ՀԱՊԿ-ն ավանդաբար դիտարկվել է ավելի շատ որպես թղթի վրա գործող կազմակերպություն, քան՝ դաշինք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Անցյալ տարի, երբ Հայաստանի սահմանները բավականին թեժացան, ՀԱՊԿ-ի պահվածքը բավական տարօրինակ էր՝ այն իմաստով, որ Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը դասական առումով տեղավորվում էր ՀԱՊԿ-ի համապատասխան հոդվածի շրջանակներում: Սա առնվազն պահանջում էր, որ այդ կառույցը պետք է ոչ միայն՝ քննարկի իր դաշնակցի նկատմամբ նախապատրաստվող ոտնձգությունը, այլև՝ կոլեկտիվ արձագանք տա»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Նրա խոսքով` Հայաստանը պետք է ոչ միայն ապավինի սեփական միջոցներով կասեցնելու կամ լռեցնելու հակառակորդին, այլև դաշինքի խնդիրը դնի:
«Ադրբեջանն այնքան էլ հիմար չէ, նա մշտապես իր գործողությունները նախաձեռնել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ նաև ինքն է նպատակ ունեցել հասկանալու, թե այս կամ այն կառույցին Հայաստանի անդամակցությունն ինչպես է փոխում նրա պաշտպանվածության մակարդակը»,- նշեց Ս. Սաֆարյանը: