ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականների մոտ խոսելը հատկապես վերջին ժամանակներում համառորեն չի ստացվում եւ հիմնականում աշխատում է ի վնաս իրենց առանց այն էլ ցածր վարկանիշի։ Արդեն ավանդական դարձած լղոզումներին նախընտրական շրջանում գումարվեցին Սերժ Սարգսյանի չհաջողված կատակները կամ ավելի շուտ՝ «բացթողումները», որոնք միանգամից լայն ժողովրդականություն վայելեցին։ Երեկ «բացթողումների» հերթը ԱԺ նախագահ, «ընտրակեղծիքների ազգային ինստիտուտի դոկտոր-պրոֆեսոր» Հովիկ Աբրահամյանինն էր, որը ղեկավարում էր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:
Նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները վերարտադրվելու համար լայնորեն օգտագործում են պետական լծակները, եւ վաղուց էին շրջանառվում լուրեր, որ 2013թ. նախագահական ընտրությունների համար մարզպետերին, քաղաքապետերին, համայնքների ղեկավարներին, նրանց տեղակալներին եւ պետական այլ պաշտոնյաներին հստակ հրահանգված էր իրենց տարածքներում հնարավորինս շատ ձայներ ապահովել Սերժ Սարգսյանի համար՝ օգտագործելով պետական լծակները, ռեսուրսները եւ ընձեռնված բոլոր հնարավորությունները։ ՀՀԿ երեկվա նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ Հովիկ Աբրահամյանը միգուցե ոչ գիտակցաբար խոստովանել է այդ հանգամանքը՝ ասելով. «Չի բացառվում, որ մարզերում, որտեղ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ է հավաքել, այդ մարզպետերին նկատողություններ տրվեն։ Ավելին, նրանք պետք է գնահատվեն ըստ աշխատանքի»: Նաեւ հավելել է, որ «հնարավոր է ամեն ինչ»։
Այս խոսքերից կարելի է 2 եզրակացություն անել. 1-ին՝ այն մարզերում, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնական տվյալներով պարտվել է, ՀՀԿ-ն իրականում այնքան ցածր վարկանիշ է ունեցել, որ մարզպետերը, ըստ իրենց ստացած հանձնարարականների, նույնիսկ խախտումներով ու կեղծիքներով չեն կարողացել ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը, եւ 2-րդ՝ նույն մարզպետերի վիճակն այսօր, մեղմ ասած, նախանձելի չէ, քանի որ, ինչպես արդեն Հովիկ Աբրահամյանն է ասել, «հնարավոր է ամեն ինչ»։
Խոստովանությունից զատ, ընտրակեղծարարության «մասնագետը», ՀՀԿ-ական ավանդույթի համաձայն, կարողացել է վարպետորեն «տակից դուրս գալ»՝ իրենց անհաջողությունների համար մեկնաբանություններ գտնելով։ Գյումրիում իրենց պարտությունը Հ. Աբրահամյանը պայմանավորել է բնակչության մեջ առկա դժգոհությունների, աշխատատեղեր չլինելու հանգամանքով՝ ավելացնելով. «Դուք գիտեք նաեւ, որ մենք այնտեղ մեծ աշխատանքներ ենք կատարում, այս վերջին տարիներին մոտ 250 մլն դոլարի ներդրում է կատարվել, բայց կա մարդկանց դժգոհություն, եւ դա տեղին է։ Դա նաեւ մեր ուշադրությունն է գրավում, մենք պետք է լուրջ մոտեցումներ եւ քննարկումներ անենք այնտեղ, որտեղ մեծ դժգոհություններ կան, փորձենք հասկանալ պատճառները եւ թերությունները վերացնել»։ Ստացվում է, որ մյուս մարզերը գերազանց վիճակում են:
Համաձայնե՛ք, որ գերազանց ու պրոֆեսիոնալ լղոզում էր, եւ, իհարկե, առանց իշխանությունների եւ ՀՀԿ-ի գովքի ոչ մի կերպ հնարավոր չէր։ Հովիկ Աբրահամյանի եւ նրա թիմակիցների նման խոսքերը լսելով՝ ոմանք միգուցե մի պահ ափսոսան, թե ինչու իրենց ձայնը չտվեցին հօգուտ Սերժ Սարգսյանի, բայց միայն մի պահ, քանի որ դրանից անմիջապես հետո գալիս է «սառը ցնցուղը»։
Լրագրողների հետ նույն զրույցի ժամանակ Հ. Աբրահամյանը եւս մի անզգույշ արտահայտությամբ մատնել է արդեն Սերժ Սարգսյանին։ Խոսքը վարչապետի փոփոխության եւ իր՝ վարչապետ դառնալու վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին է, ինչի կապակցությամբ Աբրահամյանն ասել է. «Նման ցանկություն ես չունեմ։ Գիտեք ինչ, վարչապետը նորմալ աշխատում է, եւ դա միայն իմ որոշելով չէ։ Կուսակցությունում կքննարկենք եւ կորոշենք ապագայում»։
Այսինքն՝ ուզում է ասել, որ Սերժ Սարգսյանի մտքին վարչապետի փոփոխություն չկա, քանի որ Տիգրան Սարգսյանի կազմաքանդիչ գործունեությունը ձե՞ռք է տալիս ՀՀԿ առաջնորդին։ Այդ դեպքում ո՞ւր մնաց Տիգրան Սարգսյանին փոխելու մասին ԲՀԿ-ին տված խոստումը։ Չէ՞ որ խոստումներ դրժելն այնքան էլ սիրուն չէ։

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս