«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը Երևանում կազմակերպել է «Կարտոֆիլ 2015» տարածաշրջանային համաժողով: Համաժողովին ներկա է կարտոֆիլագործության ոլորտի 100-ից ավելի մասնակից Վրաստանից և Հայաստանից: Համաժողովին քննարկվում է ՀՀ շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների հետ կարտոֆիլի արտադրության և իրացման շուկաների հնարավորությունները:
Հայկական ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով` համաժողովի նպատակն է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն տարածաշրջանում կարտոֆիլագործության զարգացումը, ինչն էլ իր հերթին կապահովի Հայաստանում կարտոֆիլագործության զարգացումը:
Ըստ Բերբերյանի` կարտոֆիլագործության հայաստանյան փորձի շնորհիվ մեր երկիրը կարող է դառնալ կարտոֆիլի տնկանյութի արտադրության կենտրոն: Համաժողովի արդյունքում կորոշվի նաև 2016 թվականի օգոստոսին Հայաստանում կարտաֆիլագործության միջազգային համաժողովի կազմակերպման հարցը, որին, ի դեպ, կմասնակցեն նաև ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներ: