«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի գործունեությամբ սկսել են հետաքրքրվել նաեւ մեր գործընկերները: «Փաստինֆո» լրատվական կայքը կարողացել է ձեռք բերել փաստեր, որոնք բացահայտում են Խաչիկ Խաչատրյանին պատկանող ձեռնարկություններից մեկի՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի կողմից իրականացված բազմաթիվ խախտումներ: Ու հետաքրքիր է, թե այսքանից հետո Խաչատրյանը բարոյական ինչ իրավունքով է 6.2 մլն դրամի փոխհատուցում պահանջում «Ժողովուրդ» օրաթերթից՝ իր վիճահարույց գործարար համբավի համար:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանի տեղեկացմամբ՝ ծառայությունը 2011թ. վերջին եռամսյակում եւ 2012թ. առաջին 2 ամսում սննդամթերքի անվտանգության, որակի հետ կապված որեւէ խախտում ստուգումների շրջանակում չի հայտնաբերել, բացի «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունում բազմաթիվ ապրանքների սխալ մակնշումից եւ ձվի մելանժում եղած խախտումից, որն իրացման չի հանվել շուկա:
Ինչպես այսօր տեղեկացանք Բաբկեն Պիպոյանից, նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների խախտման (տարբեր խախտումների), այդ թվում նաեւ՝ բազմաթիվ ապրանքների սխալ մակնշման համար «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ 2012թ. նշանակվել է 300 000 դրամ վարչական տուգանք, միաժամանակ տրվել է արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու եւ սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին 1 կարգադրագիր, արտադրանքի իրացումը կասեցնելու մասին 6 կարգադրագիր:
Թվում էր, թե ընկերությունը դրանից հետո պետք է համապատասխան հետեւություններ կատարեր, սակայն փաստերը վկայում են ճիշտ հակառակը. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2012թ. սեպտեմբերի 3-7-ը միայն Երեւանում սննդամթերքի դիտարկումներով եւ ուսումնասիրությամբ հայտնաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ արտադրված-վաճառահանված «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերության ձվեր, մասնավորապես՝ 8 խանութում՝ մակնշման անհամապատասխանությամբ, 16 խանութում՝ մակնշման խախտմամբ, խանութներից մեկում էլ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի ձվերի պիտանիության ժամկետն է անցած եղել:
«Սննդամթերքի դիտարկումների եւ ուսումնասիրությունների ժամանակ վարչական պատասխանատվության չեն ենթարկում, տնտեսվարողներին ասում են, որ խախտումը վերացնեն, տրվում է խախտումը վերացնելու հանձնարարական, կոնկրետ այդ ձվերի հետ կապված հիշում եմ, որ իրացման ցանցում, այսինքն՝ խանութների պատասխանատուներին տրվեց այդ ձվերը վաճառքից հանելու կարգադրագիր»,-տեղեկացրեց Բաբկեն Պիպոյանը:
Իսկ իրականում հանե՞լ են, թե ոչ, կամ իրականում բոլո՞րն են հանել կամ ի՞նչ չափով, Աստված գիտե, որովհետեւ նրանց վերահսկելու հիշյալ ծառայության հնարավորությունները գործնականում շատ սուղ են:
2012թ. հոկտեմբերի 8-ին հայաստանյան որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հրապարակվեց նաեւ այն մասին, որ «Արաքս»-ը շուկա է առաքել դեռ չարտադրված ձվի խմբաքանակ: Մասնավորապես՝ հոկտեմբերի 6-ին գնված ձվի մակնշման մեջ, իբրեւ արտադրության ժամկետ, նշված է եղել 12.10.12 ամսաթիվը, թեեւ դեռ հոկտեմբերի 12-ը չի եղել:
Երկու օր անց վերոնշյալի մասին հայտնած կայքերից մեկում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ««Արաքս» ընկերությանը արդեն տվյալ ձվի խմբաքանակի հետկանչի կարգադրագիր է ուղարկել»:
Ճիշտ է, նշված ընկերությունը հերքել էր, թե շուկայում հայտնաբերված տվյալ մակնշմամբ ձուն իր արտադրանքն է, հայտնել էր, որ «Արաքս»-ի անվամբ մակնշումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն կատարվածի հարցում ճշմարտությունը, կարծում ենք, դեռ բացահայտված չէ ու, թերեւս, չբացահայտվի էլ: Համենայնդեպս, ոստիկանությունը առայժմ չի հայտնաբերել կեղծարարին կամ կեղծարարներին:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, վերոնշյալ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (տվյալ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում նաեւ դրոշմների կեղծման համար), սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)՝ քրեական գործի վարույթը կասեցվել է: Հիշյալ վարչությունից միաժամանակ հայտնեցին, որ տվյալ գործի բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են:
Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հիշյալ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Հնարավոր է, որ իրականում այդպես էլ կա, այսինքն՝ ժամկետի առումով իրականությանը չհամապատասխանող մակնշումը կատարվել է ոչ թե նշված ընկերության, այլ մրցակից ինչ-որ ընկերության կամ ինչ-ինչ շահեր, նպատակներ հետապնդող ֆիզիկական անձի (անձանց) կողմից:
Սակայն միայն «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն չէ տուժողը, եթե այլ անձի վերագրվող ձվի վերոնշյալ կեղծման կապակցությամբ ընկերությունը պաշտոնապես, իրավական առումով ճանաչվել է տուժող, ապա հենց նշված ընկերության առանձին արտադրանքներից (որոնց մասին վերեւում մասամբ նշեցինք) օգտված սպառողները, կարծում ենք, նույնպես, ըստ էության, տուժել են: Այլ հարց է, որ նրանք ինչ-ինչ պատճառներով տուժող չեն ճանաչվել, չունեն տուժողի իրավական կարգավիճակ»:
ԻՍԿ «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ»-ԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐ ՉԿԱ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Փաստինֆո» էլեկտրոնային պարբերական