Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ՞ ՓՈՇՄԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում Սերժ Սարգսյանը: Նա սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում կայացած հանդիպումից հետո քաղաքի ղեկավարությանը հարցրել է, թե Նոյեմբերյանում որեւէ ծրագիր իրականացնելու համար ինչ խնդրանք ունեն: Ս. Սարգսյանը, որեւէ խնդրանք չլսելով, ինքն է առաջարկել Նոյեմբերյանի մարզադաշտի համար նստարանների շինարարությունը պետբուջեից ֆինանսավորել: Դրանից հետո, որպեսզի այդ գործը պատշաճ ընթացք ունենա, Նոյեմբերյան քաղաքի ավագանին նիստ է գումարել եւ ֆուտբոլի խաղադաշտի նստարանների շինարարությունը ֆինանսավորելու խնդրանք-ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին: Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պարտվեց Նոյեմբերյան քաղաքի բոլոր 3 ընտրատեղամասերում: Հիմա մտավախություն կա, որ Ս. Սարգսյանը կարող է կյանքի չկոչել խոստումը: Նշենք, որ 2007 թվականից մինչեւ հիմա պետբյուջեից Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման համար հատկացվել է 165 միլիոն դրամ: Այդ գումարով Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվն ընդլայնել է մարզադաշտի տարածքը, հենապատեր կառուցել, խաղադաշտը ոռոգելու համար խողովակներ անցկացրել, խաղադաշտում  խոտ  ցանել, կառուցել երկհարկանի շենք, որտեղ ֆուտբոլային թիմերի համար նախատեսված հանդերձարաններ եւ երկու փոքր մարզադահլիճներ են: Խաղադաշտը, սակայն, դեռեւս չի շահագործվում: Մարզադաշտի վերակառուցումը ձգձգվում է 6 տարի: Դրա հետեւանքով ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հանդես եկող Նոյեմբերյան քաղաքի մանկապատանեկան թիմը խաղերն անցկացնում է Կողբի կամ Հաղթանակի մարզադաշտերում: Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման ձգձգման պատճառները երկուսն են՝ բյուջեից «կտոր-կտոր» ֆինանսավորումը եւ այն, որ տարածքի հետ կապված վեճ ու դատական գործընթացներ կան քաղաքապետարանի եւ մարզադաշտի հարեւանությամբ տարածք ունեցող նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատեր Սամվել Գիշյանի միջեւ: Այդ մարզադաշտի վերակառուցման համար ներդրվել է 165 միլիոն դրամ, սակայն կառուցապատման ծրագրով նստարանների շինարարություն նախատեսված չէր: Մինչդեռ ի՞նչ մարզադաշտ առանց մարզասերների  նստարանների:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս