«ԵՍ ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջութակահար ԱՐՏՅՈՄ ԱՅՐՈՒՄՅԱՆԸ ծնվել է Երեւանում, 2005 թվականին ավարտել Երեւանի պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Վիկտոր Խաչատրյանի դասարանը, մինչ այդ սովորել է Միրզոյանի, նաեւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում:
-Արդյո՞ք դասական արվեստն ըստ արժանվույն գնահատվում է Հայաստանում:
-Միանշանակ գնահատվում է ե՛ւ այստեղ, ե՛ւ ամբողջ աշխարհում, քանի որ ամեն ինչի հիմքը հենց դասականն է: Իսկ այն, որ ես ընտրել եմ այս ուղին, դրանում մեծ է երջանկահիշատակ ջութակահար Կարո Հայրապետյանի ազդեցությունը: Նա առաջին ջութակահարն էր, որ հայկական ժողովրդական ստեղծագործությունները՝ թե՛ Կոմիտաս, թե՛ Սայաթ-Նովա, վերարտադրեց ջութակի վրա: Փոքր ժամանակվանից լսել, սիրել եմ նրա կատարումները, այդ ամենն ինձ շատ ոգեւորեց:
-Եթե չեմ սխալվում, Ձեր եղբայրը նույնպես երաժիշտ է:
-Այո՛, մեր ընտանիքում երաժիշտներ շատ կան: Եղբայրս` Արամ Այրումյանը, Սիլվա Հակոբյանի երաժշտական խմբի ղեկավարն է: Մայրս երաժիշտ է, դաշնակահարուհի, երկար տարիներ դասավանդել է Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, հարսս նույնպես դաշնակահար է: Քեռիս էլ թառ է նվագել:
-Ձեր մասնագիտության ընտրությունը կարծես ինքնըստինքյան է ստացվել:
-Ճիշտ նկատեցիք: Բայց ասեմ, որ փոքր եղբայրս ընտրել է բոլորովին այլ ուղի, սովորում է տնտեսագիտական ինստիտուտում: Երեք եղբայր ենք, երկուսս երաժշտությունն ենք ընտրել, փոքրը` թվերը:
-Ճի՞շտ է կարծիքը, որ երաժշտությունը լեզու չունի…
-Ունի: Եթե դրսում հանդիսատեսը հայ չէ, ու նվագես հայկական երաժշտություն, չի հասկանա, նվագելուց առաջ պետք է ներկայացնես:
-Հիմա աշխատում եք «Արքայաձոր» ռեստորանային համալիրում, մեր հասարակությունը երաժշտին լսելու կուլտուրա ունի՞, թե՞ ավելի շատ սիրում է պատվերներ տալ:
-Ունեն եւ լսում են: Պատահում է, երբ մարդիկ պատվիրում են իրենց առիթին համապատասխան մի բան, բայց երբ կատարում ես, հաճույքով լսում են:
-Չի՞ գալիս պահ, երբ նեղվեք, որ երեկոները ռեստորանում եք աշխատում:
-Պահեր լինում են, բայց քանի որ իմ ոճային ուղղությունը հենց այս է, որոշումս կայացրել եմ Կոնսերվատորիան ավարտելուց հետո: Մտածում էի՝ շարունակել դասակա՞ն ուղղությամբ, թե՞… Պարզ է, որ դասականն առաջնահերթ է, բայց մի քիչ դժվարություններ կան՝ Հայաստանում առաջ գնալու: Իսկ որակավորումը բարձրացնելու համար պետք է մեկնել դուրս, այլ պրոֆեսորների մոտ ուսանել, այնուհետեւ վերադառնալ:
-Դրսից աշխատելու հրավերներ չունե՞ք:
-Առայժմ ոչ: Բայց ունեցել եմ, Սոչիում եմ աշխատել, 3 ամսով հրավիրել էին, ե՛ւ հանգստացա, ե՛ւ աշխատեցի: Եթե կրկին առաջարկ լինի, նորմալ վճարեն, լավ պայմաններ ստեղծեն, կմտածեմ, բայց ոչ երկար ժամանակով, քանի որ ես սիրում եմ իմ հայրենիքը: Իմ ամենաերկար բացակայությունն այդ երեք ամիսներն են եղել, երբ  Սոչիում էի: Ես մեր հողն ու ջուրը շատ եմ սիրում: Սուտ է, ուր գնում ես, ոչ մի տեղ էլ այստեղի նման չէ, հասարակ սնունդն էլ էստեղ համով է: Կուզեի՝ ավելի շատ արդարություն լիներ մեր երկրում, մարդը մարդու նկատմամբ ավելի բարի լիներ, գնահատեին կատարած աշխատանքդ: Չնայած կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը կա ու դեպի լավն է գնում:
-Երաժիշտների մոտ սովորաբար լինում է ցանկություն, օրինակ, տիրանալ Ստրադիվարիուսի կամ մեկ այլ հանճարի ջութակին: Ձեզ մոտ նմանատիպ ցանկություններ չկա՞ն:
-Բնական է, որ դրանք շատ թանկ ջութակներ են, հաճախ դրանք չեն էլ վաճառվում, գնում է պետությունը կամ լինում է պետության սեփականությունը: Պատահում է, որ վարձով են տալիս կամ ժամանակավոր օգտագործման՝ իրենց երկրի լավագույն ջութակահարին: Ինչ-որ մեկի ջութակին տիրանալու ցակություն չունեմ, բայց եթե գործերս շատ լավ լինեն, ու հայտնի մարդու ջութակ վաճառվի, գուցե կկարողանամ գնել:
-Ապագայի հետ կապված ի՞նչ նախագծեր ունեք:
-Ինչ վերաբերում է  իմ արվեստին, իմ գործով եմ ցույց տալիս, աշխատանք եմ անում ու ներկայացնում հանրությանը: Ինչ-որ բաներ ունենալու համար էլ պետք է աշխատել: Փառք Աստծո, չեմ բողոքում, ես կամաց-կամաց ստեղծում եմ իմը: Նոր ստեղծագործություն կա, որի վրա աշխատում եմ, եղբայրս է գործիքավորում: Փակագծերը չեմ բացի, բայց ոճային առումով տարբերվում է մյուսներից: Ստեղծագործությունն էլ հատուկ գրված է ինձ համար:
-Գիտեմ նաեւ, որ վերջերս եք ամուսնացել, Ձեր կինը նույնպե՞ս երաժիշտ է:
-Կինս պարուհի է, պարուսույց, մանկավարժ, դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս