Կինոօպերատոր, կինոռեժիսոր Շավարշ Վարդանյանը, ով նկարահանել է խաղարկային եւ վավերագրական մի շարք ֆիլմեր, զենքը եւ տեսախցիկը ձեռքին մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Արցախի եւ ՀՀ սահմանամերձ գոտիների համար մղված պատերազմական գործողություններին, սակայն այսօր նա չի կարողանում ավարտին հասցնել Ղարաբաղյան պատերազմի մասին իր ֆիլմը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է դրա պատճառների մասին: «Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ», «Կտոր մը երկինք», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմերի նկարահանումներին իր մասնակցությունն ունեցած կինոօպերատորը խոսել է նաեւ «Հայֆիլմ»-ը պետությանը վերադարձնելու թեմայից՝ խոստովանելով, որ իրականում վերադարձվել է միայն կինոստուդիայի անունը:
-Պարո՛ն Վարդանյան, որքանով տեղյակ ենք` Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ էիք նկարահանում. խոսքը վերաբերում է «Երկար վերադարձ»-ին: Ինչո՞ւ այդ աշխատանքներն այդպես էլ կիսատ մնացին:
-Ֆիլմի 50 տոկոսը նկարել եմ, բայց գումար չկա, որ շարունակեմ: Արդեն երկու տարի է` նկարում եմ, պետությունը մաս-մաս է գումար հատկացնում, այնինչ ժամանակն անցնում է, իսկ դա անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ: Ֆիլմը պետք է սկսել եւ ավարտել. մի բան, որ մենք չենք կարողանում անել: Այսօր Կինոկենտրոնի բյուջեն այնքան փոքր է, որ մի միջին որակի ֆիլմին կբավարարի միայն, այնինչ այդ գումարով մի քանի անառողջ ֆիլմեր են ստեղծվում: Իսկ մանր-մունր կոպեկներով լուրջ կինո չի նկարվում: Արտասահմանցիները որ տեսնեն, թե պետությունը որքան գումար է տրամադրում մեկ ֆիլմի համար, կծիծաղեն. մի նորմալ տեսահոլովակի գումարով լիամետրաժ ֆիլմ ենք նկարում: Ինձ համար հատկապես ցավալի է, որ ես պատերազմ գնացած-եկած, վիրավորված մարդ եմ, ով արխիվային շշմելու նյութեր ունի, լուրջ կինո է ուզում նկարել, սակայն պետությունը չի կարողանում ֆինանսավորել, իսկ մասնավոր ներդրողներն էլ գերադասում են իրենց գումարները վատնել բարերում եւ խաղատներում:
-Իսկ հիմա, երբ «Հայֆիլմ»-ը կրկին վերադարձվում է պետությանը, ինչ-որ հույսեր կապու՞մ եք կինոստուդիայի հետ, ըստ Ձեզ` հնարավոր կլինի՞ տարիների ընթացքում վերականգնել նախկին մթնոլորտը:
-Երբ տարիներ առաջ «Հայֆիլմ»-ը սեփականաշնորհվեց, ես այդ ժամանակ պատերազմի դաշտում էի, տեղյակ չէի` ինչ էր կատարվում: Այսօր, երբ այն վերադարձվել է պետությանը, պետք է այնպես անել, որ հայ կինոն վերադառնա իր ակունքներին: Երբ ես պատերազմից եկա, «Հայֆիլմ»-ը գտա քանդուքարափ եղած վիճակում: 1997-98թթ.ն էր, այցելեցի այնտեղ, տեսա, որ միայն Ռուբեն Գեւորգյանցի զբաղեցրած հատվածն էր նորմալ վիճակում գտնվում (այնտեղ, որտեղ դոկումենտալ ֆիլմերի ստուդիան է): Իսկ տաղավարներից, պահեստներից սկսած` ահավոր վիճակում էր, ռեկվիզիտի մասին էլ չխոսեմ. թալանեցին: Հիմա, երբ ֆիլմեր նկարահանելիս ցանկանում ենք 50 տարով հետ գնալ, փշաքաղվում ենք. համապատասխան ռեկվիզիտ չունենք: Ձայնալուսային տեխնիկան, եղած ապարատուրան մաս-մաս քանդեցին ու տարան. ոչ ոք չմտածեց վաղվա օրվա մասին: Այնտեղ մենք արտասահմանյան օբյեկտիվներ ունեինք, որոնք այսօր նոր տեխնիկայի վրա շատ լավ կաշխատեին. ցավոք, դրանք էլ են փչացրել: Վերջին անգամ «Հայֆիլմ» չորս տարի առաջ եմ մտել, ահ ու սարսափով դուրս եմ եկել. ստուդիան փլատակ վիճակում էր, աղբանոցի մեջ: Դրա վերանորոգումը ահռելի գումարների հետ է կապված, իսկ պետությունն այդ քայլին չի գնա: Եթե ուզում եք իմանալ, ընդամենը «Հայֆիլմ»-ի անունը վերադարձվեց պետությանը: Եթե վերջինիս մնա շենքի վերականգնումը, հաջորդ հիսունամյակին նոր կլսենք դրա մասին: Այսօր «Հայֆիլմ»-ի վերականգնումն ավելի դժվար է լինելու, քան 1923-ին դրա ստեղծումը:
-Դուք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոյի ամբիոնում արվեստանոցի ղեկավար եք: Ի՞նչ եք կարծում` կինոօպերատորների ինչպիսի՞ նոր սերունդ է գալիս:
-Այսօր դասախոսների աշխատավարձը կախված է ուսանողների թվից. դրանով ամեն ինչ ավարտվում է: Ի՞նչ իրավունք ունենք արվեստի ինստիտուտում ընդունելու փողոցից եկած պատահական մարդու, որը, սակայն, փող ունի, եւ այդ գումարն է, որը պետք է տան դասախոսին: Տարեկան 200 ռեժիսոր, 200 օպերատոր ենք տալիս երկրին, ո՞ւր են գնում, որտե՞ղ են աշխատում նրանք, եթե այս փոքրիկ երկրում անգամ կինո չկա. ավելի լավ չէ՞ երեք մասնագետ ընդունել, որ հարսանիք նկարողներ դուրս չգան ինստիտուտից:
-Ինքներդ նշեցիք` հարկավոր է, որ հայ կինոն վերադառնա իր ակունքներին: Դրա համար մասնագիտական ի՞նչ դպրոց է պետք ստեղծել, այդ առումով մեզ ի՞նչն է պակասում:
-Պետք է կարողանալ կինոյում երկրորդ կազմ հասկացությունը վերականգնել: Կինոն միայն ռեժիսորը, բեմադրիչը չէ, որ ստեղծում են, առաջին կազմին զուգահեռ կա երկրորդ ռեժիսոր, ասիստենտ եւ այլն: Հիմա բեմադրիչն ամեն ինչ վերցնում է իր վրա, կինոտեխնիկ չունենք, լավ դիմահարդար չունենք, մի խոսքով` կազմակերպչական թիմ չունենք: Թատերականից դուրս եկած երեխեքը «երկրորդ սաստավ»-ում էլ չեն կարող ընդգրկվել, քանի որ պրակտիկ աշխատանքին ծանոթ չեն: Դրա համար պետք է դպրոց բացել: Կարծում եմ` մասնագիտական առումով սա գլխավոր նախապայման է: Իհարկե, բացի սա` կան էլի մի շարք խնդիրներ, որոնք ենթակա են լուծման…
ՔԻՉ Է` ՍՑԵՆԱՐԻՍՏՆ Է, ՆԱԵՎ` ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ
Համացանցում հայտնվել է նոր հեռուստանովելի անոնս, որի միջոցով տեղեկանում ենք` «Արմենիա» հեռուստաընկերությամբ մեկնարկում է նոր հեռուստասերիալ, որի սցենարիստը Դիանա Գրիգորյանն է: Ընդ որում, վերջինս չի բավարարվել «Առաջնորդները» կոչվող սերիալում սցենարիստի պարտականությունները ստանձնելով. նա նաեւ նկարահանվել է սերիալում:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ սկանդալային սցենարիստը հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհի, եւ, ինչպես երեւում է, վերջինիս դուր է եկել այդ աշխատանքը: Հաղորդավարուհին, իհարկե, էկրանին այդ ֆորմատով երեւալու իր ցանկությունը կարող էր բավարարել երկրորդական դերեր ստանձնելով, բայց ոչ. նրան բաժին է հասել հենց գլխավոր հերոսուհու կերպարը:
Անոնսից տեղեկանում ենք, որ սերիալում խաղում են հայտնի դերասաններ Ալբերտ Սաֆարյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արա Դեղտրիկյանը, Արտաշես Ալեքսանյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաղորդավարուհու խաղը համարում է ստացված, դերասանը շեշտեց, որ Դիանա Գրիգորյանը պրոֆեսիոնալ դերասանների հետ խաղալու փորձ ունի: «Նա խաղացել է նաեւ «Ճակատագրի գերիներ»-ում` հանդես գալով իմ հերոսի դստեր կերպարում, այն, ինչ ես տեսել եմ, ինձ գոհացնում է»,-ասաց դերասանը:
Պետք է նկատել, որ պրոֆեսիոնալների հետ նկարահանվելը մի բան է, պրոֆեսիոնալ որակներով օժտված լինելը` բոլորովին այլ: Մեր այս դիտարկմանը Արա Դեղտրիկյանը չցանկացավ անդրադառնալ. «Կներեք, եկեք՝ հիմա ես ոչ մի բան չասեմ»:
Պարադոքսալ մի իրավիճակ է ստացվում. վաստակավորներն ամենատարբեր առիթներով քննադատում են բոլոր այն սերիալները, որոնցում ընդգրկված են մասնագիտությամբ ոչ դերասաններ, ոչ պրոֆեսիոնալներ, իսկ հետո իրենք դառնում են նրանց գործընկերները:
Մենք փորձեցինք սերիալում իր դերակատարության վերաբերյալ զրուցել նաեւ Դիանա Գրիգորյանի հետ, սակայն նա նշեց, որ շատ զբաղված է եւ ժամանակ չունի:
Սերիալի մեկ րոպեանոց անոնսում արդեն տեսնում ենք բռնության, սպանության դաժան տեսարաններ, եւ անզեն աչքով ճանաչելի է «Դժվար ապրուստ», «Դժբախտ երջանկություն», «Հարազատ թշնամի» եւ մի շարք այլ սերիալների սցենարիստի ձեռագիրը:
Սերիալի անոնսից պարզ է դառնում նաեւ, որ այն նկարահանվել է բավական բազմազան վայրերում, այսպես ասած` չորս պատերի ներսում նկարահանված սերիալ չէ, եւ դրա վրա, ըստ էության, բավական մեծ գումարներ են ծախսվել: Անոնսի միջոցով հեռուստադիտողին խոստանում են, որ «Առաջնորդները» կդառնա վերջին ժամանակների հայկական ամենառեյտինգային սերիալը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՇԵԼ Է 70-ԱՄՅԱԿԸ
Ռուսական էստրադայի արտիստ, գրող-երգիծաբան Եվգենի Պետրոսյանը (Պետրոսյանց) սեպտեմբերի 16-ին նշել է ծննդյան 70-ամյակը։ Նշենք, որ Արտիստը ծնվել է 1945թ. սեպտեմբերի 16-ին Բաքվում:
1961-ին նա տեղափոխվել է Մոսկվա, շարունակել կրթությունը։ 1962-ին կայացել է Պետրոսյանի առաջին ելույթը պրոֆեսիոնալ բեմում՝ որպես հաղորդավար։ Երկու տարի անց նա սկսել է ուղիղ եթերում վարել հայտնի «թՏսցոՏռ ՏչՏվպՍ» հաղորդումը։ Նա նաեւ հորինել եւ վարել է «Հումորի երեկոները» Օստանկինոյի համերգասրահում։
Պետրոսյանը մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից առաջինը լույս է տեսել 1994-ին։
1991-ին նրան շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում։
ՆՈՐ ԱԼԲՈՄ ԿԱԱՍԻՑ
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Պատրիսիա Կաասն աշխատում է նոր՝ թվով տասներորդ ալբոմի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը, հայտնել է նրա Warner France ձայնագրող ընկերությունը: Նշենք, որ այդ նորույթին վաղուց էին սպասում նրա տաղանդի երկրպագուները. Կաասը նոր երգերի ալբոմներ չի թողարկել 2003 թվականից: Վերջին տասնամյակում նա կատարում էր հիմնականում ուրիշների երգացանկը: Կաասի նոր խտասկավառակի թողարկումը պլանավորված է 2016 թվականին: Հայտնի երգչուհին, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ այսօր ինքը ցանկանում է, ինչպես հին բարի ժամանակներում, ստեղծել նոր երգերի ալբոմ, որոնք համահունչ կլինեն իր տրամադրությանը եւ կյանքի նկատմամբ վերաբերմունքին: «Ես հանրաճանաչ երգչուհի եմ եւ հպարտանում եմ դրանով»,-հավելել է Պատրիսիան:
ՆՈՐ ՄԱՈՒԳԼԻ
Disney ընկերության Youtube-ի ալիքում ներկայացվել է բրիտանացի գրող Ռ. Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմի նոր անոնսը։
Ջունգլիներում ապրող տղայի՝ Մաուգլիի դերակատար, 10-ամյա Նիլին ընտրել են միջազգային քասթինգի արդյունքում:
Ֆիլմում լուսան Բագիրային կրկնօրինակել է Բեն Քինգսլին, գայլին՝ Լուպիտա Նիոնգոն, իսկ Կաա օձին՝ Սքարլեթ Յոհանսոնը:
Նշենք, որ «Ջունգլիների գիրքը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016-ի ապրիլի 15-ին։