ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐԴՈՒՆ ԿԱՍԻ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ զրույցի (սկիզբը՝ նախորդ համարում) ընթացքում պարզեցինք, որ դերասանները սերիալներում նկարահանվելուց առաջ թատրոնից թույլտվություն չեն հարցնում:
-Կարծիք կա, որ մեր թատրոնները դարձել են սերիալներին դերասաններ մատակարարող «ցեխեր», ի՞նչ կասեք դրա մասին:
-Ո՞ւր է, որ այդպես լիներ: Սերիալներում խաղում են թատրոնների դերասանները, բա ո՞վ խաղա, հո հեծանվորդները չե՞ն խաղալու: Նորից եմ կրկնում, ո՞ւր էր՝ այդպես լիներ: Լավ էլ տեսնում ենք, որ վերցնում են չդերասանների, ա՛յ դա է համը հանում: Իսկ ավելի լա՞վ չէ ժողովուրդը սերիալում տեսնի լավ դերասանի, քան վատ չդերասանների:
-Դերասանների նկարահանումները չե՞ն խանգարում թատրոնի աշխատանքին:
-Մեծ առումով ոչ, հազվադեպ պատահում է, որ որեւէ մի դերասան այդ օրը չնախատեսված նկարահանում է ունենում: Իսկ սովորաբար սերիալն են հարմարեցնում թատրոնին, առաջնահերթը թատրոնի աշխատանքն է:
-Հետաքրքիր է, երբ դերասանները որոշում են սերիալում նկարվել, թատրոնից թույլտվություն հարցնո՞ւմ են:
-Ցավոք սրտի, չեն հարցնում: Բայց դա սխալ պրակտիկա է, մյուս կողմից էլ չես կարող բռնանալ, ասել՝ այս կամ այն դերը մի՛ խաղա, իր աշխատանքն է, դրանով է գումար վաստակում:
Ուրիշ ոչ մի երկրում նման բան չկա, որ այսքան թատրոն պահվի, այդքան պետական գումարներ ներդրվեն արվեստի մեջ: Նույնիսկ ամենահարուստ երկիրն ունի մի ազգային թատրոն, մնացածներն էլ իրենք իրենց են պահում: Ֆրանսիայի, Անգլիայի պես երկրներում մի հատ, մաքսիմում երկու պետական հովանավորությամբ թատրոն կա: Իսկ Հայաստանում գիտե՞ք՝ քանի թատրոն կա:
-Վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ դերասան է դուրս եկել թատրոնից:
-Կազմից դուրս է եկել մի հոգի միայն` Լուսինեն Կոստանյան, այն էլ չի ասել՝ ինչու: Ոչ միայն ես, նաեւ մյուսները համոզեցին, որ մնա, բայց հեռացավ` առանց պատճառն ասելու: Բայց նա այն դերասանուհին էր, որը ե՛ւ դերեր ուներ, ե՛ւ խաղում էր, ե՛ւ շատ սիրում էինք բոլորս:
-Թատրոնում կա՞ այն երեւույթը, որ ով մոտ է տնօրենի կամ գլխավոր ռեժիսորի հետ, նա էլ ստանում է լավագույն դերերը:
-Նորից կհիշեմ Հրաչյա Ղափլանյանի խոսքերը, ասում էր. «Ազի՛զ ջան, օգնեմ, ինչով ուզում ես, օգնեմ` տուն դասավորեմ, մեքենա, բայց երբ բացվի վարագույրը, ոչ մի բանով չեմ կարող օգնել»: Ես ինչպե՞ս հույս դնեմ անտաղանդ մարդու վրա, ով ուզում է՝ լինի, ի վերջո, իմ աշխատանքն է երեւալու, լավ դերասանով պետք է երեւա: Ինչքան դերասանն է կախված ռեժիսորից, այդքան էլ ռեժիսորը՝ դերասանից: Ավելին ասեմ, ինձ մոտ մարդիկ թատրոնում գիտեն՝ ինձ համար նման բան գոյություն չունի: Իմ տղան էլ է թատրոնում խաղում, ու երբ «Կովկասի կավճե շրջան» ներկայացման մեջ ես նրան դեր տվեցի, սկզբում չէր ստացվում, ու ինձ համար անձնական մեծ ցավ էր: Ես գիտեի, եթե չստացվի, նույնիսկ նրան ասելու եմ ոչ: Միանշանակ այդպես էի վարվելու, հո խայտառակ չէի՞ք լինելու:
-Դուք Սունդուկյան թատրոնում եք երիտասարդ տարիքից, այս տարիների ընթացքում շա՞տ է փոխվել մայր թատրոնի դեմքը:
-23 տարեկանից այստեղ եմ: Ինչքան որ երկրի դեմքն է փոխվել, այնքան էլ թատրոնի:  Թատրոնն էլ մի օրգանիզմ է:  
-Ի՞նչ է պետք թատրոնին նոր շունչ հաղորդելու համար, միայն երիտասարդ դերասաններին ներգրավելը բավակա՞ն է:
-Ոչ միայն ներգրավել, նաեւ ուղղորդել ու կրթել է հարկավոր: Նախկինում մեզ համար գնալ Մոսկվայում ներկայացում նայելը շատ հեշտ էր. 40 ռուբլի տալիս էինք, գնում: Ես էնտեղ մոտ 70 ներկայացում եմ նայել, քիչ չէ: Այսօրվա էրեխեքը դրա հնարավորությունը չունեն, բայց այսօր էլ կա ինտերնետ, ինֆորմացիայի պակաս չունեն:
-Երիտասարդների մեջ կա՞ն շնորհալիները:
-Իսկապես կան, օրինակը բերեմ «Կովկասի կավճե շրջան»-ից, որովհետեւ երիտասարդներն այնտեղ շատ են: Ես շատերին փորձեցի Գրուշեյի դերի համար, դեր, որ յուրաքանչյուր դերասանուհի կերազեր խաղալ: Հետո կանգ առա Արաքս Մելիքյանի եւ Լուսինե Կոստանյանի վրա: Տեսա՝ երկուսն էլ շատ լավ են խաղում, մտածեցի՝ ոնց չտաս հնարավորություն երկուսին էլ, ինչպես զրկես այդ մարդկանց: Երկուսն էլ խաղացին ու շատ տարբեր:
-Առաջիկա տարիների համար ունե՞ք նախատեսած ծրագրեր:
-Դա էլ կոնկրետ հարցերից է կախված: Նախաձեռնություններ իհարկե կլինեն, չեմ պատկերացնում թատրոնը տարեկան առանց երեք բեմադրության:
-Ո՞ւր կհասնի թատրոնն այս քայլերով:
-Որ ասեմ, բարձրագոչ կհնչի, դրա համար չեմ ասի: Չեմ ուզում, որ այն դառնա այն հին թատրոնը, բայց իր տեսակով ու քաշով ուզում եմ հին ավանդույթներով լինի: Պահվի Սունդուկյան թատրոնի անունը: Չեմ ասում՝ հիմա այդպես չէ, բայց ես կուզեի ավելին, որ թատրոնն իր անվանն արժանի լիներ:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս