ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը մտահոգված է, քանի որ գազի գնի բարձրացման պատճառով ջերմային տնտեսությամբ զբաղվող մարդկանցից շատերն արդեն վաճառում են իրենց ջերմոցներն ու երկրից հեռանում: Բացի գազի գնի բարձրացումից, կա նաեւ մեկ այլ, ավելի կարեւոր խնդիր` գազի որակը: Պողոսյանի համոզմամբ՝ ֆերմերները մոտ 30 տոկոս ավել գազ են այրում` ստանալու համար բարձր կալորիականություն:
«Մարդիկ կան, որոնք արդեն վաճառել են իրենց ջերմոցների պարագաներն ու մեկնել Ռուսաստանի Դաշնություն` մշտական բնակություն հաստատելու: Գազի գնի թանկացման պատճառով ջերմատուն պահելը դառնում է ոչ եկամտաբեր: Հիմա մենք ընկած ալտերնատիվ վառելիքի աղբյուրներ ենք փնտրում` ավելի էժան ու բարձր կալորիականությամբ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում Պողոս Գեւորգյանը` հավելելով նաեւ, որ փայտ չեն կարող օգտագործել, քանի որ այն չունի այդքան կալորիականություն, բացի այդ, կվնասվի երկրի էկոլոգիան: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում  950-ից 1000 տնտեսություն զբաղվում է միայն ջերմոցով:  
Գեւորգյանի համոզմամբ՝ այս հարցի շուրջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել` պատճառաբանելով, որ «Հայռուսգազարդ»-ը մասնավոր սեփականություն է: Ասոցիացիայի նախագահը վստահեցնում է, որ եթե նախկինում ֆերմերներն իրենց շահույթի հաշվին ջերմատներն ընդլայնում էին, ապա հիմա բոլորը վաճառում են դրանք. «Նոյեմբերին վարկ են վերցնում ու ամբողջ ձմեռը գիտեն, թե ինչքան գազ են սպառելու: Հետո գազի գումարը տալիս են եւ գարնանն էլ աշխատում են, որ վարկերն ու դրանց տոկոսները փակեն: Արդեն հինգ տարի է, ինչ աշխատում ենք բանկերի համար»:
Մեր զրուցակցի մյուս, ամենակարեւոր մտահոգությունը գազի որակի անկումն է. «Դրա պատճառով մենք 30 տոկոս ավել գազ ենք այրում, որ գոնե նույն ջերմաստիճանը ստանանք, ինչպես նախկինում էր: Դժբախտաբար, չենք կարող դա ապացուցել, որովհետեւ ե՛ւ գազի լաբորատորիան է իրենցը, ե՛ւ գազը: Հայաստանում միայն իրենք ունեն նման լաբորատորիա: Իրենք են իրենց գազը չափում ու հայտարարում, որ իրենցը լավն է, իսկ դու հա քոնը պնդի, միեւնույն է, լսող չկա: Բայց այդ դեպքում ինչո՞ւ ենք այդքան շատ գազ այրում»: Շեշտելով, որ «Հայռուսգազարդ»-ի հիմնական գազ սպառողները ջերմատներն են,  ասոցիացիայի նախագահն ասում է, որ ծայրահեղ դեպքում համաձայն կլինեն նաեւ գազի բարձր գնին, միայն թե որակը բարելավվի:
54-ամյա Գեւորգ Մելքոնյանը երկար տարիներ է, ինչ զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ: Հիմա նրան երեք որդիներն են օգնում: Մասնագիտությամբ տնտեսագետ Գ. Մելքոնյանը նույնպես դժգոհում է գազ գնի բարձրացումից. «Այս տարիների ընթացքում անընդհատ գազի գինը բարձրացել է, իսկ կալորիականությունն իջել է, գազն առաջվա պես չի տաքացնում: Բացի այդ, տեղական արտադրողի եւ դրսից ներկրողների միջեւ ստեղծվել են անհավասար պայմաններ: Տարեցտարի ինձ մոտ ավելանում է բերքատվությունը, բայց ապրանքի ինքնարժեքի ցածրացման պատճառով պակասում է եկամուտը: Կարելի է ասել՝ մենք չենք օգտվում, քանի որ կան այլ վարկային պարտավորություններ, բազմանդամ ընտանիք: Խոսքը ոչ միայն իմ մասին է, այլեւ հազարավոր մարդկանց»:
Մելքոնյանների ընտանիքն անցյալ տարի միայն գազի համար վճարել է 4 մլն 700 հզ. դրամ. «Զիջումներ չկան: Գոնե մտնեին գյուղացիների դրության մեջ: Աշխատում ենք միայն բանկերի համար: Գյուղացու տանջանքի շնորհիվ հարստանում են բանկերն ու «Հայռուսգազարդ»-ը»:
Ֆերմերը վիրավորված է այսօրվա իշխանություններից: «Շատ վիրավորական է, շատ: Գյուղացու մասին մտածող չկա: Ինչպես փոքր ու միջին բիզնեսի մասին մտածող չկա, այնպես էլ փոքր գյուղացիների: Մեզ մոտ հիմա սնանկացման պրոցես է, այն դեպքում, երբ ջերմոցային տնտեսությունը տարիներ առաջ համարվում էր եկամտաբեր ճյուղ: Հիմա ֆերմերները կանգնել են փաստի առաջ: Հայտարարում են, թե գյուղատնտեսությունը զարգացել է, բայց չկա նման բան, հետ է գնացել, չի գոյատեւում, լուրջ փաստերի առաջ է կանգնել: Ախր մի հատ խորացե՛ք, ուսումնասիրե՛ք դրա պատճառները: Ի վերջո, պարզե՛ք՝ իսկական գյուղացին աճ ունեցել է, թե ոչ, շինարարություն արել է, թե ոչ, իր ապրելակերպի պայմանները լավացել են, թե ոչ, վարկային պարտավորությունները կարողանում է ժամանակին կատարել, թե ոչ»,-մեծ ափսոսանքով նշեց Մելքոնյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս