Սեպտեմբերի 15-ից խորհրդարանում մեկնարկել է նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որի ընթացքում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանում է ԱԺ պատգամավորների հարցերին: Երեկ խորհրդարանում շատ թեժ մթնոլորտ ստեղծվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը զուգահեռ սկսեց խոսել ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Արդյունքում Բագրատյանը Բաբուխանյանին հրավիրեց դուրս` «հաշիվները» մաքրելու:
Քննարկման ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Պողոսյանը կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի հավակնելու Աժ նախագահի պաշտոնին: Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանը հայտարարեց, թե որեւէ կեղծ տեղեկություն ինքը չի ներկայացրել ԱԺ-ին: Նրա խոսքով՝ դա հանրահայտ փաստ է եւ հաստատվել է նախագահի կողմից տարբեր «կանալներով»: Զուրաբյանը մինչեւ վերջ չլսելով Պողոսյանին՝ տեղից հակադարձեց, թե իրականում նման բան չի եղել:
«Պետք է լսելու ունակություն ունենալ, չբղավել ու պահպանել էթիկայի կանոնները: Ինչ կարեւոր է՝ անձամբ թե հրապարակայնորեն է ասել: Ես պնդում եմ, որ ՀՀ նախագահը հայտարարել է հանրության համար, որ ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին»,- գրեթե բղավելով հայտարարեց Պողոսյանը՝ ավելացնելով. «Կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում են Ձեր խղճի վրա»: Նշենք, որ այդ ընթացքում մի քանի պատգամավորներ վիճաբանում էին, եւ ամեն մեկն իր տեղից հայտարարություններ էր անում` միմյանց չլսելով:
Վարդան Պողոսյանը, խոսելով խորհրդարանական համակարգի մասին, ասաց, որ Հայաստանի Սահմանադրության նախագիծը միակը չէ, որտեղ վարչապետի պաշտոնի թափուր լինելու դեպքում թեկնածուի առաջադրումը պատկանում է ոչ թե նախագահին կամ պատգամավորական մեծամասնությանը, այլ խորհրդարանի նախագահին:
Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց, որ Պողոսյանը սխալ է ասում: Վարդան Պողոսյանի գնահատականն էլ, թե «փայլուն տրամաբանություն է», հունից հանեց Բագրատյանին, եւ նա սկսեց բղավել: Այս ընթացքում լեզվակռվին միացավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ սկսելով նկատողություններ անել Բագրատյանին: «Արի, հլը տենամ՝ ի՞նչ ես ասում, դո՛ւրս արի, արի՛ ստեղ»,-խոսքն ուղղելով Բաբուխանյանին` զայրացած հայտարարեց Բագրատյանը: Իրավիճակին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` հորդորելով «կրքերը» հանդարտեցնել ու իրենց հարցերը լուծել դրսում. «Հանգի՛ստ, կրքերը հանգստացրե՛ք: Երկուսդ էլ դո՛ւրս եկեք, ավելի լավ ա, դրսում ձեր հաշիվը մաքրեք»:
Քննարկման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը եւս բազմաթիվ հարցեր ուղղեց Վարդան Պողոսյանին: Նա հետաքրքրվեց, թե ով է այս Սահմանադրության երաշխավորը` մատնանշելով, որ այս նախագծում հստակ ձեւակերպում չկա: «Անտեր ոչինչ չի լինում»,- ընդգծեց նա: Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանն ասաց, որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել Սահմանադրությունը, բայց դա չի նշանակում, թե երկիրն անտեր է: Պողոսյանի խոսքով՝ երկիրն անտեր է դառնում այն ժամանակ, երբ ամբողջ երկրի ճակատագիրը վստահվում է միայն մեկ անձի, երբ չկա իշխանության թեւերի բաժանում, ու միակ հույսը ինչ-որ մեկն է դառնում: Իսկ մեր երկրում Սահմանադրության երաշխավորը, ըստ նրա, միայն ու միայն Սահմանադրական դատարանը կարող է լինել:
Այնուհետեւ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումն ընդհատվեց, քանի որ խորհրդարանում սկսվեց Կառավարության անդամների հետ ավանդական հարցուպատասխանը: Այսօր խորհրդարանում Վ. Պողոսյանը կշարունակի պատասխանել պատգամավորների հարցերին:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Իջեւանի ավագանու անդամ, 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Իջեւանի քաղաքային կոմունալ ձեռնարկության տնօրեն Սուրեն Չիբուխչյանի հայրը, չարաշահելով վերջինիս եւ հիմնարկի աշխատակիցների վստահությունը՝ Արթուր Ասրյանին աշխատանքի չգալու թույլտվություն տալու միջոցով հափշտակել է վերջինիս 12 ամսվա աշխատավարձի գումարը՝ ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 480 հազար դրամի գույքային վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով: Իջեւանի բնակիչ, 1950թ. ծնված Համլետ Բլբուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկի ինժեներ՝ Սամվել Չիբուխչյանի խնդրանքով եւ առանց անձնական շահագրգռվածության ընկերության աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերում Ա. Ասրյանի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ կատարել է գրառումներ՝ դրանով իսկ օժանդակելով Ս. Չիբուխչյանի կողմից Իջեւանի կոմունալ ծառայության հիմնարկից Ա. Ասրյանի աշխատավարձի գումարի՝ 480 հազար դրամի հափշտակությանը:
Ս. Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, Հ. Բլբուլյանին՝ 38-178 հոդվածի 1-ին մասով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատաքննության ավարտից առաջ ամբաստանյալները եւ տուժողի ներկայացուցիչը հայտնել են, որ իրենք հաշտվել են միմյանց հետ, ամբաստանյալները վերականգնել են տուժողին պատճառված նյութական վնասը: Գործով տուժող ճանաչված Իջեւանի քաղաքապետարանը, ի դեմս համայնքի ղեկավարության, հայտնել է, որ քաղաքապետարանին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Տուժող կողմը դատարանին խնդրել է նրանց քրեական պատասխանատվության չենթարկել եւ քրեական գործը կարճել:
Մեղադրողն այդ միջնորդության դեմ առարկություն չի ներկայացրել: Այս ամենը հաշվի առնելով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Ս. Չիբուխչյանի եւ Հ. Բլբուլյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել եւ նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել: Դատավորը լրացուցիչ որոշմամբ Տավուշի մարզի դատախազի եւ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչության պետի ուշադրությունը հրավիրել է մինչ դատական վարույթի ընթացքում թույլ տրված էական խախտումների վրա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴՈՒ ՈՎ ԵՍ, ՈՐ ԵՍ ՔԵԶ ԾԵԾԵՄ
Երեկ Ազգային ժողովում լրագրողները պատգամավոր Մհեր Սեդրակյանին հիշեցրել են, որ իր անվան հետ է կապվում Էրեբունի համայնքի բնակիչներից մեկի՝ Վահրամ Մարտիրոսյանի ընտանիքին ծեծի ենթարկելը:
«Դուք հավատո՞ւմ եք տենց բանի: Ես էդ անձին չեմ ճանաչում, երկու-երեք տարի ապրել է այդ թաղամասում, բայց ես նրան երեւի չեմ էլ տեսել… Եթե երեխու մորը խփում են գետնին, եւ երեխեն ծեծում է այդ մարդկանց, ամոթ էլ կլինի, որ չծեծեր: Տասնհինգ-տասնվեց տարեկան երեխա է: Հիմա գործն ընթացքի մեջ է, քննչական մարմինները զբաղվում են, ինքը փախած ա, երբ որ կբռնեն-կբերեն, այսպես ասած, հարկային դաշտ, այդ ժամանակ կպարզվի, Դուք էլ կիմանաք»,- պատասխանել է պատգամավորը:
Երբ լրագրողները նրան հիշեցրել են, որ Մարտիրոսյանը պնդել է, թե ինքն է սրճարան հրավիրել՝ Սեդրակյանը այսպես է արձագանքել.«Նախ՝ ես սրճարան չունեմ: Հետո՝ ինքը ո՞վ ա, ի՞նչ է իրենից ներկայացնում, որ ես նրան հրավիրեմ: Իմ համար ինքը ո՞վ ա, ես չեմ էլ ճանաչել տենց մարդ: Եթե մարդը գա էրեբունի համայնքում ապրի երկու-երեք տարի, ես նրան երեւի հանդիպած էլ չլինեմ: Ու Դուք լսել ե՞ք, որ ում տանը որ ինքը ապրելա, 3.000 դոլար գողացելա, մարդ ու կնիկ հիմա փախած են: Երբ որ կբռնեն, Դուք էլ կտեսնեք, որ ինչ-որ իմ հասցեին ամբախ-զամբախ ասում էր, ես էդ մարդը չեմ…Կամ դու ով ես, որ քեզ ծեծեն»: