Արտաշատում տեղի ունեցած միջադեպի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին, Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող եւ լրատվամիջոցներում շահարկման առարկա դարձած նկարահանումներին, հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական վայրերում իրականացվող տեսանկարահանման լիազորությունը բխում է Անհատական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, համաձայն որի՝ անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե անհրաժեշտ է օրենքի պահանջները կատարելու համար: Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են՝ ապահովել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը եւ խափանումը, հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը:
“Օրենքի դրույթները կոնկրետացվում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 151-Ն որոշման մեջ, որի 25-րդ կետի բ ենթակետի համաձայն՝ պարեկապահակային ծառայության ժամանակ օգտագործվում են ռադիոկապի, հեռախոսակապի միջոցներ, ինչպես եւ հատուկ տեխնիկական այլ միջոցներ (բարձրախոս, տեսախցիկով դիտարկում):
Ինչ վերաբերում է հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող նկարահանումներին, ապա ՀՀ ոստիկանության ծառայողները հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գտնվելու հավաքների անցկացման վայրում եւ, ի թիվս այլ լիազորությունների, իրականացնելու վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաեւ տեսախցիկով դիտարկումներ:
Նշենք նաեւ, որ դա բխում է միջոցառումների կազմակերպիչների ու մասնակիցների շահերից, ինչպես եւ  նպատակ է հետապնդում վերահսկել ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարումը:
Ոստիկանության պետի ցուցումով՝ նկարահանումներ կատարողները պարտադիր պետք է  լինեն համազգեստով կամ համապատասխան տարբերանշաններով:
ՀՀ ոտիկանությունը ափսոսանք է հայտնում Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ հավաստիացնում, որ այսուհետ էլ շարունակելու է պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները՝ հասարակական կարգուկանոնի ապահովման, քաղաքացիների իրավունքների պահպանման, փոխըմբռնման եւ հանդուժողականության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ”,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:




Լրահոս