ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ԲՀԿ-ն որեւէ խնդիր չունի, որպեսզի միանա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին:
-Պարո՛ն Ախոյան, երեկ դաշնակցականներն Ազատության հրապարակ գնացին ու հայտարարեցին, որ իրենք ժողովրդի կողքին են: ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում այդ առումով, Դուք չե՞ք միանալու:
-Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն միանա, քանի որ իրականում նման խնդիր չի քննարկվել, մենք այս գործընթացին չենք մասնակցել եւ փորձում ենք ձեռնպահ մնալ, ո՛չ մեկնաբանել, ո՛չ խոսել եւ այլն, եւ այլն:
-ՀՅԴ-ն եւս չմասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին, բոյկոտեց, սակայն, ի վերջո, ընտրությունների արդյունքները համարեց կեղծված ու միացավ ժողովրդի պայքարին: ԲՀԿ-ն համամի՞տ չէ, որ ընտրություններն անցել են կեղծիքներով:
-Դա իրենց գործն է, ես ի՞նչ ասեմ, ես ուղղակի հիմա իմ կարծիքն եմ ուզում ասել. մենք ոչ մեկի հետ փոխհամաձայնության գալու կարիք ու խնդիր չունենք: Ձայները, որոնք հավաքել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իմ կարծիքով՝ միայն իր ձայները չեն:
-Իսկ այդ դեպքում ո՞ւմ ձայներն են:
-Շատ ձայներ կային եւ տարբեր կուսակցական ուժերի, որոնք չմասնակցեցին:
-Կոնկրետ կնշե՞ք, օրինակ՝ ԲՀԿ-ի համակիրները քվեարկե՞լ են Ր. Հովհաննիսյանի օգտին:
-Հնարավոր է, ասել էինք, որ դաշտն ազատ է, բնականաբար ինչո՞ւ չէ, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ մնացած այլ քաղաքական ուժերի: Եվ գնալ միանալ նրանց, ես դա չեմ հասկանում:
-Եթե, ըստ Ձեզ, ԲՀԿ-ի համակիրները եւս քվեարկել են Ր. Հովհաննիսյանի օգտին, այդ դեպքում ինչո՞ւ չեք գնում, որպեսզի տեր կանգնեք ձեր ձայներին:
-Մենք գիտենք, թե երբ ենք մեր ձայներին տեր կանգնում:
-Ե՞րբ:
-Երբ որ դա հավաքում ենք ԱԺ ընտրություններում, հիմա մենք չենք մասնակցում, ու մեր ձայները չեն կորել, որ գնանք ու տեր կանգնենք: Մեր ձայները չեն տարել, որ տեր կանգնենք:
-Դուք եք նշում, որ հնարավոր է՝ Ր. Հովհաննիսյանի քվեների մի մասը ԲՀԿ-ինն է, իսկ Հովհաննիսյանը հայտարարում է, որ ՀՀ նախագահի ընտրությունները կեղծված են, իրականում ինքն է ընտրվել ՀՀ նախագահ:
-Դա իրենց խնդիրն է, ես չեմ տիրապետում, ես չեմ կարող գնահատական տալ՝ ընտրությունները կեղծված են, թե ոչ: Դա կարող են ասել միմիայն համապատասխան մարդիկ եւ գերատեսչությունները: Եթե կեղծված է, թող բողոքեն, դա ասելով չէ, ապացուցելով է: Իրենք ո՞նց են ապացուցում: Ես որքանով որ տիրապետում եմ դաշտին, տեղեկացա, որ ԿԸՀ-ի նախագահն ասաց, թե իրենք մի քանի տեղ ստուգել են, եւ խախտումներն այնքան չեն, որոնք կարող էին ինչ-որ ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա:
-«Խանդով» չե՞ք վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ-ում երկրորդ քաղաքական ուժը այսօր համարվում է «Ժառանգություն»-ն իր առաջնորդ Ր. Հովհաննիսյանի գլխավորությամբ, իսկ ԲՀԿ-ն չկա:
-Իսկ ինչպե՞ս են համարվում երկրորդ ուժ, որ իրենք մասնակցել են ընտրություններին, նշանակում է, որ «Ժառանգություն»-ը երկրորդ ո՞ւժն է: Նախագահական ընտրությունները խիստ տարբերվում են Ազգային ժողովի ընտրություններից: Եվ ես արդեն նշեցի, որ այդ ձայները միայն պարոն Հովհաննիսյանի ձայները չեն: Այնտեղ կան տարբեր ուժերի, քաղաքական ուժերի ձայներ: Նորմալ պետության համար դա նորմալ երեւույթ է, որտեղ կա իսկապես ընդդիմություն, բնականաբար պետք է լինեն նաեւ այդպիսի մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին:
-Այդ դեպքում ո՞րն է լինելու ԲՀԿ-ի հետագա ճանապարհը:
-ԲՀԿ-ն միշտ էլ եղել է կառուցողական, ԲՀԿ-ն միշտ եղել է այն ուժը, որը հստակ իր դիրքորոշումն ու կողմնորոշումն է ունեցել մեր քաղաքական դաշտում եւ շարունակելու է ամրապնդել իր դիրքերը. այն բոլոր խնդիրները, որոնք ներգրավված են ծրագրերում, փորձել իրականացնել՝ չունենալով իշխանական ոչ մի լծակ, փորձելով մասնակցել մեր երկրի կառուցման գործընթացին: Այդ տեմպերով էլ ԲՀԿ-ն շարունակելու է: Մեր ղեկավարը նպատակահարմար չգտավ մասնակցել ընտրություններին, ու մենք չմասնակցեցինք:
-Քննարկվում է նաեւ «Ժառանգություն» եւ Հանրապետական կուսակցությունների՝ կոալիցիա կազմելու հարցը…
-Նորմալ ենք վերաբերվում, եթե իշխանությունները եւ պարոն Հովհաննիսյանը կոալիցիա պետք է կազմեն, թող կազմեն, ի՞նչ է եղել, իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ո՞վ է արգելում:
-Կարծես թե իրենք քիչ-քիչ ԲՀԿ-ի տեղն են գրավում քաղաքական դաշտում:
-ԲՀԿ-ի տեղը գրավելն անհնար է, որովհետեւ եթե ԲՀԿ-ի տեղը գրավեն, գոնե ԲՀԿ-ի չափ ճանապարհ պետք է անցած լինեն: Այնպես որ, միանգամից ԲՀԿ-ի տեղը գրավելն այդքան էլ հեշտ չէ:
ԲՀԿ-Ի ՏԵՂԸ ԳՐԱՎԵԼՆ ԱՆՀՆԱ՞Ր Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ