ ԱՆԻ
Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հուլիսի 17-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Էյ Էմ Ջի Էմ Սարլ» ՍՊԸ-ին պարտավորեցնել, որ տնօրենների խորհրդի կողմից կազմված արձանագրությունը եւ որոշումները անվավեր ճանաչի: Նշված ընկերությունը գտնվում է Լյուքսեմբուրգի դքսությունում: Այս գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, որը եւս պատկանում է Արզաքանցյանին: Ի դեպ, Արզաքանցյանը միջնորդել է, որ «Էյ Էմ Ջի Էմ Սարլ» ՍՊԸ – ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի: Հայցը քննող դատավոր Կարինե Պետրոսյանը բավարարել է այն:

 

ԱՆՀԵՏԱՑԱԾԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ը դեռես 2015թ. սեպտեմբերի 1-ին գրել էր, որ «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետանալու գործով իրավապահները ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի սպանություն հատկանիշներով քրեական գործ կհարուցեն: Սակայն հետագայում քրգործը հարուցվեց ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Երեկ հայտնի դարձավ, որ քրգործը վերաորակվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով, եւ ամեն ինչ գնում է այն վարկածով, ինչը գրել էինք:

 

ՎԻՐԱՀԱՏԵՑԻՆ ՈՒ ՏԱՐԱՆ
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ Կարապետյանը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի զենք ձեռք բերելու ու պահելու մեջ: Կալանավորվելուց հետո նա սրտի հետ կապված խնդիրներ էր ունեցել, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ եւ վիրահատել:




Լրահոս