Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Գոնդրաչյանին` Արմենչիկին, Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Այս առիթով մեր հանրության մի ստվար զանգված համացանցային տիրույթում բուռն քննարկում է ծավալել եւ քննադատություններ հնչեցրել` նշելով, որ Արմենչիկին վաստակավորի կոչում տալը նշանակում է խրախուսել ցածրորակ երաժշտության տարածումը մեր երկրում:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է մի քանի անվանի երաժիշտների հետ:
Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը, գնահատելով Ս. Սարգսյանի այս հրամանագիրը, ասաց. «Նման քայլերի հետեւանքով Հայաստանը վերածում են հայաստանչիկի, իսկ մեզ` արմյաշկեքի»:
Նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է նախագահը հատ-հատ լսի կամ դիտի իրեն ներկայացրած ցուցակում ընդգրկված անձանց գործերը. «Պատկան մարմինը ներկայացրել է, նա էլ, ըստ երեւույթին, ստորագրել է: Հիմա ո՞ւմ մեղքով է այս ամենը: Իհարկե, նման երեւույթին արդարացում չկա, քանի որ սա ո՛չ ճաշակի հարց է, ո՛չ էլ կողմնակալության: Չի՛ կարելի նման կոչումներ շնորհել քածի ձայնով կլկլացնող, վայնասուն հիշեցնող «երգչին»: Իսկ եթե այս ամենը մտածված է արվում, ուրեմն դավաճաններ պետք է փնտրել ոչ թե Ադրբեջան փախած մարդկանց մեջ, այլ, կարծում եմ, հասկանում եք, թե ում մեջ…»-մեկնաբանեց Զորիկյանը:
Իսկ, ահա, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը, պարզվում է, հարցի շուրջ բոլորովին այլ տեսակետ ունի: «Դուք տեսնում եք, չէ՞, թե Արմենչիկի համերգներին որքան շատ մարդ է գնում, ճիշտ է՝ ես չեմ գնում, բայց երբեմն հետեւում եմ հեռուստատեսությամբ, ուրեմն նա վայելում է ժողովրդի սերը»,-բացատրեց նա:
Մեր դիտարկմանը, որ նախագահի հրամանագրով է շնորհվում վաստակավորի կոչումը, ջազմենը հակադարձեց: Ներկայացնում ենք մեր հետագա երկխոսությունը:
-Նախագահը կատարում է ժողովրդի ցանկությունը, այդպես չի ստացվո՞ւմ: Ուրեմն, ինչպես ասում են, ինչ արվեստ որ սիրում ես, այդ արվեստին էլ արժանի ես: Այդպես ստացվե՞ց, ստացվեց:
-Արդյո՞ք նախագահը պետք է խրախուսի Արմենչիկի եւ նմանատիպ այլ երգիչների գործունեությունը:
-Ես ռաբիսի ամենահետեւողական հակառակորդների թվում եմ, բայց եթե կա ժողովորդի սերը եւ ցանկությունը… Հիմա եթե այդ կոչումը չտային, ժողովուրդը դուրս կգար փողոց, կասեր՝ Արմենչիկին կոչում տվեք, չէ՞:
-Դուք իրապես կարծում եք, որ կարող էր նման բան լինե՞լ:
-Չարենցը «Ամբոխները խելագարված»-ը չի գրե՞լ:
-Բայց ինչ կապ ունեն Չարենցի «Ամբոխները խելագարված»-ն ու Արմենչիկը, չեմ կարծում, թե նման ստվար զանգված հավաքվեր Արմենչիկին կոչում շնորհելու պահանջով:
-Ես իմ տարիքն առած, սխալներս արած մարդ եմ, Ձեզ խնդրում եմ` ինձ էլ հարցեր մի՛ տվեք:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ, ով, ի դեպ, ինչպես Էդուարդ Զորիկյանը, ոչ մի կոչում չունի, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քննարկվող երեւույթը օրինաչափ է, դրա մեջ որեւէ արտառոց բան չկա, եւ այն արտացոլում է մեր այսօրվա կյանքը: «Բոլորովին զարմացած չեմ, Արմենչիկը սիրված է ժողովրդի կողմից, նախագահի կողմից. հարմոնիկ է ամեն ինչ: Սա նոր բան չէ. Արմենչիկն է մեր այսօրվա երաժշտությունը, ինքն է մեր այսօրվա արվեստը, պետք չէ վրդովվել: Ժողովուրդն իրեն սիրում է. նրան ոչ թե վաստակավորի, այլ ժողովրդական արտիստի կոչում էր պետք տալ, քանի որ նա հսկայական դալիճներ է լցնում եւ, ընդհանրապես, ջահել աղջիկների համար սեքս-սիմվոլ է. սրա մասին մտածեք, ոչ թե այն մասին, թե ինչու են այդ կոչումը տվել»,-նշեց երգչուհին:
Իսկ մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ արդեն Արմենչիկն էլ վաստակավորի կոչում ունի, իսկ ինքը` ոչ, Պիպոյանը պատասխանեց. «Իմ ինչի՞ն է պետք կոչումը, ծիծաղելի է այդ ամենը, ես նույնիսկ ամենամյա մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ չներկայացա, չվերցրի մրցանակը, ինձ այդպիսի բաները բոլորովին չեն հետաքրքրում»:
Աննա Բաբաջանյան