Փետրվարի 21-ին «Հետք»-ին տված հարցազրույցում, պատասխանելով ընտրությունների արդյունքներին վերաբերող հարցին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր համաքաղաքացիներին անվանել է «անգիտակից». «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը չի հասկանում` ինչ է անում»: Նման «անգիտակից» գնահատականներով քաղաքապետը առաջացրել է վանաձորցիների վրդովմունքը:
«Ժողովուրդը լավ էլ գիտակից ընտրություն է կատարել, մինչեւ հիմա անգիտակցաբար ժողովուրդն ընտրել է Սերժ Սարգսյանին, իսկ այժմ գիտակցաբար իրեն մերժել են, մնում է՝ ժողովուրդը տեր կանգնի իր ձայներին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ Վանաձորի գրասենյակի համակարգող, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանն էլ նշեց. «Ես չգիտեմ՝ ժողովուրդը գիտակցորեն է կատարել իր ընտրությունը, թե ոչ, ես ինքս կատարել եմ գիտակցված ընտրություն եւ ձայնս տվել եմ իմ համակրած մարդուն»:
«Ցանկացած քաղաքացի, գնալով ընտրության, ընտրում է իր ընկալունակության չափով, բայց սեփական ժողովրդին, սեփական քաղաքի բնակչին իջեցնել անգիտակցության մակարդակի` դրա իրավունքը չունի ո՛չ քաղաքապետը, ո՛չ այլ ոք, ո՛չ էլ ինքը` Աստված,-կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արթուր Էմինյանը եւ ավելացրեց,-ես հարգում եմ քաղաքապետին՝ որպես մեր երկրի պաշտոնյա, բայց ցանկացած պաշտոնյա պետք է լինի իր խոսքերի մեջ ավելի չափավոր եւ կոռեկտ»:
Փետրվարի 22-ին «Թայմս»-ի հետ ունեցած հարցազրույցում Ս. Դարբինյանը, փորձելով սրբագրել իր մտքերը, ասել է. «Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել եւ խեղաթյուրել կարճատեւ խոսակցության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա՝ շահարկումը թողնում եմ դրանց հեղինակների խղճի վրա: Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի՝ ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը: Գուցե եւ մեր մեղքն է, որ քարոզչական ճանապարհով չենք կարողացել յուրաքանչյուր վանաձորցու գիտակցությանը հասցնել վերջին հինգ տարում կատարված աշխատանքները եւ այն հեռանկարները, որոնք սպասում են ոչ միայն երկրի բնակչությանը, այլեւ Վանաձորին եւ վանաձորցիներին: Գուցե եւ այս հարցում իրապես թերացել ենք: Ես սա եմ նկատի ունեցել, թեեւ հնարավոր է, որ ոչ ճիշտ բառ եմ օգտագործել: Ես երբեք իմ համաքաղաքացիներին անգիտակից չեմ համարել եւ չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի եւ միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել»:
Ի՞նչ էր ուզում սրանով ասել քաղաքապետը. հայցում է ներողամտությո՞ւն, թե՞ հերքում է փաստերը: Սակայն այդ դեպքում ինչո՞ւ է ներողություն խնդրում մի բանի համար, որն ինքը չի ասել: Ինչեւէ: Փաստը մնում է փաստ, «առաջնորդը» պարտվեց Վանաձորում, եւ ինչ արդարացում էլ տան բարձրաստիճան այրերը, ժողովուրդն իր անելիքն արեց, եւ ժողովրդի որոշումը պետք է հարգեն բոլորը:
Վանաձոր