ՀԱՊԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տաջիկստանում պետք է տեղի ունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար մարմնի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Դուշանբե: Ինչպես հայտնի է՝ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կազմակերպություն է, եւ դրա ստեղծումն ի սկզբանե նպատակ է ունեցել Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող երկրներին հավաքել մեկ ընդհանուր կառույցի ներքո:

Ձեւավորման օրերից հռչակվել էր, որ այս կազմակերպության նպատակը անդամ պետությունների անվտանգության ապահովումն է: ՀԱՊԿ պայմանագրի դրույթներն էլ համապատասխան բովանդակությունն ունեն: Մասնավորապես, մեջբերենք պայմանագրի 4-րդ կետը. «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից է: Հայաստանից բացի՝ ՀԱՊԿ անդամ են նաեւ Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Մի խոսքով, երբ ընթերցում ենք ՀԱՊԿ պայմանագիրը, անասելի պաշտպանված ենք զգում: Ի վերջո, ըստ այդ պայմանագրի՝ եթե Ադրբեջանը որոշի հրետակոծել Հայաստանը, ապա կնշանակի, որ նա հրետակոծում է Մոսկվան կամ Մինսկը: Բայց ինչպես հայտնի է՝ օգոստոսի երկրորդ կեսերից Ադրբեջանը սկսել է պարբերաբար հրետակոծել Հայաստանի Տավուշի մարզի դիրքերը, սակայն ո՛չ Մոսկվայի, ո՛չ Մինսկի եւ ո՛չ էլ Ղազախստանի, Ղրղզստանի կամ Տաջիկստանի ծպտունը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, դուրս չեկավ:
Հիմա Սերժ Սարգսյանը գնում է այդ խուլ ու համր կառույցի ղեկավար մարմնի նիստին մասնակցելու: Կարող է թվալ, թե նա գնում է իր գործընկերներին ասի, որ տղեք, ինչո՞ւ եք լռում, չէ որ Մոսկվան են հրետակոծում, կամ չէ` Մինսկը, իսկ միգուցե Դուշանբեն: Բայց նախագահականի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ Ադրբեջանի պահվածքը ՀԱՊԿ ղեկավար մարմնի նիստում բարձրացնել: Ըստ հաղորդագրության՝ այդ նիստում քննարկվելու են «Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ կլինի նաեւ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին»: Մի խոսքով՝ տղերքով կհավաքվեն, կասեն-կխոսեն, մի լավ կուտեն-կխմեն, կվերադառնան: Ի դեպ, քանի որ առաջիկա մեկ տարվա համար ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու է Հայաստանը, բացառված չէ, որ «պատիվ տվողի» դերում հենց Սերժ Սարգսյանը լինի: Ի վերջո, մարդը նման հզոր կառույցի նախագահություն է ստանձնում, բա «մաղարիչ» էլ չանի՞: Մի խոսքով, կարող ենք կասկած չունենալ, որ Սերժ Սարգսյանի այս այցելությունը Հայաստանի պետբյուջեի համար 30-ից 40 հազար դոլար գումար է արժենալու:
Ի դեպ, ուշագրավ է, որ ամեն անգամ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է լինում Սերժ Սարգսյանին իր մոտ կանչել, բայց այնպես, որ վերջինս հանդիպում խնդրի, ուշագրավ զուգադիպությամբ սահմանին լարվածությունն աճում է: Հուսանք, որ ներկայիս պատասխանատուները մի օր կպարզաբանեն վերը բերված «զուգադիպության» պատճառները:
Տեղեկացնենք, որ Ս. Սարգսյանի հետ Դուշանբե են մեկնել նաեւ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԿԳԱ, ԿԱՍԻ
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կուսակցությունը, որը, ըստ տեղեկությունների, կոչվելու է «Լուսավոր Հայաստան», առաջիկայում հայտարարելու է իր գործունեության մասին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հենց Մարուքյանից պարզել, թե կուսակցությունը երբվանից է սկսելու պաշտոնապես գործել, ովքեր են ընդգրկվել նրա՝ ստեղծվելիք կուսակցության շարքերում: Սակայն պատգամավորը հայտարարեց, թե ինքը շատ զբաղված է: «Ժամանակը կգա, ամեն ինչ կիմանաք»,- ասաց նա: Ի դեպ, ըստ լուրերի՝ Մարուքյանի հետ այս նոր կուսակցության ստեղծմանը մասնակցում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

 

ԵԽԽՎ-Ն ԿՄԵԿՆԱՐԿԻ
Սեպտեմբերի 28-ին մեկնարկելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որին պետք է մասնակցեն նաեւ հայկական պատվիրակության անդամները: Ենթադրվում է, որ այս նստաշրջանը բուռն է անցնելու, քանի որ Ուկրաինայի պատվիրակությունը փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահ Մարիանիի գործունեության հետ կապված դժգոհություններ ունի: Բանն այն է, որ նա, անտեսելով Ուկրաինայի օրենքները, առանց այդ երկրի իշխանություններից թույլտվություն ստանալու, Ֆրանսիայի խորհրդարանի մի քանի պատգամավորների հետ այցելել է Ղրիմ: Նշենք, որ մինչ օրս դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե հայկական պատվիրակության կազմում ով է փոխարինելու արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին:

 

ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջի դրությամբ, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 3 մլն 500 հազար դրամ: Իսկ նրա տարեկան աշխատավարձը եղել 9 մլն 190 հազար դրամ, կենսաթոշակը՝ 5 մլն 685 հազար դրամ: Դատավորի կնոջ՝ Սիլվա Թեւոսյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջում եղել են 100 հազար դոլար: Փաստորեն, դատավորի կինը, որը 30 հազար դրամ ամսական աշխատավարձ է ստանում, կարողացել է 100 հազար դոլար կուտակել, մինչդեռ ամուսինն ավելի քան 700 հազար դրամ ամսական աշխատավարձով ընդամենը 3,5 միլիոն է կուտակել: Ի դեպ, Մելիք-Սարգսյանի որդին ՀՀ Արարատի մարզի դատախազն է՝ Համբարձում Մելիք-Սարգսյանը, ում դրամական միջոցները նախորդ տարվա վերջում եղել են 29 մլն 500 հազար դրամ, աշխատավարձն էլ՝ 6 մլն 242 հազար դրամ: Դատախազ որդու կնոջ՝ Ալինա Հարությունյանի դրամական միջոցները եւս ամուսնու ունեցվածքից ավել են եւ կազմում են 35 մլն 500 հազար դրամ: Դատախազի կնոջ աշխատավարձն էլ կազմում է ամսական 75 հազար դրամ: Մի խոսքով, որդին ինչ տեսել է, այն էլ սովորել է. տան հիմնական դրամական միջոցները պետք է պահվեն կնոջ անունով: Այդպես անփորձանք է:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՈԳԵՎՈՐԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի եւ հայրենասիրություն ցուցաբերելու համար:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում եւ բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետեւողականությունը»,- ասված է շնորհավորական ուղերձում:

 

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող խորհուրդը սեպտեմբերի 23-ին, ժամը 18:30-ին Մաշտոցի պուրակում հրավիրում է ակտիվ եւ անտարբեր քաղաքացիներին հանրային քննարկան: Այս մասին Armlur.am-ին ասել է նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը` նշելով, որ իրենք բավականին շատ դժգոհություններ են ստանում վճարովի ավտոկայանատեղիների ավելացումից: «Վարորդները դժգոհում են, որ կայանելու համար հարմար տեղ չկա»,- ասել է նա:

 

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանը, որի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 173 հարց եւ 42 միջազգային պայմանագիր:

 

ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ասել է, որ իրենք ամենեւին մտավախություն չունեն եւ վտանգ չեն տեսնում «Ոչ»-ի ճակատից: Ըստ Եսայանի` ճակատին չի հաջողվի տապալել սահմանադրական փոփոխությունները: Հարցին՝ ինչքանով է արդյունավետ համարում «Ժառանգություն» եւ ՀԱԿ կուսակցությունների համագործակցությունը, Եսայանն արձագանքել է.«Որեւէ արդյունավետություն չեմ տեսնում»:

 

ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Քվեարկությանը մասնակցած 15.434 ընտրողից 10.686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:

 

ՀԱՅ-ՏԱՋԻԿԱԿԱՆ
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Զրուցակիցները անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում, ՀԱՊԿ, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

 

ԼԿՏԻԱՑԵԼ ԵՆ
168.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ քաղաքացի Պարգեւ Վարդանյանը՝ ահազանգելով, որ «Ռոսգոսստրախ Արմենիան» ամեն ինչ անում է՝ վթարի հետ կապված ապահովագրության հատուցումը չվճարելու համար: Ըստ կայքի` դա են փաստում Պ. Վարդանյանի ներկայացրած փաստաթղթերը: Աղբյուրի գնահատմամբ` վերջին շրջանում ԱՊՊԱ-ի փոխհատուցման հետ կապված դժգոհությունները հետզհետե ավելանում են, եւ դա վերաբերում է հատկապես «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության աշխատանքին:




Լրահոս