Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Նա ողջ օրը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, ուստի մարզպետից պաշտոնապես հնարավոր չեղավ ճշտել հրաժարականի պատճառը: Բայց մինչ այդ, երեկ՝ կեսօրին, «Ժողովուրդ»-ի թղթակիցն Աշոտ Գիզիրյանին տեսել է Ազգային ժողովում. նա հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Մոտ 30 րոպե անց Գիզիրյանը ծառայողական մուտքով հեռացել է ԱԺ-ից: Ընդ որում, Գիզիրյանն այնպես արագ է հեռացել, որ մեր թղթակցին չի հաջողվել հասնել նրա հետեւից ու մեկնաբանություններ ստանալ: Ուշագրավն այն է, որ Գիզիրյանը հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում Շիրակի մարզի երեք քաղաքներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարտություն էր կրել: Ի դեպ, Շիրակի մարզի քաղաքներում 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ էլ պարտություն էր կրել ՀՀԿ-ն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ