ԱՐՇԱՎԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՄԱՐԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող-տեղեկատվության աղբյուր հարաբերությունները կարելի է համեմատել  խոստովանահայր-խոստովանող հարաբերությունների հետ: Լրագրողները պատրաստ են կրել զրկանքներ, միայն թե իրենց աղբյուրների գաղտնիությունը պահպանեն, որպեսզի չկորցնեն լրագրողի իրենց համբավը։ Բայց վերջին տարիներին լրագրողների համար սեփական աղբյուրը չբացահայտելն արդեն լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել նրանց, քանի որ շատերը, չբացահայտելով իրենց աղբյուրը, լուրջ դատական քաշքշուկների մեջ են ընկնում, իսկ հայցվոր գործարարներն էլ, ամեն կերպ օգտագործելով իրենց հնարավորությունները, փորձում են լռեցնել ե՛ւ լրագրողին,  ե՛ւ լրատվամիջոցին:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը եւ ի՞նչ եք կարծում՝ գործարար էլիտան մամուլի դեմ պայքարում հաջողության կհասնի՞:

ՊԱՏԱՍԽԱՆ. Որոշ պաշտոնյաների եւ գործարար շրջանակների կողմից մամուլի նկատմամբ հայցեր ներկայացնելով՝ ճնշումներ գործադրելու արշավը նոր չի սկսվել, այլ այն պահից, երբ զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվությունն ապաքրեականացվեց, եւ հնարավորություն առաջացավ դրամական փոխհատուցման հայցերով սնանկացնել մամուլին: Միաժամանակ պետք է նշել, որ նման գործերով մամուլին ճնշելու փորձերը ոչ միշտ են հաջողությամբ պսակվում: Ինչ վերաբերում է լրատվամիջոցի աղբյուրը բացահայտելու փորձերին, ապա, ի պատիվ լրատվամիջոցների, դեռ չունենք փաստ, որ որեւէ լրատվամիջոց դատարանում բացահայտած լինի իր աղբյուրները, եւ դա ուրախալի է: Կարծում եմ՝ այս արշավը վաղ թե ուշ մարելու է, քանի որ լրատվամիջոցներն ամուր են իրենց դիրքերում, եւ այն գործարարներն ու պաշտոնյաները, որոնք դրամական փոխհատուցման հայցերով դիմում են դատարաններ, սկսելու են հասկանալ, որ իրենց առջեւ դրված խնդիրը չեն կարող լուծել այս ճանապարհով:

ԱՐԹՈՒՐ ԽԵՄՉՅԱՆ
News.am կայքի խմբագիր


ՊԱՏԱՍԽԱՆ.
Կարծում եմ՝ կա երկու բան: Առաջինը` մամուլը բավական ինքնակազմակերպվել է եւ օլիգարխիկ համակարգից դուրս գալով` սկսել է մասնավոր օլիգարխների հարցեր քննարկել: Սա արդեն ուղղակի մարտահրավեր է շատ կոնկրետ մարդկանց: Այդ մարդիկ սովորաբար ինքնապաշտպանվում են ծեծելով, վախեցնելով, նույնիսկ սպանելով: Հիմա դատարանների կողմից վստահություն ունենալով՝ իրենց զինանոցին միացրել են նաեւ ֆինանսական ճնշումը` մեծաչափ տուգանքներ, պատվի եւ արժանապատվության նվաստացման պատմություններ եւ այլն` մի կողմից իբրեւ թե խնդիրը բարոյական հարթություն տեղափոխելով, մյուս կողմից ֆինանսապես խեղճացնելով լրատվամիջոցին:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս