Երեկ խորհրդարանում մեկնարկեց նոր Սահմանադրության նախագծի քննարկումը: Առաջին օրվա ընթացքում պատգամավորները հասցրել են լսել նախագիծը խորհրդարանում ներկայացնող Վարդան Պողոսյանի զեկույցը եւ մի քանի հարց ուղղել նրան: Չնայած քննարկումներն այսօր կշարունակվեն, մեկ օրվա արդյունքներով կարող ենք ասել, որ գործընթացն այս պահին ընթանում է իշխանությունների գծած սցենարով, քանի որ ԱԺ-ն, այդ թվում նաեւ իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերը, ձեռնամուխ են եղել փաստաթղթի բովանդակային քննարկմանը: Ի դեպ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ փաստաթղթի՝ միասեռականների հետ կապված խնդիրը լուծվել է: Ինչպես հայտնի է՝ այդ խնդիրն ի հայտ էր եկել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված անգլերեն տարբերակում «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»-ի փոխարեն գրված է «Ամուսնական տարիքի հասած կանայք եւ տղամարդիկ իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Մի խոսքով, ՀՀ իշխանությունները «վենետիկցիներին» համոզել են, որ նրանց անգլերեն տարբերակի «կանայք եւ տղամարդիկ»-ը դարձնեն «կինը եւ տղամարդը», ինչպես հայերեն տարբերակում: Իսկ խնդրի հիմնական նշանակությունը եղել է այն, որ ՀՀԿ-ականները նոր Սահմանադրության նախագիծը համարձակ քարոզեն, եւ նրանց չմեղադրեն միասեռ ամուսնություններին նպաստելու մեջ:
Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ինչ-որ օբյեկտ է այցելում, ՀՀԿ-ական գործարարների մոտ ներքին բողոքի նոր ալիք է բարձրանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շատ ՀՀԿ-ականներ նեղսրտում են, թե ինչու է Սերժ Սարգսյանը կրկին «վերակենդանացնում» Գագիկ Ծառուկյանին: Նժդեհականները ՀՀԿ առաջնորդի նման վարքը համարում են իրենց հասցեագրված վիրավորանք: Ըստ նրանց, երբ Սարգսյանը որոշեց պատերազմ հայտարարել Ծառուկյանին, իրենք անվերապահորեն աջակցեցին նրա այդ նախաձեռնությանը: Բայց այժմ Սարգսյանը, Ծառուկյանի հետ օբյեկտներ այցելելով, իրենց «փչացնում է»: Ի դեպ, ՀՀԿ-ականներն իշխանական կուլիսներում Ծառուկյանի մասին խոսելիս՝ նրան հիշատակում են հիմնականում «Դոդի Գագո» մականունով՝ այդպիով ցանկանալով ընդգծել, որ իրենց համար նա այլեւս Գագիկ Ծառուկյան չէ, եւ ՀՀԿ նախագահն էլ նրա մականունի մասով նոր հրահանգ չի տվել:
Ինչպես հայտնի է՝ Իրան-Հայաստան գազատարն անցնում է անմիջական Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների հարեւանությամբ, սակայն այդ համայնքները մինչ օրս գազաֆիկացված չեն: Ավելին՝ դեռեւս 2011 թվականին Իրանը 2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որպեսզի նշված համայնքները գազաֆիկացվեն, իսկ անցած տարի էլ պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ կես միլիոն դոլար: Սակայն, միեւնույն է, Մեղրին եւ Ագարակը այդպես էլ չեն գազաֆիկացվել: Այն դեպքում, երբ այդ քաղաքների գազաֆիկացման համար անհրաժեշտ խողովակները եւ մնացած նյութերը վաղուց գնվել եւ ներկրվել են Հայաստան: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» պատասխանեցին, որ ո՛չ այս տարի եւ ո՛չ էլ եկող տարվա ընթացքում իրենք չեն նախատեսում իրականացնել Մեղրիի եւ Ագարակի գազաֆիկացման աշխատանքները: Ի՞նչ է սա, եթե ոչ պետությանը հատկացված դրամական միջոցները մսխելու կոնկրետ օրինակ:
Երեկ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի նիստում, այնուամենայնիվ, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարված վիճակին: Նա միայն ներկաների ուշադրությունն է հրավիրել «հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության էական բարձրացման վրա: «Այս հարցի վրա կրկին կանգ չեմ առնի եւ միայն կնշեմ, որ իրավիճակը սրելու՝ ադրբեջանական կողմի փորձերը, միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում, հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ»: Այսինքն՝ Ս. Սարգսյանը ՀՀ անվտանգության երաշխավորի կարգավիճակը ստանձնած կազմակերպության նիստում դժգոհել է միջազգային հանրության արձագանքից: Իսկ միգուցե ՀԱՊԿ-ն ինչ-որ ծպտո՞ւն հաներ: Ուշագրավ է այն, որ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Դուշանբեում ելույթ էր ունենում, Տավուշի մարզից լուր ստացվեց, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ ցերեկով կրակ է բացել Չորաթան համայնքի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների վրա: Իսկ ՀԱՊԿ-ը դարձյալ լռեց:
ՉԱՓԱԶԱՆՑ ԾԱՆՐ
Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության համար պայքարող Հայկ Կյուրեղյանը, որն անցած տարվա հունիսին դատարանի բակում կայանած մեքենայի վրա օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ, երեկ դատարանի վճռով մեղավոր ճանաչվեց խուլիգանության եւ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:
Նշենք, որ նման ծանր պատժի արժանացած Կյուրեղյանը տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին էր պատճառել թեթեւ մարմնական վնասվածք, եւ նրա արարքն ավելի շատ էմոցիոնալ պոռթկում էր, քան ծրագրված հանցագործություն: Եւ նման գերխիստ պատժաչափի նշանակումը չի կարող հարցեր չառաջացնել եւ հանրության մոտ կարծիք չձեւավորել, որ Կյուրեղյանի նկատմամբ կայացված դատավճիռն ավելի շատ հաշվեհարդար էր, քան համարժեք պատիժ: Առավել եւս, երբ մենք պարբերաբար ականատես ենք լինում տարբեր տրամաչափի պաշտոնյաների, նրանց զավակների, զարմիկների կամ թիկնապահների կողմից իրականացվող բազմաթիվ լկտի, աղաղակող հանցագործությունների, որոնց դեպքում, սակայն, ոչ թե պատժաչափերը համարժեք չեն լինում, այլ դրանք, առհասարակ, բացակայում են, քանի որ մինչ այդ դատախազությունում կամ քննչական մարմիններում գործը կարճում են: Իսկ այն բացառիկ դեպքերում էլ, երբ դա չի հաջողվում, եւ գործը հասնում է դատարան, կայացվում են այնպիսի վճիռներ, որոնց արդյունքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողը պարզապես դատարանի դահլիճից ազատ է արձակվում: Օրինակների հետեւից հեռուն գնալ պետք չէ. նույն Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի դեպքը` կապված Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, Խաչատրյանների գերդաստանի կատարմամբ էլի մեկ-երկու «դյուժին» համանման դեպքերը, Ռուբեն Հայրապետյանի կողմից ժամանակ առ ժամանակ այս կամ այն «անհնազանդ» աշխատակցին կամ պարտատիրոջը ծեծի ենթարկելու դեպքերը, կամ անգամ ավելի ցածր տրամաչափի գործիչների, օրինակ՝ Աժ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի կողմից սպանություն պատվիրելու դեպքը: Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել եւ բոլոր այս դեպքերում էլ հանրությունը երբեւէ ականատես չի եղել, որ այս հանցագործություններում կասկածվողների նկատմամբ իրականացվի արժանահավատ քննություն, էլ ուր մնաց` դրանց արդյունքում կայացվի արդար դատավարություն` համարժեք դատավճիռներով:
Եվ այս ֆոնին 31-ամյա Հ. Կյուրեղյանին ամբողջ 9 տարվա ազատազրկման դատապարտելով` իշխանությունները լրացուցիչ անգամ ցույց են տալիս, որ ծայրահեղ դաժանությամբ պատժելու են իրենց քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ընդվզողներին` անգամ փոքր հանցանքի կամ զանցանքի համար, եւ շարունակելու են աչք փակել եւ բոլոր ջանքերը գործադրել` ծանր հանցագործություններ գործած յուրայիններին ու նրանց հարազատներին օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար: