ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԹԱԼԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բանկային համակարգը հայաստանյան ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը՝ ավելի քան 1 մլրդ դոլար 2012թ. դրությամբ: Քաղաքացին հաճախ է հարաբերվում բանկերի հետ եւ բախվում բանկային զանազան աճպարարություններին: Դրանց արդյունքը մեծամասամբ մեկն է՝ բանկի գերշահույթի ապահովումը: Բավական է նկատել, որ եթե ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամի արդյունքում ԱՄՆ-ում սնանկացան 279 բանկեր, Հայաստանում ոչ մի բանկ չտուժեց, ավելին, նրանց շահույթները զգալիորեն մեծացան: Ստորեւ անդրադառնանք այդ համակարգի առանցքային բանկերից մեկին՝ ՎՏԲ-ին, եւ նրա կողմից մատուցվող ոսկու գրավով տրվող վարկային ծառայությանը:
Թեպետ բանկային համակարգը ժամանակակից աշխարհում բավական բարձր համարում ունի, եւ ֆինանսական գործարքները հիմնականում կատարվում են հենց այդ համակարգի միջոցով, մեզ մոտ, մասնագետների գնահատմամբ, այն թերի է գործում: Բավական է հիշատակել բանկերի տված բարձր տոկոսներով վարկերը, երբ մարդիկ, իրենց բիզնեսի համար վարկեր վերցնելով, ուղղակի վերածվում են պարտապանի, բանկի ձեռքում խաղալիքի: Առանձնացնենք, որ բացի վերջերս մեծ աղմուկ բարձրացրած գյուղատնտեսական վարկերի առաջացրած դժվարություններից, քաղաքացիները ոսկու գրավի միջոցով վարկեր վերցնելու դեպքում եւս կանգնում են բավական բարդ դրության առաջ:  
Ըստ այդմ՝ հարկ է անդրադառնալ ՎՏԲ բանկի՝ ոսկու գրավով տրվող վարկային գծին, որը, ի տարբերություն մյուս բանկերի, ամենագրավիչն է, բայց նաեւ հարցահարույց: Թեպետ ՎՏԲ բանկը բավական բարձր գումար է առաջարկում ոսկու գրավի դիմաց, բայց եւ այնպես “հետաքրքիր” զարգացումներ կարող են առաջանալ, եթե քաղաքացին հանկարծ չկարողանա մարել գրավադրված առարկայի դիմաց տրված վարկը: Նախ նկատենք, որ սույն բանկը գրավի ձեւակերպման ժամանակ քաղաքացուն “առաջարկում” է նախապես վճարել երեք ամսվա տոկոսների գումարը (իրականում, սակայն, երեք ամսվա տոկոսի գումարը պահում են առանց հարցնելու): Ապա եւ՝ քաղաքացու հետ կնքվում է փոքր տառաչափով կազմված “ստանդարտ” մի պայմանագիր, որտեղ իրականում ողջ գործընթացը՝ ոսկու գրավի ձեւակերպումից մինչեւ վարկի մայր գումարը մարելու կամ էլ տրված գումարը չվճարելու տարբերակները չեն մասնավորեցվում: Երեք ամիս հետո քաղաքացին ինքը պետք է հիշի, որ վարկի մարման խնդիր ունի եւ շտապի ՎՏԲ՝ շուտափույթ լուծելու վարկի հետ կապված խնդիրները: Հատկանշական է, որ ՎՏԲ-ից որեւէ մեկը չի ծանուցում կամ հիշեցնում քաղաքացուն վարկի մարման անհրաժեշտության մասին:
Վերոհիշյալ բանկի “ներքին ընթացակարգի” համաձայն՝ վարկի ժամկետի սպառվելուց հետո, երբ քաղաքացին ի վիճակի չի լինում մարել վարկի մայր գումարը, յուրաքանչյուր օրվա համար գումարի 0,2%-ի չափով տույժ է կուտակվում: Քաղաքացին կարող է միամտություն ցուցաբերել ու մտածել, թե ճիշտ կլինի համաձայնելը, որ իր գրավադրված առարկան մնա բանկի հոգածության ներքո, եւ վերջինս վարվի դրա հետ՝ ըստ իր հայեցողության: Եթե քաղաքացին, այդուհանդերձ, անկարող է մարել վարկը, նա պետք է գնա բանկ եւ համապատասխան դիմում գրի, որի արդյունքում բանկը “հնարավորություն” կստանա վաճառել գրավ դրված ոսկին: Պարզվում է, սակայն, որ բանկը չի շտապում իրեն հանձնված սեփականությունը վաճառելու հարցում: 
Ավելին, եթե բանկը “չի կարողանում” վաճառել գրավադրված առարկան, ապա յուրաքանչյուր օրվա համար քաղաքացու նկատմամբ շարունակվում է տույժերի կիրառումը: Ի՞նչ է ստացվում. բանկը, իր շահույթից ելնելով, երկու ամիս շարունակ կարող է չվաճառել գրավադրված առարկան եւ յուրաքանչյուր օրվա համար քաղաքացուց տույժ գանձել: Սակայն բանկը սրանով անկարող է սահմանափակվել. եթե գրավ դրված եւ քաղաքացու դիմումով արդեն բանկի հայեցողությանը թողնված ոսկին շուկայում վաճառվում է նախապես գնահատվածից ցածր, դրա տարբերությունը կրկին պետք է վճարի քաղաքացին: Փաստորեն, երբ մարդն իր ունեցվածքը բանկում գրավ է դնում եւ վարկ ստանում, ընկնում է խառնափնթոր դրության մեջ: Բանկը յուրաքանչյուր պարագայում հաղթող է դուրս գալիս, իսկ քաղաքացին հարկադրված համակերպվում է դրության հետ ու “երդվում” այլեւս բանկերի հետ գործարքի մեջ չմտնել:
Այսպիսով՝ խոսելով բանկային համակարգ-քաղաքացի հարաբերությունների մասին՝ կարող ենք փաստել, որ բանկը յուրաքանչյուր պարագայում հաղթող է եւ շահառու: Տեղին է մեջբերել գերմանացի դրամատուրգ Բրեխտ Բերտոլդի խոսքերը. “Ի՞նչ է բանկ թալանելը՝ բանկ հիմնելու հետ համեմատած”:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 485 համար




Լրահոս