ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը սեպտեմբերի 25-ին կհանվի աճուրդի: Ինչպես բազմաթիվ այլ ընկերությունների, այնպես էլ «Ալիշան»-ի սնանկացման պատճառը ֆինանսական խնդիրներն են:
Շուրջ տասը տարի գործող «Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիր տնօրեն Սերժիկ Մոսեսյանը 1998-1999թթ. Իրանից վերադարձել է Հայաստան եւ հիմնել գործարանը: Այն տարվա ընթացքում ուներ 50-60 աշխատող, իսկ ամռան ամիսներին աշխատողների թիվը հասնում էր 150-ի: Դեռեւս 2013 թվականին Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը հայտնվել էր փակման եզրին: Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ պատճառը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված սխալ հաշվարկներն էին: Եւ այդ շրջանում գործարանի տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից, քանի որ չի կարողանում այս պայմաններում աշխատել:
«Ես բողոքելու եմ: Այս կերպ են անում, որ թողնենք ամեն ինչ ու գնանք երկրից: Սպասում եմ «Գազպրոմ Արմենիա»-ի արձագանքին: Հակառակ դեպքում դիմելու եմ դատարան, հետո կողպելու եմ գործարանն ու թողնեմ, գնամ: Այս ճգնաժամի մեջ գազի վարձը կրկնակի են հաշվել: Կարելի չէ այսպես շարունակել: Եթե այս գործարանն էլ փակվի, բազմաթիվ հայեր կմնան անգործ: Ես էլ թողնելու եմ ու մյուսների նման հեռանամ երկրից: Մի՞թե սա կապ չունի երկրի անվտանգության հետ: Դատարան եմ մտնելու, բայց Աստծուն է հայտնի՝ կհաջողվի հաղթել, թե ոչ: Մենակ ուժս չի պատի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր Սերժիկ Մոսեսյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ունեցած հակամարտության ընթացքում: Սակայն գործարանի տնօրենն այդպես էլ դատարան չդիմեց: Փոխարենն ընդդեմ «Ալիշան»-ի դատական հայցեր ներկայացրին մի քանի կազմակերպություններ՝ գումար բռնագանձելու եւ ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով: «Ալիշանին» դատի տված ընկերությունների թվում են «Գրանդ Մաստեր» ընկերությունը՝ գումարի բռնագանձման, «ԻՍՏ Լոգոս» Էքսպո Կենտրոն» ՓԲԸ-ն՝ տոկոսներ վճարելու, վնասները փոխհատուցելու, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ն՝ գումարի բռնագանձման պահանջներով: Իսկ, ահա, «Ալիշան»-ին սնանկ ճանաչելու պահանջով հունիսի 4-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Վիրտուլեքս» ՍՊԸ-ն, որն իրավաբանական ծառայություններ է մատուցում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս պահին «Ալիշան» պահածոների գործարանը գտնվում է լուծարման փուլում: «Վիրտուլեքս» ընկերությունը դատարան ներկայացրած դիմումով հայտնել է, որ 2013 թվականի հունվարի 15-ին իրենց ընկերության եւ «Ալիշան»-ի միջեւ իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր է կնքվել, համաձայն որի` 2014 թվականի մարտի 1-ի դրությամբ պարտապան «Ալիշան» ՍՊԸ-ի կողմից «Վիրտուլեքս» ՍՊԸ-ին վճարման ենթակա գումարը կազմել է 5 մլն 40 դրամ: Այն վճարելու` պայմանագրով սահմանված ժամկետը լրացել է, սակայն «Ալիշան»-ը ստանձնած պարտավորությունները չի կատարել: Իսկ, ահա, «Ալիշան» ՍՊԸ-ի տնօրինությունը պատճառաբանել է, որ «Վիրտուլեքս»-ին պարտք գումարները վճարելուց երբեք չի խուսափել, սակայն չի կարողացել կատարել իր պարտավորությունները, քանի որ ընկերության գույքն ու դրամական միջոցներն անընդհատ գտնվել են ագելանքի տակ: Ի դեպ, ներկայումս էլ ընկերության հաշիվները գտնվում են արգելանքի տակ, ինչի պատճառով էլ «Ալիշան» ՍՊԸ-ն չի կարողանում կատարել դիմումատուի հանդեպ ունեցած պարտավորությունները: Ուստի «Ալիշան»-ն իր հերթին է դիմել դատարան եւ խնդրել մերժել «Վիրտուլեքս»-ի դիմումը:
Սակայն դատարանը «Վիրտուլեքս»-ի դիմումը բավարարել է: «Ալիշան»-ը դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ, այնուհետեւ վճռաբեկ դատարաններ, բայց այն հետ է վերադարձվել, եւ սնանկության մասով այս տարվա հունիսի 19-ի վճիռը մնացել է անփոփոխ:
Արդյունքում` այսօր ընկերությունը պարտք է Տիգրան Հարությունյանին 5 մլն 751 հազար 191 դրամ, պետական տուրք՝ 500 հազար դրամ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին՝ ավելի քան 2 մլն դոլարին համարժեք դրամ, որը գրավով ապահովված է, Վարդան Հրանտի Գրիգորյանին՝ 14 մլն 462 հազար 687 դրամ, ՀՀ ֆինանսների նախարարության Արտաշատի ՏՀՏ՝ 64 մլն 215 հազար 296 դրամ, Խոսրո Մոհամմադհուսեյնի Սուֆիէնայաթին՝ 217 հազար 656 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ին՝ 5 մլն 461 հազար 186 դրամ: Ի դեպ «Ալիշան» ընկերությունը նաեւ գույքահարկի եւ հողի հարկի պարտքեր ունի Մասիսի քաղաքապետարանին:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության տնօրեն Սերժիկ Մոսեսյանի հետ, սակայն վերջինս Հայաստանում չէր: Նրա որդին՝ Սարգիս Մոսեսյանը, նույնպես երկրում չէր: Այդ պատճառով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ալիշան»-ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի հետ, ով հայտարարեց, որ ընկերությունը սեպտեմբերի 25-ին աճուրդի կհանվի: «Իրենք մտադրություն ունեին նոր բիզնես հիմնել, բայց դեռ չգիտեն՝ կստացվի՞, թե՞ ոչ: Իսկ այս գործով իրենք առողջացման ծրագիր չեն ներկայացնելու»,- նշեց սնանկության գործով կառավարիչը:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ընկերությունն արտադրանք չունի, միայն սարքավորումները, տեխնոլոգիաները եւ հոսքագծերն են հանվելու աճուրդի: «Կհաջողվի, արդյոք, իրենց բիզնես հիմնել Հայաստանում, հայտնի չէ: Եւ որպեսզի բիզնեսը չկորչի, այն աճուրդի է դրված մեկ լոտով, որպես մեկ գույքային համալիր, որտեղ շենք-շինություններն են, հոսքագծերն են: Եթե գործարանը մասնատված աճուրդի հանեինք, ապա բիզնեսը կկորեր»,- ներկայացրեց Գ. Բարխուդարյանը` հավելելով, որ դեռեւս հայտեր չկան:
Այս պահին դժվար է ասել՝ Մոսեսյան ընտանիքը կցանկանա՞ կրկին բիզնես հիմնել Հայաստանում, թե այն աստիճան հուսահատված է ու հիասթափված, որ իսկապես իրականություն է դարձնելու դեռեւս 2013 թվականին արած հայտարարությունը` հեռանալ երկրից: Իսկ այս ամենին հայրենի Կառավարությունը լուռ անտարբերությամբ հետեւում է` փորձ անգամ չանելով հերթական` մի քանի տասնյակ աշխատատեղերը փրկել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ
Այս կիրակի Հայաստանի 13 գյուղական եւ 2 քաղաքային համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: ՏԻՄ ընտրություններում վերջին տարիներին արդեն ավանդույթ դարձած երեւույթը մնացել է անփոփոխ. բոլոր համայնքներում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները՝ հիմնականում գործող համայնքապետերը: Նշենք, որ ընտրություններին մասնակցել են ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ, ահա, ՀԱԿ-ից կամ «Ժառանգություն»-ից թեկնածուներ չեն եղել:
Օրինակ՝ ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում վերընտրվել է ՀՀԿ-ական գյուղապետ Մխիթար Պետրոսյանը՝ հավաքելով 545 ձայն: Նա ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն էր եւ ուներ երկու մրցակից: Նույն մարզի Նոր Կեսարիա գյուղում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հրայր Գալստյանը՝ հավաքելով 574 ձայն: Նմանատիպ պատկեր է նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում. այստեղ նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Կարապետ Ասատրյանը` հավաքելով 473 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ դաշնակցական Նորիկ Հովհաննիսյանը, հավաքել է ընդամենը 54 ձայն: Այս մարզի Լճափ գյուղում նույնպես վերընտրվել է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Հայկ Սիմոնյանը՝ հավաքելով 304 ձայն: Իսկ, ահա, ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտում միայնակ «պայքարել» է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Միշա Հովհաննիսյանը:
Կոտայքի մարզի Մրգաշեն, Ողջաբերդ եւ Ֆանտան գյուղերի գյուղապետերը եւս միայնակ են «պայքարել» եւ վերընտրվել են: Նույն մարզի Զառ համայնքում գործող գյուղապետ Մուրադ Բաբախանյանը պարտվել է՝ հավաքելով 316 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Լեւոն Խաչատրյանը, ընտրվել է. 464 հոգի նրա օգտին են քվեարկել:
Սյունիքի մարզի Արեւիս եւ Վայոց Ձորի Գողթանիկ գյուղերում նույնպես գործող ՀՀԿ-ական գյուղապետերը վերընտրվել են: Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի գործող ՀՀԿ-ական ղեկավար Հայկ Ասատրյանը նույնպես «պայքարել» է միայնակ եւ հավքել 225 ձայն: Իսկ, ահա, Լոռու մարզի Անտառամուտ գյուղում ընտրվել է ՀՀԿ-ական թեկնածուն՝ Արտակ Գեւորգյանը:
ՏԻՄ ընտրություններն ավելի թեժ են անցել Տավուշի մարզի Իջեվան եւ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում: Մարալիկում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանը: Վերջինս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկն է: Նրա մրցակիցը ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանն էր, ով Մարալիկի քաղաքապետարանում աշխատում է որպես տեսուչ: ԲՀԿ-ական թեկնածուին սատարելու էր գնացել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Արդյունքում, սակայն, վերընտրվեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետը՝ հավաքելով 1965 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ 1110 ձայն:
Հերթական ՏԻՄ ընտրություններից հետո մեզ մնում է արձանագրել, որ Հայաստանում բնական իշխանափոխություն՝ համայնքապետերի մակարդակով, այլեւս անհնար է:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔԵՖԸ` ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԼԾԱԿ
Սեպտեմբերի 12-ին Վանաձորի մերձակա «Անուշ» ռեստորանում կայացել է քեֆ, որին մասնակցել են Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ մոտ 50 բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վանաձորցիները չգիտեն քեֆի առիթը եւ ասում են, որ Ս. Սարգսյանը եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաներն այդ օրը Լոռիում չեն մասնակցել Ալավերդիում կայացած «Մեկ օր մշակութային Ալավերդիում» միջոցառմանը կամ Ախթալայում անցկացված խորովածի, երաժշտության եւ արվեստի ավանդական փառատոնին: Տեղեկություններ կան, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդ քեֆը նախաձեռնել է՝ Լոռու մարզում իր քաղաքական կշիռը բարձրացնելու համար: Վանաձորի բնակիչներից մեկն այս առիթով ասաց. «Այսուհետ Լոռու մարզում բոլոր հարց ունեցողները Վահրամ Բաղդասարյանի մոտ են վազելու»:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՃԵԼ Է
ԼԴ-ի ու ՀՀ-ի միջեւ մեծացել է ապրանքաշրջանառությունը: Համաձայն գործարար շրջանակների գնահատականների՝ ՀՀ-ն ու Ղրղզստանը կարող են մասնակիորեն փակել այն բացը, որն առաջացել է Արեւմուտքի երկրների հանդեպ կիրառված պատժամիջոցների արդյունքում: Tpp-inform.ru-ն գրում է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ բեռնափոխադրումներն հիմնականում իրականացվում են Վրաստանի ու Իրանի տարածքով: ՀՀ հիմնականում ՌԴ է արտահանում պտուղ-բանջարեղեն, խաղող, մսամթերք, պանրի տեսակներ, ձուկ ու հանքային ջրեր: Տեղեկացվում է, որ Ռուսաստան այդ մատակարումների ծավալն աճել է 2014 թ.-ի գարնանից: Սակայն ռուբլու արժեզրկման պատճառով ՌԴ-ում վերջնական մանրածախ գները 2014թ.-ի օգոստոս-2015 հուլիսի ընթացքում աճել է 20-35%-ով, ինչն էլ նվազեցնում է ՌԴ-ում այդ ապրանքների պահանջարկը, ինչը կարող է ՌԴ տարածքում հայկական գյուղատնտեսական ապրանքների լճացման հանգեցնել, եւ որպես հետեւանք՝ դրանք վերաարտահանվեն այլ շուկաներ: Իսկ գների բարձրացումը պայմանավորված է ՌԴ տարածքում տրանսպորտային ու լոգիստիկ ծառայությունների թանկացմամբ, ինչը եւս ռուբլու արժեզրկման հետեւանք է: