Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի: Սա նորընտիր Պատրիարքի առաջին այցելությունն էր Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքը բերեց Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքին ընտրության ու գահակալության առիթով` մաղթելով նրան արգասավոր ծառայություն:

Իր խոսքում Նորին Սրբությունը գնահատանքով ընգծեց, որ վերջին տարիներին Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերությունները վերելք են ապրում և հատկանշված են սերտ համագործակցությամբ:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ հիշեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագի արարողությունը և Պապի կողմից հնչեցված ուղերձը` միտված մարդկության կյանքում նորանոր ոճիրների և ցեղասպանությունների կանխարգելմանը: Նորին Սրբությունը հաստատեց, որ համաշխարհային զարգացումների արդի պայմաններում Եկեղեցիներն արդարության ճանապարհ կարող են հարթել միմիայն համատեղ ջանքերով, փոխադարձ աջակցությամբ և աղոթքով:

Իր հերթին Հայ Կաթողիկե Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր ընտրության առիթով հղված շնորհավորական ուղերձի և մաղթանքների համար: Զրույցի ընթացքում Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքը նշեց, որ պիտի ջանա ուժերի ներածին չափով իր հոգևոր փորձառությունը ծառայեցնել ի շահ իր հոտի, ինչպես նաև զորացնել հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:




Լրահոս