ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԵՖԸ ԿԱՍԻ
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից արդեն երեք օր է անցել, սակայն իրեն քաղաքական այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առ այսօր որեւէ կարծիք չի հայտնել ընտրությունների արդյունքների, ընտրական գործընթացի վերաբերյալ: Ըստ tert.am-ի՝ Ծառուկյանը Հայաստանում չէ, գա, նոր ԲՀԿ-ն կխոսի:

ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀԸ
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ հայտարարել է, թե փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ. «Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքնուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան: Քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միավորումը կարող է ձեւավորել ազգային անցումային խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը»։

ՄԻԱՍՆԱԿԱՆ Ի՞ՆՉ ԱՆԵՆ
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, անդրադառնալով հետընտրական իրավիճակին, երեկ ասել է. «Ամենավտանգավոր եւ սխալ որոշումը կլինի ընդդիմության ագրեսիվ քայլերը: Եթե որեւէ մեկը նպաստի բախմանը, դա ամոթ կլինի: Եթե որեւէ մեկը նպաստի ներկա վիճակին, դա էլ ամոթ կլինի: Հայաստանը պետք է միասնական լինի»:

ԶՈՒՍՊ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Նախագահական ընտրությունների առթիվ երեկ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ` միաժամանակ իր համաձայնությունը հայտնելով ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության արտահայտած մտահոգություններին: Մենք համաձայն ենք այն եզրակացություններին, որ թեեւ ընտրությունների օրն անցավ հանգիստ եւ կազմակերպված, բայց արձանագրվեց անպատեհ միջամտություն ընտրական գործընթացին, հիմնականում գործող նախագահին ներկայացնող վստահված անձանց կողմից, ինչպես նաեւ որոշ լուրջ խախտումներ, այդ թվում` ընտրողների նկատմամբ ճնշումների դեպքեր։ Միացյալ Նահանգները շարունակելու է հետեւել միջազգային եւ տեղական դիտորդների եզրակացություններին, ինչպես նաեւ ընտրություններից հետո բողոքարկման գործընթացի արդյունքներին»: Ուշագրավ է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ կոչ է արել ընտրական գործընթացի բոլոր կողմերին «հետընտրական շրջանում պահպանել հանդարտություն եւ զսպվածություն իրենց գործողություններում»:




Լրահոս