Հայաստան այցելած երիտասարդները պետք է զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն· Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ին հյատնում են ԿԳՆ լրատվության բաժնից, 2015 թվականի հոկտեմբերի 6-11-ը Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները:

Նախարարը հանձնարարել է մրացաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ համագործակցելով Շախմատի ֆեդերացիայի և համապատասխան պետական կառույցների հետ. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդները զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն»,- նշել է ԿԳ նախարարը:

Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրների 30 թիմեր: Հայաստանն առաջնությանը մասնակցելու է տղաների ու աղջիկների 3-ական թիմերով:
Նշենք, որ Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կազմակերպվում է առաջին անգամ՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջարկությամբ:

Երկու տարի առաջ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է և որոշվել՝ առաջին մրացաշարն անցկացնել Հայաստանում:




Լրահոս