Իրան-Հայաստան գազատարի կառուցումից անցել է 7 տարի, սակայն առ այսօր Սյունիքի մարզի Ագարակ եւ Մեղրի քաղաքները գազաֆիկացված չեն: Պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականից պետք է սկսվեր խողովակաշարի շինարարությունը: Սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվում, եւ Մեղրիի, Ագարակի բնակիչներին գազով ապահովելու խնդրի լուծումը մնում է օդում կախված:
Չնայած այն հանգամանքին, որ Իրան-Հայաստան գազամուղն անցնում է ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի վարչական տարածքով, մինչ օրս քաղաքը գազաֆիկացված չէ: Ագարակի քաղաքապետ Մխիթար Պետրոսյանի խոսքերով՝ այս խնդիրն ավելի ցայտուն է դառնում հատկապես ձմռան ամիսներին, երբ մարդիկ շատ մեծ դժվարությամբ են լուծում ջեռուցման հարցը: Նշենք, որ Ագարակ քաղաքի շրջակայքում անտառներ չկան, եւ մարդիկ ստիպված են թանկ գնով վառելափայտ ձեռք բերել: «Իհարկե, գազաֆիկացումը կնպաստի բնակչության կենցաղային եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Մենք անհամբեր սպասում ենք այդ գազին: Միշտ հետաքրքրվում ենք այս խնդրով, իսկ մեզ պատասխանում են, որ այն ուշադրության կենտրոնում է: Ես որքանով տեղյակ եմ՝ հիմա սպասում են ֆինանսավորման, այսինքն՝ գազաֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար պետք է գումար հայթայթեն: Իմ տեղեկությամբ՝ դրամաշնորհի տեսքով պետք է այդ խողովակները ներկրվեին, եւ հիմա դրանք արդեն ՀՀ-ում են, մասնավորապես Մեղրիում»,- ներկայացրեց Ագարակի քաղաքապետը:
Ի դեպ, եթե Ագարակը գազաֆիկացվի, ապա Կարճեւան եւ Լեհվազ գյուղերում էլ այդ խնդիրը կլուծվի: «Իրան-Հայաստան գազամուղի գազաբաշխիչ կայանն արդեն Ագարակում կա, եւ քաղաքում տեղակայված ռուսական զորամասը գազաֆիկացված է: Նաեւ սպաների երկու շենք ունենք, որոնք պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ են գազաֆիկացված: Առաջիկայում ՊՆ-ի շնորհիվ դպրոցն էլ կգազաֆիկացվի: Իսկ բնակիչները դեռ դիմանում են: Բարեբախտաբար, ձմեռները Ագարակում այդքան խիստ չեն լինում, բայց ամեն դեպքում գազի կարիք ունենք»,- նկատեց քաղաքապետը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ Ագարակի գազաֆիկացման համար քաղաքային բյուջեից գումար կհատկացվի՞, թե՞ ոչ. «Քաղաքապետարանի բյուջեից ոչ մի դրամ հնարավոր չէ հատկացնել դրա համար: Քաղաքի բյուջեն շատ փոքր է, որպեսզի կարողանանք նման մեծ ծրագրեր ֆինանսավորել»,- ասաց քաղաքապետը:
Գազաֆիկացման չլուծվող խնդրի առաջ է կանգնած նաեւ Մեղրին: Այստեղ նույնպես մարդիկ մեծ դժվարությամբ են վառելափայտ ձեռք բերում: Ամեն տարի՝ ձմռանը, տեղի բնակչությունը ավանդական եղանակով է հոգում ջեռուցման խնդիրը. քանի որ տարածաշրջանում անտառ չկա, բնակիչների մի մասը դա անում է էլեկտրաէներգիայի, իսկ մի մասն էլ՝ գնված փայտի միջոցով:
Ի վերջո, ե՞րբ կգազաֆիկացվեն Ագարակն ու Մեղրին: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ: Սակայն վերջինս հստակ ոչինչ չասաց, միայն նշեց, որ այս հարցը Կառավարության մակարդակով պետք է լուծվի: «Այս հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել: Երբեմն այս եւ այլ հարցերով կապ եմ հաստատում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալների հետ, սակայն իրենք էլ նշում են, որ անորոշ է»: «Ժողովուրդ»-ը վարչության պետից հետաքրքրվեց նաեւ Իրանից ՀՀ-ին հատկացված 2 մլն դոլար դրամաշնորհի ճակատագրով, որը նախատեսված էր Ագարակի եւ Մեղրիի գազաֆիկացման համար: Սակայն վերջինս խուսափեց այս հարցին պատասխանելուց. «Ես այդ տարիներին մարզպետարանում չեմ աշխատել, տեղյակ չեմ»,- ասաց նա:
Սյունիք ԳԳՄ-ի գլխավոր ինժեներ Արմեն Պողոսյանը եւս «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, որ առայժմ հայտնի չէ, թե երբ կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները: Նա նույնպես հաստատեց այն տեղեկությունը, որ գազամատակարարման համար անհրաժեշտ խողովակաշարը գտնվում է Մեղրիում: «Խողովակաշարը պահեստավորված է, բայց տեղյակ չենք, թե երբ կսկսվեն աշխատանքները»,- ավելացրեց գլխավոր ինժեները:
Հավելենք, որ ՀՀ Կառավարության նախորդ տարվա մարտի 19-ի նիստում որոշում կայացվեց՝ սահմանամերձ գյուղերը գազաֆիկացնելու վերաբերյալ: Եւ այդ նպատակով Իրանը Հայաստանին 2 մլն դոլար հատկացրեց՝ Իրանին սահմանամերձ Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազաֆիկացման համար: Իսկ հայկական կողմը պարտավորվեց հատկացնել մոտ 500 հազար դոլար, սարքավորումների եւ խողովակների ներկրումից հարկերի եւ տուրքերի պարտքերի դուրս գրման տեսքով: Իսկ մինչ այդ ՀՀ-ի եւ Իրանի կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել էին Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիր, որով Իրանը տրամադրել էր 2 մլն դոլար դրամաշնորհ՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն՝ հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի եւ պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքների ցանկն ու քանակը, ինչպես նաեւ՝ աշխատանքի ծավալը: Սակայն դեռ չեն սկսվել գազաֆիկացման աշխատանքները, այն դեպքում, երբ դրա համար նախատեսված գումարը հատկացվել է դեռեւս 2011 թվականին: «Ժողովուրդ»-ը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ եւ հետաքրքրվեց, թե երբ են սկսվելու Սյունիքի մարզի Ագարակ եւ Մեղրի քաղաքային համայնքների գազաֆիկացման աշխատանքները: Ընկերությունից պատասխանեցին, որ ո՛չ ընթացիկ տարում եւ ո՛չ էլ 2016 թվականի ծրագրերում նշված տարածաշրջաններում գազաֆիկացում նախատեսված չէ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս ուշացումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրա համար նախատեսված գումարն արդեն հատկացվել է: Այս հարցով «Ժողովուրդ»-ը գրավոր դիմեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից, սակայն, առայժմ պատասխան չենք ստացել:
Ի դեպ, ամիսներ առաջ այս հարցի շուրջ բարձրաձայնել էր նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որը Հայաստանին տրամադրվող միջազգային դրամաշնորհների հետ կապված ՀՀ Էներգետիկայի նախարարությունից ստացել էր մի տեղեկանք, որում զետեղված են մի շարք հիմնարկների ստացած արտասահմանյան դրամաշնորհները: Ըստ այդ տեղեկանքի՝ դեռեւս 2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը «Հայռուսգազարդ» ընկերությանը տրամադրել էր 2 մլն դոլարի (խոսք վերը նշված 2 մլն դոլարի մասին է) դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներում բնակչության համար գազամատակարարման ցանց կառուցելու նպատակով: Սակայն ո՛չ Մեղրիի եւ ո՛չ էլ Ագարակի բնակիչները մինչ օրս իրենց բնակարաններում բնական գազ չունեն:
Այսքանից հետո դժվար է հակադարձել այն պնդմանը, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ու «Գազպրոմ Արմենիա»-ն Իրանի հատկացրած 2 մլն դոլարը մսխել են: Հարցն այն է, թե կոնկրետ ո՞վ եւ որքա՞ն է մսխել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ
45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ, ձկան պաշարներով հարուստ Ջողազի ջրամբարը ներկայումս հայ-ադրբեջանական սահմանն է: Բերքաբերի եւ Ջողազի ջրամբարի մերձակա հայկական գյուղերի որոշ բնակիչներ, երբեմն ռիսկի դիմելով, փչովի նավակներով ձկնորսություն են անում լճում: Ադրբեջանական զինուժը անմիջապես արձագանքում է` թիրախավորելով ձկնորսներին: Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա տասնյակ կրակահերթեր էին արձակել: Վիրավորել էին նրա ոտքերը` սրունքների շրջանում, սակայն ձկնորսը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չէր ստացել: Անգամ այդ դեպքից հետո էլ, չնայած Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի հորդորներին եւ հանդիմանությանը, Աղասի Թամրազյանը շարունակում էր կյանքի համար վտանգավոր ձկնորսությունը: Վերջերս տեղեկացանք, որ Ջողազի ջրամբարում կրկին նավակով հայ ձկնորսներ են հայտնվել: Նավակները ապահովության համար լողում են ջրամբարի եզրով, սակայն դա եւս անվտանգ չէ. ձկնորսները կարող են գնդակոծվել Ղազախի շրջանի Մազամ գյուղի տարածքից: Նախօրեին համացանցում հայտնվել է Ջողազի ջրամբարում որսված հսկա ձկան լուսանկար: Սահմանագոտում առկա համատարած գործազրկության պայմաններում Ջողազի ջրամբարում իրականացվող վտանգավոր ձկնորսությունը շատերի համար եկամտի կարեւոր աղբյուր է:
«ՎԵՐՄԱԿԻՆ» ՍՊԱՍԵԼՈՎ
Անցած ուստարում ուսման վարձի զեղչերի պետական աջակցությունից օգտվեցին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 6 գյուղերի եւ Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի ուսանողները: Սեպտեմբերի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կոթի կատարած այցելության ժամանակ կոթեցիները հարց բարձրացրին, թե ինչու մարզի սահմանամերձ մյուս գյուղերի ուսանողներին նման աջակցություն չի ցուցաբերվում: Վարչապետը Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանին առաջարկեց ներկայացնել Կոթիի ուսանողների ցանկը: Նոյեմբերյանի սահմանամերձ համայնքների ղեկավարներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն իսկ նրանց կողմից ներկայացվել է իրենց գյուղերից բուհերում սովորողների ցանկը, եւ խոստացվել է, որ առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը ամբողջությամբ զեղչվելու է: Սակայն գյուղապետերը չգիտեն, թե ավելի բարձր կուրսերի ուսանողների վարձը քանի տոկոսով է զեղչվելու: Տավուշի մարզպետարանում օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը սահմանամերձ դպրոցների տնօրեններին խնդրեց շրջանավարտներին տեղեկանք տրամադրելիս օբյեկտիվ լինել` նշելով, որ նախարարությունը հետեւելու է, որ ուսման վարձի զեղչերի հավակնորդներն անպայման ավարտած լինեն սահմանամերձ գյուղի դպրոցը: Ա. Աշոտյանը հայտնեց, որ աջակցության ռեսուրսը մեծ չէ՝ ասելով. «Փորձենք վերաբերվել որպես ազգային գործ: Չպետք է վերաբերվել որպես վերմակ: Այդ դեպքում վերմակը չի հերիքելու բոլորին: Պետք է այնպես արվի, որ վերմակը գնա բուն այն մարդկանց, ում համար կարվել է»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՔՆՆԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում հատուկ քննչական ծառայությանը կհատկացնի 16 մլն 537 հազար 600 դրամ. անհրաժեշտություն է առաջացել հաստիքացուցակի հաստիքների ավելացման: Պարզ է, որ հաստիքակազմի ավելացումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որն էլ ՀՔԾ-ն չունի: Բանն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012 թվականից մինչ օրս գրանցվել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածության աննախադեպ աճ: Ըստ ՀՔԾ-ի ուսումնասիրությունների՝ պարզվել է, որ այս տարի ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը 2012-2013թթ. համեմատությամբ չորս անգամ ավելացել է: Այսինքն` այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում քննիչների կողմից քննվել է նույնքան քրեական գործ, որքան 2012-2013թթ. ընթացքում միասին վերցրած: Ուշագրավ է նաեւ, որ նախորդ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում քննված գործերի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 76.7 տոկոսով աճել է: Ի դեպ, վերլուծության եւ հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ՀՔԾ հաստիքակազմը անհրաժեշտ է ավելացնել եւս 7 ՀԿԳ ավագ քննիչների հաստիքներով: