Ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց առաջընթաց գրանցել ղարաբաղյան կոնֆլիկտի հարցով համաձայնագրի որոշ հարցերի շուրջ բանակցություններում և նվազեցնել լարվածությունը շփման գծում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով տարեսկզբից ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների արդյունքները, հայտնում է Eadaily-ն:
Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում երկու երկների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ակնկալիքներ ունեն:
«Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այդ ծրագրերը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ՝ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում: Մենք մշտապես պատրաստ ենք կազմակերպել երկու երկների նախագահների հանդիպումը»,-ասել է դիվանագետը:
Խոսելով ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման գործընթացում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման ազդեցության հնարավորության մասին՝ համանախագահն ընդգծել է, որ երկու երկրները համընդհանուր նպատակներ են հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կարգավորման համար, որը, նրա խոսքով, պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: