«ԴԱՆԱԿԸ ԱՆՑԵԼ Է ՈՍԿՈՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում Սերժ Սարգսյանը հավաքել է 34.9%, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 59.44%: Ս. Սարգսյանի պարտությունը անկանխատեսելի էր ոչ միայն հասարակ ժողովրդի, այլեւ բարձրաստիճան այրերի, հասարակական եւ քաղաքական գործիչների համար:
«Ես չէի սպասում նման արդյունքների: Մեր ժողովուրդը ծով համբերություն ունի, բայց արդեն դանակը ոսկորից անցել ա, եւ Րաֆֆիի` Վանաձորում տարած հաղթանակը ես պայմանավորում եմ դրանով: Կեցցե՛ իմ ժողովուրդը, անկախ ամեն ինչից՝ ես, ժողովրդի ծառան լինելով, հպարտանում եմ, որ այս ազգի ներկայացուցիչն եմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ Վանաձորի գրասենյակի համակարգող, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը: «Ժողովուրդը ձայնը տվել է Ր. Հովհաննիսյանին, բայց այդ ձայնը նրանը չէ, դա ժողովրդի ձայնն է, ժողովուրդը պետք է տեր կանգնի իր ձայնին մինչեւ վերջ, Րաֆֆին միայն միջոց է: Ժողովուրդը պետք է պայքարի, որպեսզի ազատվի այս ավազակապետությունից, եւ ՀԱԿ-ը կսատարի բոլոր նրանց, ովքեր կարող են դա անել»,-ավելացրեց Ա. Մանուկյանը:
Ըստ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի` ընտրությունների արդյունքները Վանաձորում այնքան սպասելի չէին. «Մենք մտածում էինք, որ ձայները հավասար կլինեն, բայց պարզվեց, որ պարտվեցինք»: Հարցին` Ս. Սարգսյանի վստահված անձինք նկատել են արդյոք ընտրախախտման դեպքեր կամ ընտրակեղծիքներ Վանաձորում, մարզպետը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, եթե ընտրակեղծիքներ լինեին, Ր. Հովհաննիսյանը կհաղթե՞ր»: Մարզպետը կարծում է, որ «Ժառանգության» առաջնորդն այսօր անիմաստ է պայքարում. «Եթե որեւէ թեկնածու դժգոհ է ընտրությունների արդյունքներից, դիմում է այլ ճանապարհի, ես հիմա չգիտեմ` Ր. Հովհաննիսյանն ինչ ճանապարհով է ուզում իր խնդիրը լուծել»:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս