«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և Ազգային ժողովում կողմ է քվեարկելու բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«Մեր 64 տարածքային կազմակերպություններում արդեն ավարտվել են քննարկումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Դուք գիտեք, որ մենք խոստացել էինք ներկայացնել մեր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, երբ կավարտվեն քննարկումները մեր տարածքային կառույցներում: Այսօր ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և սատարելու է դրանք կյանքի կոչելու գործընթացին», – նշեց նա:
Նա մանրամասնեց, որ այդ որոշումն իրենք մեկ օրվա ընթացքում չեն կայացրել. եղել են բազմակողմանի քննարկումներ կուսակցության բոլոր տարածքային կառույցներում, մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դրույթները: