ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼԸ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006-2007թթ. լրագրողների նկատմամբ բռնության հերթական դեպքերն արձանագրվեցին: Թիրախների թվում էր «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
Հովհաննես Գալաջյանի վրա հարձակման առաջին դեպքը տեղի էր ունեցել 2006թ., երբ  առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալիս երկու սափրագլուխներ հարձակվել ու ծեծի էին ենթարկել նրան: Հ. Գալաջյանի օգնությամբ կազմվել էին երկու հարձակվողների ֆոտոռոբոտները, նաեւ ներկայացվել էին սպառնալիքներով հեռախոսազանգերի մասին տվյալներ: Այդքանով հանդերձ, իրավապահ մարմինները չէին բացահայտել հանցագործությունը: Քրեական գործի նախաքննությունը, ի վերջո, կասեցվել էր:   
Հ. Գալաջյանին ծեծի ենթարկելու առաջին դեպքը չբացահայտված՝ տեղի ունեցավ երկրորդ դեպքը: 2007թ. սեպտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, «Իսկական իրավունք» թերթի խմբագրության միջանցքում` աստիճանների մոտ, թերթի խմբագրին կրկին  ծեծի ենթարկեցին: Իր իսկ խոսքով՝ ինքն այդ ժամին գնացել էր դիմավորելու որպես «Ազգ» օրաթերթի թղթակից ներկայացած ոմն Մանուկի:
Հ. Գալաջյանի պատմելով՝ սկզբում իր վրա հարձակվել էր մեկ հոգի` երկաթե մահակով, որին ինքը կարողացել էր «տապալել գետնին», սակայն դրանից հետո ավելացել էր եւս մեկը, որը կրկին երկաթե մահակով հարվածել էր Հ. Գալաջյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին: Գալաջյանը տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Երկաթե մահակի հարվածից ստացած վնասվածքների հետեւանքով նրա գլխին վեց կար էին դրել:
Խմբագիրը պատմել էր, որ դեպքից մի քանի ժամ առաջ իրեն զանգահարել էր Մանուկ անունով մի երիտասարդ, ներկայացել որպես «Ազգ» թերթի թղթակից ու ցանկություն հայտնել հանդիպել իր հետ: Հ. Գալաջյանը Մանուկին հրավիրել էր խմբագրություն, սակայն ժամը 18:45-ին Գալաջյանին անծանոթ լրագրողը զանգահարել էր իրեն` ասելով, թե ցերեկով եկել փնտրել էր Հ. Գալաջյանի նկարագրած տեղը, սակայն չէր գտել. «Ես նրան առաջարկեցի, որ ուղիղ ժամը 19:00-ին իրեն կդիմավորեմ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ու երբ իջնում էի դիմավորելու, երրորդ-չորրորդ հարկերի արանքում կեպկայով մի երիտասարդ դուբինկայով անմիջապես հարվածեց գլխիս: Ես միանգամից հարձակվեցի նրա վրա ու նրան տապալեցի գետնին: Արդեն համարյա թե խլել էի մահակը, երբ էլի մահակի հարվածներ զգացի գլխիս: Հետո թողեցին փախան, ես մի կերպ բարձրացա վեցերորդ հարկ, կարողացա զանգահարել Հայկ Բաբուխանյանին, պատմել կատարվածը»:
Ինչպես առաջին միջադեպը, այնպես էլ այս մեկը Հ. Գալաջյանն ու «Իսկական իրավունք»-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը կապում էին նախկին կուսակցական ընկերների` ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի եւ  ՍԻՄ անդամներ Կարեն ու Սուրեն Վարդանյանների հետ:
Գալաջյանն իր խոսքերը հիմնավորում էր մի շարք հանգամանքներով: Մասնավորապես նշում էր, որ ՍԻՄ-ական, այսօր էլ Խաչատրյանի թիմի անդամ Կարեն Վարդանյանը ժամանակին խոստովանել էր, որ կուսակցությունում առանցքային դիրքերը զբաղեցրել են «Իրավունք»-ի աշխատակիցները, ու դա որակել էր որպես հեղաշրջում. «Սա ապացուցում է, որ այս ամենը եղել է թերթի դեմ»: Ըստ Գալաջյանի` դրա տրամաբանական շարունակությունն էր այն, որ ինքը եւ իր գործընկեր, թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը առանց որեւէ հրամանի ազատվել էին աշխատանքից:
«Մենք ոչ թե կասկածներ ունենք, այլ ունենք փաստեր: Մեկ տարվա ընթացքում Գալաջյանը երկու անգամ ֆիզիկական հարձակման է ենթարկվել, բայց ամեն օր նա ենթարկվել է հոգեբանական հարձակման, վիրավորանքների է արժանացել»,-ասել էր Բաբուխանյանը:
Նշենք, սակայն, որ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը նույնպես դատապարտել էր կատարվածը` հայտարարելով. «Սա Բաբուխանյանի հերթական զրպարտչական գործողությունն է, իսկ Գալաջյանը պարզամտորեն հավատում է այն ամենին, ինչն իրեն մատուցում է Հայկ Բաբուխանյանը»:
Իսկ թե ինչու են հարձակվել հենց իր վրա, Հ. Գալաջյանն ասել էր. «Ի վերջո, ես «Իրավունք» թերթի հիմնադիր-խմբագիրն եմ, իմ անունը մշտապես երեւացել է, կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ես թերթի սիմվոլն եմ»:
Դեպքից հինգուկես տարի անց «Ժողովուրդ»-ը զրուցեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հ. Գալաջյանի հետ: Տեղեկացանք, որ վերջին դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը նույնպես կասեցվել է ՀՀ քր. դատ. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):
«Կասեցնելը դարձել է խրոնիկական հիվանդություն, բայց ծեծի ենթարկելու փորձերը, պետք է ասեմ, նվազել են: Գիտեք, կոնկրետ չեմ կարող ասել, թե ցանկության պակասն էր, որ չկարողացան բացահայտել իմ գործը, բայց իմ դեմ ուղղված այս փորձերը չունեին կոնկրետ  սիգնալ, թե ինչն է նրանց նպատակը, որ հարձակվել էին եւ ինչ էին ուզում ասել կամ հասկացնել,-կարծիք հայտնեց Գալաջյանը` նշելով, որ իր կյանքում այդ դեպքերից հետո երկու բան է փոխվել,-առավել զգոն եմ դարձել եւ մշտապես մոտս էլեկտրաշոկ եմ պահում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս