Կապան քաղաքի և մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից ևս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևույթային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց համար։
Ու՞մն է այս լքված հանքավայրը, ո՞վ պետք է ռեկուլտիվացիա անի այն, և որտե՞ղ են այն պետական լիազոր մարմինները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ Հարցեր, որոնց պատասխանները պետք է տան համապատասխան նախարարությունները և շտապ միջոցներ ձեռնարկեն այս աղետալի վիճակի վերացման ուղղությամբ։
Տեղեկություն. Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 8-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերեից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոբդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ. անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ.-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ. այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1975 թ. գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ. Գևորգ եկեղեցու հետ:
Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարացվել է, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական Դինո Գոլդ Մայնինգ (ներկայումս Դանդի Փրիշս Մեթալս) ընկերությունը, վերսկսել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և այսպիսի վիճակում թողել մեզ։
Այսօր մենք այդ՝ արդեն լքված հանքավայրի տեղում ունենք այն ինչ ունենք…
Մանրամասները՝ տեսանյութում
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Կայք՝ http://www.armecofront.net/
Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/armecofront
Յութուբյան ալիք` http://www.youtube.com/user/armecofront
Էլ. փոստ` [email protected]