ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՍԿ ԳՈՒՑԵ ՈՒՐԻ՞Շ Է
«Չեմ կարծում, որ իմ հեռուստացույցը կամ մեր տան ռադիոընդունիչը տարբերվում են այլ քաղաքացիների կամ «Ժառանգության» անդամների սարքերից: Ես եւ տանը աշխատանքից հետո նայում եւ տեսնում եմ, թե ինչ չափով է լուսաբանվում: Ե՛վ հանրահավաքներն են լուսաբանվում, ե՛ւ նրանց հայտարարություններն են լուսաբանվում, ե՛ւ ասուլիսները»,-հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ հետընտրական ժամանակաշրջանում կրկին անհավասարաչափ լուսաբանում է ընթանում, «Առավոտ»-ին ասել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

ՉԵՆ ԴԱՆԴԱՂԵՑՆԻ
Պաշտոնական Բրյուսելը չի դանդաղեցնի բանակցությունները Երեւանի հետ նախագահական վերջին ընտրությունների պատճառով, այդուամենայնիվ, անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները շարունակեն բարեփոխումներն ու շտկեն թերությունները՝ եվրոպական ընտանիքին առավել մերձենալու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Էլմար Բրոկը։

ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԿԱ
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ընթացքում արձանագրված ողբերգական մարդկային կորուստները մեզ մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միմիայն հարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել այս տարածաշրջանին»,-պատասխանելով ադրբեջանական ANS հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպես են Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում հարգանքի տուրք մատուցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակին, ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

ԱՊԱՐԱՆԻ ԾԻՐԱՆԸ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով նախորդ օրը ծիրանագույն հեղափոխության հետ կապված ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կատակին, թե «Արմենը ապարանցի է, ի՞նչ գիտի, թե ծիրանն ինչ գույնի է», ասել է. «Ինքը նորից հետ է մնացել, տեղյակ չէ, որ Ապարանում ծիրան է աճում»:

ԽՆԱՄԱԽՈՍ ԷՐ ԳՆԱՑԵԼ
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, «Առավոտ»-ին ասել է. «Չեմ կարող ասել, թե ինչ են խոսել Սերժ Սարգսյանի հետ, բայց տոնայնությունը այնպիսին էր, կարծես թե խնամախոս էր գնացել: Մարդը, որը գնում է իշխանության, պիտի պարտադրի, պիտի Ս. Սարգսյանը մի քիչ իրեն վատ զգար, բայց հեչ այդպես չէր, իսկ Ր. Հովհաննիսյանի պահվածքը հաղթած թեկնածուի պահվածք չէր»: Ր. Հովհաննիսյանին արված պաշտոնի հնարավոր առաջարկությունների հետ կապված էլ նախագահի նախկին թեկնածուն ասել է. «Ի՞նչ պաշտոն պետք է տան նրան, պառլամենտական մեծամասնությունը Սերժի գրպանում է, եւ եթե վարչապետ էլ տան, կարող են մեկ ամսում հանել, որովհետեւ երբ պառլամենտական մեծամասնությունը քոնը չէ, վարչապետ գնալն անիմաստ է, էլ չեմ ասում՝ նախարար…»:




Լրահոս