ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին սեպտեմբերի 22-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ճեպազրույցով:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ բազմաթիվ հարցեր են քննարկվել երկու երկրների եւ մասնավորապես խորհրդարանների համագործակցության վերաբերյալ՝ արձանագրելով, որ արդեն ձեւավորված երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է ընդլայնել: Արտակ Զաքարյանն անդրադարձել է երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության եւ միջխորհրդարանական տարբեր կազմակերպություններում պատգամավորների համագործակցության հարցերին:
Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ռումինիայի նախագահի ուղերձը, ինչպես նաեւ Ռումինիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:
Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին պատահական չի համարել սեպտեմբերի 21-ին Հայաստան այցելությունը, քանի որ Ռումինիան առաջիններից է, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Լասլո Բորբելին կարեւորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ մատնանշելով հայ համայնքի դերը Ռումինիայի զարգացման գործում: Արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենց երկրի համար կարեւոր է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն՝ հաշվի առնելով աշխարհում այսօր տիրող իրավիճակը: