ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած իրադարձությունները Ազատության հրապարակում բազում հարցեր են հարուցել: Ինչպես հասարակական, քաղաքական գործիչներին, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացուն հետաքրքրում է, թե ինչ կարելի է սպասել հետընտրական այս զարգացումներից, ու ընդհանրապես ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իհարկե, դասական քաղաքագիտության մեջ երկաթյա կանոն կա. յուրաքանչյուր քաղաքական միավոր, խումբ ձգտում է իշխանության, ու նրա ողջ գործունեությունը միտված է այդ նպատակին: Բայց քանի որ Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները շատ հաճախ ընդհանուր որեւէ աղերս չունեն դասական քաղաքագիտության հետ, ուստի սկսվում է վերապահումների շրջափուլը: Ի վերջո, հայ հասարակության մի զգալի հատված դեռ չի մոռացել 2008-ի նախագահական ընտրություններից հետո օրեցօր հզորացող համաժողովրդական շարժումն ու դրանից մնացած այսօրվա պատառիկները:
Ինչեւէ, դառնանք այսօրվա զարգացումներին եւ ինֆորմացիոն հոսքերը միմյանց հետ զուգամիտելով՝ փորձենք վերլուծել՝ պատասխանելու հարցին, թե ինչ կարելի է սպասել հետընտրական այս զարգացումներից: Քանի որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը բավականին ակտիվ է ու հայտնի՝ Րաֆֆու հանդեպ ունեցած («ժառանգական») դրական վերաբերմունքով, ուստի կարելի է ասել, որ Հայաստանում ԱՄՆ-ն ցանկանում է ունենալ լուրջ, թելադրող եւ ազդեցիկ ուժ եթե ոչ հեղափոխական նպատակների, ապա գոնե ամերիկյան քաղաքականությունը պաշտպանելու համար: Գիտե՞ն այս մասին Ազատության հրապարակում հավաքված ուժերն ու գործիչները, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, հրապարակը՝ կառուցողական կոչերով, Սերժ Սարգսյանի իշխանությանը առայժմ որեւէ լուրջ վտանգ չի սպառնում: Իսկ Սերժ Սարգսյանի հանգստությունն էլ Ռուսաստանից եկած հապշտապ շնորհավորանքն էր անձամբ Պուտինի շուրթերով, որն էլ ավելի խորացրեց կասկածները առ այն, որ Հայաստանի հետընտրական զարգացումները արտաքին ուժերի՝ ՌԴ-ԱՄՆ հերթական պայքարն է՝ Հարավային Կովկասում ամուր դիրքեր ունենալու համար: Եւ առայժմ հաղթողը ՌԴ-ն է (ԱՄՆ նախագահը դեռ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին):
Իսկ ի՞նչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հարցն է, որ հետաքրքրում է ոչ միայն իշխանություններին, նրանց սատարող արտաքին ուժերին, այլեւ հենց Ազատության հրապարակի հարթակում եւ ներքեւում հավաքված անհատներին: Այս հարցի միանշանակ պատասխանն առայժմ մեկն է՝ Րաֆֆին եւս ցանկանում է Հայաստանի քաղաքական կյանքում դառնալ ազդեցիկ ուժ, որի հետ հաշվի կնստեն ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանական ուժերը: Իսկ թե դա որքանով է արտահայտում Ազատության հրապարակում գտնվողների տրամադրությունները, դժվար է ասել: Միայն այս պահին կարելի է փաստել, որ Րաֆֆին առայժմ կտրուկ քայլերի գնալու նպատակ չունի: Գուցե դեռ իրեն էլ չեն ասել, թե ինչն ինչպես պետք է անել: Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են:
ՓՈԽՆՊԱՏԱԿՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ