ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում Աժ փոխխոսնակներից մեկի պաշտոնը հատկացվելու է ընդդիմությանը, եւ դրա արդյունքում ինքը կարող է զրկվել Աժ փոխնախագահի պաշտոնից, պատասխանեց, թե պաշտոնն իր համար ինքնանպատակ չէ, ու որտեղ կուսակցության ղեկավարն իրեն տեսնի, այնտեղ էլ կաշխատի` դա լինի պատգամավոր, փոխխոսնակ, թե ավագանու անդամ:
-Պարո՛ն Շարմազանով, արդեն մի քանի օր է` խորհրդարանը սկսել է քննարկել նոր Սահմանադրության նախագիծը, ինչին զուգահեռ ստեղծվում են առաջարկվող փոփոխությունների դեմ պայքարի ճակատներ: Ինչպե՞ս են այդ ամենին վերաբերվում ՀՀ իշխանությունները, արդյո՞ք մտահոգված չեք, որ «Ոչ»-ի ճակատը կկարողանա հանրության հետ տապալել նոր Սահմանադրության ընդունումը:
-Ես հավատում եմ Աստծուն, ինչու պետք է հավատամ «Ոչ»-ի ճակատի անելիքներին: Իրենց իրավունքն է այո կամ ոչ ասել: Անգրագետ են նրանց ձեւակերպումները, թե իշխանությունները ցանկանում են վերարտադրվել, աշխարհում կա՞ մի կուսակցություն, որը չի ցանկանում վերընտրվել, հաղթել ընտրությունների ժամանակ: Եթե աշխարհում կա մի կուսակցություն, որը չի ցանկանում ընտրություններում հաղթել, ապա ես քաղաքականությունից բան չեմ հասկանում: Եթե կա մի քաղաքական գործիչ, որն ասում է, թե ես չեմ ցանկանում ընտրվել, ուրեմն ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: Մինչեւ հիմա բոլորը մեզ մեղադրում էին, որ մենք իշխանությունը կենտրոնացրել ենք նախագահի «ձեռքում», ունենք 41 մեծամասնական ընտրակարգով մանդատ, որն էլ բոնուս է ՀՀԿ-ի համար, ու վերարտադրվում ենք: Հիմա մենք էլ ասում ենք՝ եկեք, խորհրդարանական ընտրակարգ ընդունենք, ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն են բազմաթիվ անգամ հայտարարել: Ով չի ցանկանում հանրապետականին, թող չընտրի, խնդիրն ազատ, արդար ընտրությունների միջոցով է: Եղբայր, ես չեմ պարտադրում, որ ինձ ընտրես, չես ուզում, մի ընտրի: Իսկ ովքեր են այդ «ՈՉ»-ի ճակատում ու ինչ են ուզում, ես չեմ կարողանում հասկանալ:
-«Ոչ»-ի ճակատում գտնվող ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի իշխանություններն իրենց սցենարի իրագործմանը չկարողանան հասնել: Ինչպե՞ս են իշխանությունները պայքարելու այդ քաղաքական ուժերի դեմ:
-Լավ եք, էլի, ես խորը հարգանք ունենալով բոլոր քաղաքական կուսակցությունների նկատմամբ՝ կարծում եմ, որ բոլոր քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական կուսակցությունները հավաքված են պառլամենտում ու պառլամետի ճնշող մեծամասնությունը գոնե քննարկում է ու հիմնականում կողմ է Սահմանադրական բարեփոխումներին, պառլամենտականացմանը: Ձեր կողմից նշած քաղաքական ուժը ինքն իր ֆրակցիայում մի դեմ ունի, եթե ռեալ նայում ենք, «Ժառանգություն»-ից միայն դեմ արտահայտվել է Զարուհի Փոստանջյանը: Իրենք իրենց հակասում են, եթե իրենք այդքան ուժեղ են, որ ժողովրդին պետք է միավորեն «Ոչ»-ի ճակատում, բայց անգամ չեն կարողանում միասնություն պահպանել իրենց իսկ շարքերում, ապա ինչպես պետք է ժողովրդին միավորեն մեր դեմ: Եթե ես չեմ կարողանում իմ թիմին իմ շուրջ հավաքել, ես ոնց պետք է ժողովրդին համախմբեմ ու ասեմ՝ եկեք իմ հետեւից: Իրենց թիմն իրենց չի հավատում, ես չեմ ցանկանում իրենց վրա կենտրոնանալ, որովհետեւ ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել: Եթե մինչեւ 2013 թվականը բոլորը հայտարարում էին, որ պետք է լինի պառլամենտական ընտրակարգ, ապա հիմա ինչի՞ն են դեմ: ԱԺ-ում հիմա քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, բոլոր հիմնական պաշտոնները 3/5-ով են ընտրվելու՝ դատախազ, վերահսկիչ պալատ եւ այլն, ինչի մասին է խոսքը: Առանց ընդդիմության չեն կարող ընտրել, դրա վատը ո՞րն է: Կլինի պառլամենտական, կլինի նախագահական թե կիսանախագահական, Ձեր նշած քաղաքական ուժերը ես կասկածում եմ, որ կարող են 5 տոկոսը հաղթահարել, ուր մնաց թե իշխանության գան: Ընդդիմության մեջ շատ պայծառ դեմքեր կան, ես չեմ ասում, որ միշտ հանրապետականը պետք է պապենական ընտրվի, բայց այդ քաղաքական ուժերն այսօր 5 տոկոս հավաքելու խնդիր ունեն: Պրոբլեմն իրենց մեջ է, իրենք իրենց չեն կարողանում համախմբել:
-Բայց արդեն համախմբվել են եւ նոր միավոր են ստեղծել իշխանությունների դեմ պայքարելու համար…
-Ժողովրդին ո՞նց են համախմբելու, Ձեզ հայտնի է, եթե կա հասարակական սեկտր, որը դեմ է, ապա դա նորմալ է, դա բազմակարծություն է նշանակում, մենք երբեք չենք հավակնել, որ նման բան չի լինելու: Ի դեպ, նշեմ, որ ամիսներ առաջ այդ ուժերը հայտարարում էին, թե բոյկոտելու են Սահմանադրության նախագծի քննարկումը, բայց հիմա արձանագրեք, որ բոյկոտող չկա: Այն, որ հայտարարում էին, թե սա կեղծ օրակարգ է, փաստը հետեւյալն է, որ բովանդակային քննարկում է գնում պառլամենտում, ու բոլոր քաղաքական խմբակցությունները մասնակցում են բովանդակային քննարկմանը, այդ թվում նաեւ՝ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը: Ու նրանց պլանը` բոյկոտել Սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումը, չստացվեց, ու այլեւս կա քաղաքական կոնսուլիդացիա:
-Եթե Սահմանադրության նոր նախագիծն ընդունվի, ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ, արդյո՞ք այդ դեպքում Դուք կրկին կկարողանաք լինել փոխխոսնակի պաշտոնում:
-Որեւէ պաշտոն հավերժ չի, երբեք ինձ համար պաշտոնը գերնպատակ չի եղել, թիմի ղեկավարը որտեղ ինձ կտեսնի, ես այնտեղ էլ կաշխատեմ: Խղճում եմ այն մարդկանց, ովքեր նյութական արժեքները` պաշտոն կլինի, փող կլինի, կյանքի նպատակ են դարձնում: Քաղաքականության մեջ անելիք ունեմ իմ թիմի ղեկավարի հետ միասին:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԼԻՆԵԼԸ ՉԷ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում նրա տեղը մինչեւ այսօր թափուր է: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ականները նպատակ ունեն ԵԽԽՎ գործուղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ականների, այսպես կոչված, «տարեցների» թեւը դեմ է, որ Մարտիրոսյանը ընդգրկվի պատվիրակության կազմում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Լեւոն Մարտիրոսյանից պարզել՝ արդյո՞ք նա ցանկանում է ընդգրկվել ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում:
-Պարո՛ն Մարտիրոսյան, տեղեկություններ կան, որ Դուք եք ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում փոխարինելու ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին: Արդյո՞ք առաջարկություն լինելու դեպքում այն ընդունելու եք:
-Կմտածեմ, եթե առաջարկություն լինի, ես տարբեր պատվիրակություններում ընդգրկված եմ, տարբեր բարեկամական խմբերում եմ, այսինքն՝ բավականաչափ ծանրաբեռնված եմ միջխորհրդարանական համագործակցությունում: Երազանքս չի եղել երբեք ԵԽԽՎ պատվիրակության կամ որեւէ այլ պատվիրակության մեջ ներգրավվել: Բայց եթե որոշում լինի, որ պետք է ես գնամ, ապա որեւէ խնդիր չկա. ես կընդգրկվեմ նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում:
-Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, ՀՀԿ-ի «տարեց» ներկայացուցիչները համաձայն չեն, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում Դուք ընդգրկվեք: Նշվում է, որ այդ պատվիրակությունում արդեն իսկ ՄԻԱԿ-ից պատգամավոր կա` ի դեմս Նաիրա Կարապետյանի: Ինչպե՞ս եք դիմակայելու այդ ընդդիմախոսությանը:
-Չգիտեմ, դա այնքան ոչ կարեւոր հարց է, որ նույնիսկ այդ մասին չեմ էլ մտածել, թե ով ինչ է ուզում, ինչը լավ կլինի, կամ ինչը վատ կլինի: Եթե այդպիսի որոշում կայացվի, ապա կքննարկենք այդ հարցը, եթե ոչ, ապա որեւէ խնդիր չկա: Այս պահի դրությամբ ես որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ որեւէ տեղեկություն չունեմ: Ես ընդգրկված եմ մի քանի պատվիրակություններում, որտեղ իմ աշխատանքն եմ կատարում, իսկ թե ինչ կլինի, ինչպես կլինի, մնացած հարցերը պետք է քննարկվեն, պետք է հասկանանք, թե ինչպես են դրանք լուծվելու: Մեր խնդիրը աշխատելն է, մենք էլ աշխատում ենք:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՊԱՐԶՎԻ
Երկու շաբաթ է անցել Մարգարյան հիվանդանոցում արգանդի միոմայի վիրահատությունից մահացած, Վարդենիս քաղաքի բնակիչ Կարինե Աղաբեկյանի դեպքից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մահացած Կ. Աղաբեկյանի հարազատներին դեռեւս չեն հարցաքննել: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում պատրաստ կլինի Կ. Աղաբեկյանի մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ենթադրվում է, որ այդ եզրակացությունից պարզ կլինի, թե ինչն է եղել երեք երեխաների մոր մահվան պատճառը: Բացառված չէ, որ քննիչները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, որպեսզի դրանից հետո նոր միայն գործով անցած անձանց հարցաքննեն: Նշենք, որ այս դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը, պատժվում է ազատազրկման 2-6 տարի):
«ՌԱԶԲՈՐԿԱՅԻ» ԳՈՐԾՈՎ
Շուրջ մեկ ամիս է անցել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանի եւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում ամեն ինչ կավարտվի կողմերի հաշտությամբ:
Հիշեցնենք, որ Ն. Սամսոնյանը հարցազրույցում կոպիտ քննադատել էր Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում նաեւ «Ժառանգությանը»: Արդյունքում, «Ժառանգության» երիտասարդ անդամները որոշել էին բացատրություն պահանջել Ն. Սամսոնյանից: Այդ նպատակով Հ. Ղազարյանն իր վեց կուսակիցների հետ այցելել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակ: Սամսոնյանի եւ «Ժառանգության» անդամների միջեւ վիճաբանություն էր բռնկվել, որը հետագայում վերաճել էր ծեծկռտուքի: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն): «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հ. Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել, եւ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը:
ԴԵՍՊԱՆ ԵՂԲՈՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Ըստ նրա 2014թ. հայտարարագրի՝ անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 17 մլն դրամ, 85 հազ. դոլար, 220 հազ. չինական յուան եւ 7 հազ. եվրո: Դեսպանի տարեկան աշխատավարձը կազմել է 200 հազար 240 չինական յուան: Բացի այդ՝ նա ստացել է նաեւ 1 մլն 472 հազար դրամ թոշակ: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է: