“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ քվեարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը պարտվել է: Այս առիթով զրուցեցինք Գալուստ Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, ի՞նչն է պատճառը, որ Ձեր թաղամասում ՀՀԿ առաջնորդը շուրջ 300 ձայնով խայտառակ ձեւով պարտվեց:
-Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի օգտին չեն քվեարկել, ու նա խայտառակ պարտություն է կրել: Ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը, որին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, եւ Դուք երբեւիցե մի՛ մտածեք, որ որեւէ տեղ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Մենք գնացել ենք պարզ ու արդար ընտրությունների՝ անգամ քաղաքական բանավեճի մեջ չմտնելով մեր մրցակիցների հետ, որպեսզի նորմալ, կարգին ընտրություններ լինեն: Իսկ էս տեղամասում ինչ է եղել, մյուս տեղամասերում ինչ է եղել՝ բոլորը երկրորդական բաներ են, եւ փորձում են հասարակության մեջ ինչ-որ որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունենալ: Բնավ մի՛ մտածեք, որ մենք պարտվել ենք ու երբեւիցե կպարտվենք:
-Բայց ԿԸՀ-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սերժ Սարգսյանի մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը շատ տեղամասերում խայտառակ պարտության է մատնել ՀՀԿ առաջնորդին:
-Ես արդեն նշեցի, որ Սերժ Սարգսյանը չի պարտվել, Սերժ Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ:
-ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու իր կողմնակիցներին կոչ արել, որ տուն գնան եւ այսօր հավաքվեն՝ նշելու իրենց հաղթանակը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ են պայմանավորվել Ս. Սարգսյանն ու Ր. Հովհաննիսյանը: Հնարավո՞ր է՝ Սարգսյանը համաձայնել է հանձնել իշխանությունը:
-Դա Րաֆֆի Հովհաննիսյանի՛ց հարցրեք: Իշխանությունը ստեղծում է ժողովուրդը, ընտրում է ժողովուրդը, երբեք ու երբեք մեծամասնության կարծիքը չի ստորադասվում փոքրամասնության կարծիքի հետ: Ա՛յ եթե ասեք՝ հանդուրժողականություն կցուցաբերվի՞ որոշակի բանակցային պրոցեսներում, սա, կարծում եմ, արդեն լուրջ հարց է: Ես ի՞նչ կարող եմ ասել, եթե ամբողջ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց, բայց ինքը հետաձգեց պատասխանը:
-Իսկ ի՞նչ է պատրաստ ՀՀԿ-ն հանուն Րաֆֆու: Կբավարարե՞ք նրա պահանջները:
-Ես բազմիցս կրկնել եմ, որ մենք ցանկացած քաղաքական ուժի հետ կարող ենք ե՛ւ բանակցել, ե՛ւ համաձայնություններ ունենալ, որովհետեւ մեր խնդիրն այլ է՝ համեմատած մյուսների խնդիրների հետ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 485 համար