ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ 5 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ի գիշերը Երեւանի Սեւանի փողոցում լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ երիտասարդները դանակահարել են միմյանց: Վերջիններիս մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի մանրամասները, ինչպես նաեւ երիտասարդների ինքնությունը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզեցինք, որ փետրվարի 20-ի գիշերը հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Բուռնազյան 129 հասցեի բնակիչներ 30-ամյա Գեւորգ Հարությունյանը, 31-ամյա Պետրոս Հարությունյանը, Երկաթգծի 8-րդ փողոցի բնակիչ 35-ամյա Ռաֆիկ Սարգսյանը եւ Սարի թաղի 20-րդ փողոցի բնակիչ 17-ամյա Արսեն Խաչատրյանը:
Նշենք, որ երիտասարդներից մեկը դանակահարվել է գոտկային շրջանում, մեկն էլ վնասվածք է ստացել գլխին: Տեղեկացանք, որ Ռաֆիկ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Արսեն Խաչատրյանին եւ Պետրոս Հարությունյանին արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:
Ավելի ուշ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռ. Սարգսյանին պետք է տեղափոխեն վիրաբուժական բաժանմունք, եւ այս պահին ուրիշ ոչինչ ավելացնել չի կարող:
Մեզ հաջողվեց զրուցել Ռ. Սարգսյանի հոր` Հովհաննես Սարգսյանի հետ: Վերջինս շատ տխուր էր եւ դժվարությամբ կարողացավ զրուցել մեզ հետ: «Ես վեճի գիշերը մեր հողամասում էի, եւ ինձ ուշ ժամի զանգահարեցին ու ասացին, թե 35 տարեկան տղայիդ հիվանդանոց են տարել: Դե հիմա պատկերացրե՛ք իմ վիճակը. գալիս տեսնում եմ՝ տղաս վերկենդանացման բաժնում է, եւ հիմա ինչ վիճակում պետք է լինեմ ես»,-հուզված ասաց հայրը:
Նա նշեց, որ չգիտի, թե ինչն է եղել տղաների վեճի պատճառը: «Ընկերներով են եղել կամ չգիտեմ ովքերով են այդ կռիվը արել: Ինձ հիմա մի բան է հետաքրքրում, որ տղաս լավ լինի, ու մնացած հարցերը, թե սա ինչ վիճաբանություն էր, թող համապատասխան մարմինները պարզեն»,-խորը հոգոց հանելով՝ ասաց Հովհաննես Սարգսյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ճանաչում է իր որդու հետ հիվանդանոց տեղափոխված մյուս երիտասարդներին:  «Ոչ մեկին չեմ ճանաչում»,-նշեց հայրը:
Ռաֆիկի հարազատներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նույնպես զարմացած էր կատարվածով: «Չգիտենք՝ ընկերներո՞վ են ծեծել իրար: Թե ինչը կարող էր ստիպել, որ դանակահարել են միմյանց, մեզ էլ է մնացել անհասկանալի»,-ասաց նա:
Զրուցեցինք նաեւ տուժածներից Գեւորգ Հարությունյանի ընկերոջ՝ Կարենի հետ, որը եւս վեճի պատճառներից տեղյակ չէր: «Բան չեմ կարող ասել ձեզ, որովհետեւ ես էլ չգիտեմ վեճի պատճառը: Ես միայն գիտեմ, որ մյուս տղաների վիճակն արդեն նորմալ է»,-հայտնեց Կարենը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` միմյանց դանակահարած երիտասարդներն այնքան վատ վիճակում են տեղափոխվել հիվանդանոց, որ մինչ օրս ի վիճակի չեն կատարվածի մասին  հայտարարություն  տալ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ նույն օրը դանակահարություն է տեղի ունեցել նաեւ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում: 11-րդ դասարանի աշակերտուհի 17-ամյա Գայանեն դպրոցի նկուղում դանակահարել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ 18-ամյա Անուշավանին: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուրեն Թադեւոսյանի հետ, որը պատմեց, թե փետրվարի 20-ին՝ դասերի ավարտից հետո, Անուշավանը Գայանեին տարել է դպրոցի նկուղ եւ սկսել է հագուստից քաշքշել: «Ես իմացա, որ մի անգամ էլ են հանդիպում ունեցել, եւ այս անգամ, որքանով հասկացա, աղջիկն իր հետ ապահովության համար դանակ է վերցրել: Ու երբ տղան քաշքշել է նրա շորերից, աղջիկը դանակով հարվածել է տղային»,-ասաց նա: Տնօրենը նաեւ նշեց, թե Անուշավանի ծնողներն իրեն պատմել են, որ տղայի վիճակը լավ է, եւ նրան տեղափոխել են հիվանդասենյակ: «Գայանեն ակտիվ աղջիկ է, եւ ես իրեն ասացի, որ քեզ նեղացնում էր, ինչո՞ւ այդ մասին չես ասել դասղեկիդ կամ ծնողներիդ»,-վրդովված ասաց Ս. Թադեւոսյանը` հավելելով, թե Գայանեի մայրը քաղցկեղով հիվանդ է, իսկ հայրը՝ սովորական աշխատող:
Գայանեն հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ստորագրություն է տվել հանրապետությունից չբացակայելու մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս