Գավառի հատուկ դպրոցն ավելի մատչելի է դարձել իր աշակերտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառի հատուկ դպրոցում ուսանող հաշմանդամություն ունեցող աշակերտներն այլեւս շինության երկրորդ հարկ բարձրանալու դժվարություն չեն ունենալու` կրթօջախում ներկառուցված նոր վերելակի շնորհիվ, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր բարերարների, Գեղարքունիքի մարզպետարանի ու ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչների, դպրոցի աշակերտների ծնողների մասնակցությամբ:

Կրթության հավասար իրավունքի ապահովմանը ծառայող վերելակը կառուցվել է Գավառի հատուկ դպրոցի Նյու Յորքի բարեկամների խորհրդի ֆինանսական աջակցությամբ` Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) օգնությամբ:

«Ուրախալի է, որ միայն Երեւանը չէ բարերարների ուշադրության կենտրոնում ու այսօր Գավառի հատուկ դպրոցում ստեղծվել են նման պայմաններ»,- ասաց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, որը օգնեց Դպրոցի Բարեկամների խորհրդի հանձնախմբի անդամներին գլխավորող Գրիգոր Գրիգորյանի հետ կտրել դեպի վերելակ տանող կարմիր ժապավենը:

Գավառի հատուկ դպրոցը ծառայում է ամբողջ մարզի հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող երեխաների, որոնցից ոմանց դասընկերներն ու դպրոցի աշխատակազմը գրկած էին բարձրացնում երկրորդ հարկ: Վերելակի շնորհիվ տեղաշարժման դժվարություններ ունեցող աշակերտներն այլեւս ինքնուրույն են ձեռք բերել: Ավելին, վերելակը երկրորդ հարկը ավելի հասանելի է դարձրել բոլորի համար:

«Սկզբում պայմանները այնքան բարվոք չէին, բայց հիմա չեմ կարող բողոքել, ամեն ինչ իդեալական է, վերելակն էլ մեծ օգնություն է, մենք նման պայմաններ անգամ տանը հաճախ չենք ունենում»,- բացմանն ասաց 7 տարի դպրոց հաճախող Հայկազի հայրը՝ Արթուր Ոսկանյանը:




Լրահոս