ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ՝ ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ մերժել է նրա առաջ քաշած բոլոր պահանջները: Այս մասին երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ պատմեց Ր. Հովհաննիսյանը:
«Ասացի՝ ճանաչե՛ք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ։ Ասացինք՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ։ Երկրի ապագային միտված այդ սահմանադրական ջրբաժանը հաղթահարելու համար անգամ ասինք լավ՝ պատրաստ չեք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակը ընդունելու, ուրեմն վերջին խոսքը՝ պատժե՛ք, առաջին հերթին, բոլոր ընտրակեղծարարներին։ Ուրեմն առաջինը՝ պատիժ բոլորին անխտիր Հայաստանի օրենքի կիրառմամբ խստագույնս, դուք պարտավոր եք հրապարակավ ասել, որ ես պատժելու եմ, եւ այդ ապացույցները կան։ Երկրորդ՝ եթե դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, այդ ուժը՝ ժողովրդի հաղթանակը ճանաչել, թեկուզ կրկնակի ընտրություն դեմ առ դեմ ինձ հետ տալ, եթե պատրաստ չեք, ուրեմն նվազագույնը՝ չնեղանաք ինձանից, որովհետեւ ես մինչեւ կյանքիս վերջը ձեր կողքը պիտի կանգնեմ եւ ոչ մի տեղ չեմ գնալու։ Բայց երրորդը, որ բոլորդ իմանաք, ասացի՝ լավ, պարո՛ն Սարգսյան, մենք անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի եւ անմիջապես կազմակերպում ենք խորհրդարանական նոր ընտրություններ, որպեսզի ժողովուրդը գա մեծամասնության, եւ միասին խորհրդարանական պետության մեջ մենք կազմենք մեծամասնությունը եւ նոր ընտրությամբ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին։ Եվ ի՞նչ էր պատասխանը ձեր կարծիքով՝ ոչ։ Ես այլեւս ասելիք չունեմ»,-Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասներն այսպես ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Վերջինիս խոսքերով՝ այսքանից հետո իրեն այլ բան չի մնում, քան պայքարել: Միայն թե, ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահի, ինքն իր պայքարը տանելու է հանդարտ, սահմանադրական ճանապարհով: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր հանրահավաքները չեն սահմանափակվելու միայն Երեւանով, այլ այսօր նա հանրահավաքներ է անցկացնելու Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում: Խոսքը այն քաղաքների մասին է, որտեղ նախագահի այս թեկնածուն լուրջ հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանի նկատմամբ: Իսկ կիրակի օրը նա կրկին Երեւանում՝ Ազատության հրապարակում, կանցկացնի իր հանրահավաքը:
Նկատենք, որ երեկվա հանրահավաքը, հակառակ բոլոր սպասումներին, բավական բազմամարդ էր: Ընդ որում, ակնհայտ է՝ հասարակությունը ցանկանում է փոփոխություններ, ցանկանում է իշխանափոխություն, եւ շատերի համար ամենեւին կարեւոր չէ՝ ով է հարթակում, ով է ընդդիմության լիդերը, կարեւորը՝ իշխանափոխությունն է, կոնկրետ արդյունքը:
Երեկ հարթակում Րաֆֆի Հովհաննիսյանին էին միացել ՀՅԴ-ն, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ժամանակին ակտիվ ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանը, սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Հարթակից երեկ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Սերժ Սարգսյանի հաջողությունն այն է, որ նա դեռ մնում է իշխանության գլուխ, բայց անհաջողությունը նաեւ այն է, որ չի ստացել ու չի ստանա իր երազած լեգիտիմությունը եւ չի կարող շրջել մարտի 1-ի արյունահեղության էջը»,-ասաց Փաշինյանը: Անդրիաս Ղուկասյանն էլ նշեց, թե ինքն Ազատության հրապարակում է, քանի որ համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ. «Մենք իրավունք չունենք ետ կանգնելու այս ճանապարհից, այս միասնությունը, որ ձեռք բերվեց, մենք պարտավոր ենք պահպանել թեկուզ կյանքի գնով: Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի իրեն ազատել ապօրինի իշխանությունից, եւ այս անգամ մենք անելու ենք դա»: Արկադի Վարդանյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի հայտնի խոսքերը, թե ինքն է երկրում միակ տղամարդը. «Մենք ուզում ենք ապրել այնպիսի երկրում, որտեղ թափթփուկները մեզ կարող են անվանել համբա՞լ, այնպիսի երկրում, որը շարունակաբար հայաթափվում է եւ պիտի դառնա պարսկական ոչխարների արոտավա՞յր: Իհարկե ոչ: Մենք ուզում ենք ապրել ազատ, անկախ Հայաստանում»: Երեկ ելույթ ունեցավ նաեւ ՀԴՅ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրան հարթակում ժողովուրդը դիմավորեց «միացում» վանկարկելով: «Ազատության այս հրապարակն արդեն քանի օր սպասում էր, ուզում էր տեսնել ՀՅԴ-ին: Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք ձեր հանրահավաքին: Ինչպես հայտարարել ենք` «Դաշնակցություն»-ը ժողովրդի հետ է: Այն ժողովրդի, որ փետրվարի 18-ին ապացուցեց` անհնար է իրեն կոտրել, անհնար է իր մեջ մեռցնել արդարության, ազատության ձգտումը»,-հայտարարեց Ռուստամյանը: Նրա խոսքով՝ իրենք ուզում են ազատ, արդար, ժողովրդավար, ուժեղ Հայաստան եւ ունենալու են դա:
Հանրահավաքից հետո մոտ հարյուր հոգի, այնուամենայնիվ, չէր ցանկանում ցրվել: Անգամ երթ անցկացնելու փորձ եղավ, սակայն Հյուսիսային պողոտայում ոստիկանները չթույլատրեցին առաջ գնալ: Հետո Ր. Հովհաննիսյանը ստիպված եղավ արդեն փոքր բարձրախոսով մի փոքր ելույթ ունենալ իրենց առաջիկա պլանների մասին ու խնդրել մարդկանց ցրվել: Երեկ փոքր միջադեպ եղավ քաղաքացիական ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս