ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնից «Ժողովուրդ»-ը վերջերս մի գրություն է ստացել, որն իրավական անգրագիտության տեսանկյունից հավասարը չունի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Հ.Ա. Խոստեղյանի ստորագրած գրությամբ «Ժողովուրդ»-ից պահանջում են իրենց տրամադրել օրաթերթում հրապարակված «Կեղծ շենգենից մինչեւ ՀԴՄ կտրոն, ինչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը» հոդվածի տեղեկատվության աղբյուրը: Մի կողմ թողնենք, որ գրության հեղինակը չի տարբերում հոդվածի վերնագիրը եւ խորագիրը: Բանն այն է, որ հոդվածի վերնագիրը եղել է «Ինչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը», իսկ «Կեղծ շենգենից մինչեւ ՀԴՄ կտրոն»-ը նյութի խորագիրն է: Բայց սրանք դեռ ծաղիկներն են: Ոստիկանությունը տեղեկատվության աղբյուրը պահանջում է «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի հիմքով»: Նախ՝ Հայաստանի օրենսդրությունում նման գործող օրենք գոյություն չունի: «Զանգվածային լրատվության մասին» օրենքն էլ ընդամենը 14 հոդվածից է բաղկացած: Ավելին՝ այդ օրենքում չկա որեւէ դրույթ, որը իրավապահներին իրավունք է տալիս լրատվամիջոցից տեղեկատվության աղբյուր պահանջել: Իսկ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքը, որի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնում հիշել ու հիշատակել են, ընդունվել է 1991 թվականին եւ գործել է մինչեւ 2004 թվականը: Գրության հեղինակի կարոտախտն էլ պատահական չէ, քանի որ այդ տասնամյա վաղեմության չգործող օրենքի վերը նշված 25-րդ հոդվածը այսպիսի պարբերություն ունի. «Խմբագրությունը կամ լրագրողը պարտավոր են հայտնել լրատվության աղբյուրը միայն իրավապահ մարմինների պահանջով»: Բայց այսօրվա օրենքում նման ձեւակերպում պարզապես չկա: Ու եթե ոստիկանությունում սկսել են հին օրենքները վեր հանել, կարող է մի օր էլ սովետական օրենսդրությամբ առաջնորդվեն ու ազատ մամուլի գործունեությունն ընդհանրապես արգելեն: Եւ այս մակարդակով հետաքննիչները մարդկային ճակատագրեր են խեղում:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի սկզբին մի քանի օրով Հայաստան վերադառնալուց հետո նորից մեկնել է: Ինչպես հայտնի է՝ Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանի հետ կապված ինչ-որ ծրագրեր է ցանկանում իրագործել, որոնց մանրամասները դեռ չի հրապարակվում: Այս անգամ նա մեկնել է Լիբանան: Քառօրյա իր այցի շրջանակներում Մեծն Տան Կիլիկիո նստավայրում Րաֆֆի Հովհաննիսյանին առանձին ընդունել է կաթողիկոս Արամ Ա-ն: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ վեհափառը քննարկել են հայրենիքի ու հայ ազգի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ինչպես հայտնի է՝ Հովհաննիսյանը «Ոչ»-ի ճակատի առաջնորդներից մեկն է, սակայն նա վերջին շրջանում հիմնականում գտնվում է արտերկրում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը երեկ երեկոյան պետք է վերադառնար Հայաստան:
ՀՀԿ խմբակցության անդամների շրջանում երեկ իրարանցում էր, քանի որ նրանք արդեն հասկացել են, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները իրենց նախատեսածից երկար են տեւելու: Ուստի ՀՀԿ-ականները քննարկում էին այսօր՝ ժամը 18.00-ին, քառօրյայի ավարտից անմիջապես հետո արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Քանի որ այդպես էլ չի հաջողվի քննարկումները ավարտել, ուստի ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ուրբաթ եւ շաբաթ օրը եւս կշարունակվեն աշխատանքները. սեպտեմբերի 19-ը հայտարարված է աշխատանքային օր: Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս քառօրյայի շրջանակներում ավարտեն նոր Սահմանադրության նախագծի քննարկումները: Այդ դեպքում հաջորդ՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք քառօրյայում էլ փաստաթուղթը կդնեն քվեարկության: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ին ասաց, որ արտահերթի վերաբերյալ որոշումն իրենք դեռ չեն կայացրել:
Գերմանական մամուլում օրերս հրապարակում է եղել այն մասին, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում, որը գտնվում է Համբուրգ երկրամասում եւ համանուն քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է, հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել: Ըստ այդ հրապարակման՝ հայկական ընկերությունը 4 մլն 300 եվրո արժողությամբ գնել է ընդհանուր 6 հեկտար մակերեսով տարածք, որի վրա առկա են նաեւ շենք եւ շինություններ, քանի որ այդտեղ ժամանակին ինչ-որ գործարաններ են եղել: Հայկական ընկերության անունը չի հրապարակվում, նշվում է միայն, որ ներդրողը պատրաստվում է այնտեղ հիմնել եվրոպական շուկայի համար ծխախոտի արտադրություն: Այս լուրը հայկական ընկերություններից թերեւս միայն մեկի՝ «Գրանդ հոլդինգի» հետ է ասոցացվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ «խորհրդավոր» ներդրողը հենց «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատեր Վարդանյաններն են: Բայց առավել հավանական է, որ նրանք գործարքը միջնորդավորված կնքած կլինեն` ուշադրություն չգրավելու համար:
ՔԾՆԱՆՔԱՄԱՐԱԹՈՆ
Եվ այսպես` մինչ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող քաղաքական ուժերը շարունակում են պնդել, որ այդ ամենի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ապահովումն է, Հանրապետական կուսակցության անդամներն արդեն իսկ սկսել են հայտարարել, թե Սերժ Սարգսյանի նման փորձառու գործիչն, իհարկե, իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո չպետք է հեռանա ակտիվ քաղաքականությունից եւ անպայման պետք է կարողանա զբաղեցնել այն պաշտոնը, որը որ ինքը կցանկանա: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականներն այսօր արդեն իրենց այնքան ինքնավստահ են զգում, որ այլեւս չեն վարանում ժամանակից շուտ Սերժ Սարգսյանի վերարտադրության մտադրությունները հաստատող բացահայտումներ կատարել:
Չի բացառվում, իհարկե, որ այս դեպքում ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի «քծնանքի մրցավազքի» «ֆալշստարտը» տեղի է ունեցել ոչ ծրագրված ձեւով, բայց քանի որ Մարգարիտ Եսայանն արդեն իսկ առաջինը գլխի էր ընկել այդ թեմայով հայտարարություն անել, մնացած ՀՀԿ-ականներն անմիջապես մտածեցին իրենց գործընկերոջից հետ չմնալու եւ Սերժ Սարգսյանին առաջիկայում ցանկացած բարձրագույն պաշտոնում տեսնելու երազանքով կիսվելու հարցում` «ումից է պակաս, որ» հռետորական հարցադրումներով:
Իրականում, սակայն, դեռ ամիսներ առաջ էր ընդդիմությունը հայտարարել, որ այս նախագծում առկա կոնկրետ դրույթներից դատելով` Սերժ Սարգսյանը կա՛մ դառնալու է Աժ նախագահ, կա՛մ վարչապետ: Ընդ որում, վերջինը կարող է տեղի ունենալ ինչպես սահմանադրական փոփոխությունների ընդունման, այնպես էլ հանրաքվեի տապալման դեպքում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` անցած տարի ապրիլի 10-ին արած հայտնի հայտարարությանը, թե խորհրդարանական համակարգի անցման դեպքում ինքը չի հավակնի երկրի վարչապետի պաշտոնին, ապա ամենեւին դժվար չէ սահմանային լարվածության հերթական էսկալացիայից հետո փոխել սեփական հավակնությունները` եւ տեղի տալով ՀՀԿ-ականների եւ պալատական մի քանի մտավորականների կողմից «ազգովի խնդրելու» դրսեւորումներին` հայտարարել, թե այո, ես չէի ցանկանում, բայց այս լարված իրավիճակում ես իրավունք չունեմ ի նպաստ իմ երկրի չծառայեցնելու փորձառությունս եւ հանդես չգալու գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Սահմանային սրված իրավիճակում դժվար թե առանձնապես լուրջ դիմադրություն լինի այս հարցում, հատկապես որ ներկայիս վարչապետին, օրինակ, շատ, շատ դժվար է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները իրականացնելիս պատկերացնել:
Եվ քանի որ այս տարբերակը կա ու կա, ապա ինչու առաջ չընկնել սեփական գործընկերներից եւ չսկսել Սերժ Սարգսյանին երիտասարդ թոշակառուի դերում պատկերացնելու անհնարինության վերաբերյալ քծնանքառատ զեղումները, մանավանդ որ ՀՀԿ ղեկավարությունում նման դրսեւորումները շատ են սիրում: