Հայաստանը մասնակցում է «World Routes 2015» համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, մասնակցում է սեպտեմբերի 19-22-ը Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող «World Routes 2015» համաժողովին:

«World Routes» համաժողովը, որն անցկացվում է 21-րդ անգամ, համախմբում է համաշխարհային ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:
Այս տարի միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ և 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:

Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության և Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաներին Հայաստանի ինտեգրման ընթացքը և հեռանկարները:
««World Routes 2015» համաժողովը լավ առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար և հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին և նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները:

Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից է նաև աշխատանքներ իրականացնել դեպի Հայաստան ներդրումներ և նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Նախատեսվում են բանակցություններ շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը:




Լրահոս